Читать онлайн
Գթության քույրեր

Нет отзывов
Մուրացան
Գթության քույրեր

1

Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները:

Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին:

Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ: Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից: Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով:

Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին` ասաց.

– Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու:

– Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել, – նկատեց ռուսը:

– Ուրեմն ավարտել, – հարեց լեհացին:

– Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ` ասաց. – սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ:

– Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք, – հարեցի ես:

– Օ՛հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ, – ասաց ռուսը ծիծաղելով. – բայց խնդիրն այն է` որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք: