Читать онлайн
Անմեղ զրույցներ

Нет отзывов
Մուրացան
Անմեղ զրույցներ

ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Ա

Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.

– Ողորմի աստված:

– Հա՛ , ի՞նչ ունիս, բարի լինի գալդ, – հարցրի ես ժպտալով:

– Բարի չելած ի՞նչ պտի լինի, աստված չարը քո թշնամուն տա, – պատասխանեց Պետրոսը ծանրությամբ, ապա մեծկակ քոշերը մի քանի անգամ դրսի հատակին զարկելով, ազատեց նրանցից ահագին ոտքերը և մորթե գդակը կռան տակն առնելով, ներս մտավ սենյակ:

– Ախպեր, էս անտեր ցեխն ու ձյունը չեն թողնում, որ աչք բանանք. քոշերս հլե նոր եմ առել, երեկ չէ, մեկել օրը, սկի երկու ամիս չկա. ամա էլի ծակվել ա, գուլպաներս դիփ թաց են ըլել… – այս խոսքերով առաջ անցավ ժամկոչը` հառելով աչքերը մորս կողմի վրա, որ սեղանի առաջ նստած թեյ էր լցնում բաժակները:

– Ա՛յ չմեռնես դու, հմի պոլերը կեղտոտել ես, ոտներդ, որ թաց են, ընչի՞ չես սրբում հետո մտնում, – նկատեց մայրս ժամկոչին:

– Չէ՛, Շուղի-հաքիր, մեղք մ’անիլ, պոլը չեմ կոխել. չտեսա՞ր ոնց ոտիս մեկը շեմքումը դրի` մեկելը փահլվանի նման ադըմ արի, խալիչի վրա դրի՞:

– Ա՛ մեռած, խալիչան չի՞ կեղտոտվիլ:

– Խալիչի բանն ուրիշ ա, կեղտը վրան չի երևում, – առարկեց Պետրոսը:

– Լավ, կարճ կապիր, ինչի՞ համար ես եկել, – հարցրի ես: