(Հատվածներ անավարտ վեպից)
1914 թվի գարնան մի օր առավոտյան ժամր 10-ն էր, որ ծխախոտի գո՛րծարանատեր և բանկի դիրեկտոր Խանբեգյանը, լողարանից նոր ելած, խալաթը հագին, թարմ ու առույգ մտավ սեղանատուն: Մոտ վաթսուն տարեկան բարձրահասակ, բարեկազմ մարդ էր սպիտակ մազերով և խոշոր աչքերի վերև երկու երկարաձիգ տզրուկի պես ձգված սև ու խիտ հոնքերով:
Սեղանատանը ոչ ոք չկար: Արծաթյա ինքնաեռը, սեղանի ծայրին պպզած, ինչ-որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի: Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ: Կինն այդ կողմից չափազանց կարգապահ էր, մաքրասեր և խստապահանջ, և նրա մահից հետո էր, որ այդ անկարգությունը մտել էր նրա տուն, որովհետև չկար այլևս մի եռանդուն, խնամոտ ձեռք, որ ամեն բան կարգադրեր, մաքրեր, տեղավորեր, հին դայակը, որ ջահել հասակից այդ տանն էր մեծացել, արդեն շատ էր պառավել և չէր կարողանում ամեն բանի հասնել, իսկ աղախինը, ծույլ լինելով, ավելի ևս ծուլացել էր տանտիկնոջ մահից հետո և առանց հրամանի ոչնչի չէր ուզում ձեռք տալ: Խանբեգյանը պահում էր նրւն միայն իր հավատարմության համար և վախենում էր նոր աղախին վարձել, որ գողություն չանի:
– Խոզեր, կատարյալ խոզեր, – քրթմնջաց Խանբեգյանը որդու և աղջկա հասցեին, մի հրացայտ հայացք ձգելով սեղանի վրա, որի երեսը մի կատարյալ բաբելոնյան խառնակություն էր ներկայացնում, – բաժակ, ափսե, գդալ դանակ, պատառաքաղ, կծած հացի կտորներ, մատիտ, տետրակ, դասագիրք, լրագիր և հայտնի չէ, թե թեյի սեղանի հետ ի՛նչ կապ ունեցող ծամկալներ ու սանրեր, երեսի փոշու տուփ ու բամբակ և օծանելիքի մի սրվակ թափված էին իրար մեջ խառնիխուռն, ցաք ու ցրիվ սփռոցը ամբողջովին ծածկված էր հացի ու պանրի փշրանքով. մի տեղ թերխաշ ձվի կաթիլներ էին թափել, մի տեղ էլ թեյ էին շուռ տվել, որից սպիտակ սփռոցի այդ մասն ամբողջովին դեղնել էր:
– Ո՛ւ, խոզե՛ր, խոզե՛ր, – արտասանեց Խանբեգյանն այս անգամ բարձրաձայն, որպես թե այդ խոզության հեղինակները նստած լինեին սեղանի մոտ, և բարկությունից մինչև անգամ կրճտացրեց ատամները:
Սեղանի անկարգությունը դիտելուց հետո նա ձեռքի ափը դրեց ինքնաեռի փորի վրա և տեսավ, որ բոլորովին սառն է: Հանկարծ կատաղության այնպիսի պոռթկում զգաց կրծքի մեջ, որ քիչ մնաց բռունցքով տար և ինքնաեռը գլորեր հատակի վրա: Կատաղությամբ լի աչքերը փայլեցնելով, նա վրա ընկավ լամպի տակ հարմարեցրած էլեկտրական զանգակի կոճակին և սեղմեց ավելի ամուր ու ավելի երկար, քան պետք էր: Ու, սպասելով աղախնուն, սկսեց ջղային քայլվածքով անցուդարձ անել սենյակում, անդադար ցնցվելով զսպած կատաղությունից և ակամա հայհոյանքի բառեր թռցնելով բերնից:
Սակայն աղախինն ուշանում էր:
Խանբեգյանի կատաղությունը գագաթնակետին հասավ: Ձեռքերով ու ոտներով դես-դեն շպրտելով իր ճանապարհը կտրող աթոռները, եփած խեցգետնի պես կարմրատակած, նորից վեր ընկավ էլեկտրական զանգակի կոճակին և սկսեց սեղմել առաջվանից էլ ավելի ամուր ու երկարատև, միևնույն ժամանակ գոռալով այնպիսի բարձր, խռպոտ ու երկարատև ձայնով, որ կարծես մորթելիս լինեն.
– Դունյա՛… Դունյաա՛… Դունյաա՛… Դունյաշաա՛…
Աղախինը, – թխլիկ այտերով, կապույտ աչքերով, շեկ մազերով տասը-տասնհինգ տարեկան մի աղջիկ, – ներս պրծավ վախից սփրթնած, երևի կարծելով, թե պարոնն օգնություն է կանչում: