Читать онлайн
Պատմվածքներ

Нет отзывов
Մուրացան
Պատմվածքներ

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Ա

Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն – երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:

Քաղաքի մի ետ ընկած փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցից աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից, շատ զարմացավ, երբ ոսկերիչ Գրիգորի ճրագը վառ գտավ: Սա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ախ, աստված, դարձյալ ծեծում»:

Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոչերից մեկը և նրանով սկսավ ամուր – ամուր բախել դուռը:

Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:

– Մանիշա՛կ, այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, – եղավ պառավի առաջին հարցը:

Մանիշակը հեկեկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատասխանել:

– Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:

– Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, – պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղճ աղջկա ձայնը:

Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:

– Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնած ես, – հարցրավ նա: