Որչափ ալ բժիշկները վկայած ըլլան, թե ծիծաղն շատ օգտակար է մարսողության, Լիկուրգոս ծաղու աստվածներու արձաններ դնել տված ըլլա սեղանատուներու մեջ և վերջապես Պղուտարքոս կերակուրներու առաջին համեմն կոչած ըլլա զայն, մենք, այս հրատարակությունն ընելով, երբեք նպատակ ունեցած չենք ոչ փափուկ ստամոքսի տեր ընթերցողներուն մարսողությանը ծառայել և ոչ ալ քիչ կերակուր ուտողներուն ախորժակը բանալ, եթե երբեք գործս պիտի հաջողի քանի մը ժպիտ քաղել յուր ընթերցողներեն:
Մենք այս հրատարակությամբ աշխատած ենք մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով` անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի` առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն:
Կը համարձակինք ըսելու, որ զոք վիրավորել ուզած ենք և ներկայացուցած ենք անձերն այնպես, ինչպես որ են և ոչ թե ինչպես որ կուզեն իրենք և եթե ընթերցողն տեղ տեղ ծանր կետերու հանդիպի` անոնց պատասխանատուն մենք չենք, ո՞ր հայելին գաճաճն Աքիլլես կանդրադարձնե, ո՞ր լեռն սուրբը սատանա կը կրկնե:
Կը խոստովանինք, որ ծննդյան թվականներուն մասին պետք եղած ճշմարտությունը չկրցինք պահել, վասն զի օրինավոր տոմարներու պակասության պատճառավ քառասուն տարիքն անցած մարդ չգտանք և ստիպվեցանք անոնց յուրքանչյուրին տալ այն տարիքն, զոր ունենալ կը թվին:
Հուսալով, որ ընթերցողն ներողամիտ ոգով պիտի նայի գործույս թերություններուն` մենք ինքզինքնիս վարձատրված պիտի համարինք, երբ տեսնինք, որ մեր աշխատությունն յուր նպատակի հասած է:
Հ. Հ. Պ.
Խորեն եպիսկոպոս, աստվածաբան, կատակերգակ, ազգային երեսփոխան, բանաստեղծ, 1861-ին Գալֆայան, 1870-ին Նար-Պեյ, 1879-ին Լուսինյան – մինչև նոր տնօրենություն – ծնավ Կ. Պոլիս Սամաթիո թաղին մեջ 1841թվականին: Ծնավ գիշերը երեք տեղ հրդեհ պատահեցավ. Արնավուտ-գեղ, Ախրգաբու և Գասըմբաշա:
Խորեն չուշացավ հայտնել, թե յուր ծնունդովն բանաստեղծ մ’ալ ավելցավ ազգին և ոչ թե փորձանք, ինչպես կը գուշակեին քանի մը հեռատես մարդեր. վասն զի երբ մանկաբարձն անոր ոտներուն վրա դիտողություն կըներ, տասն և վեցոտյան ոտանավորներն միշտ այսպես կը վերջանան, պատասխանեց երախա բանաստեղծն, որ ազգային քերթող պիտի հորջորջվեր օր մը մեր ազգային համբակ… սափրիչներեն: Ութ օր վերջը կատարվեցավ յուր մկրտության հանդեսը: Կնքահայրն Ամբակում դրավ անոր անունը, սակայն երախան տուն երթալուն պես փոխեց զայն ու Խորեն դրավ:
Նախազգացմամբ գուշակեց կարծես, թե ձեռք պիտի քաշեր օր մը այս աշխարհիս վաղանցուկ հաճույքներեն, թե յուր կյանքն Աստուծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար: Ուստի, օր մը աչքերն վեր առնելով կնկան մը երես չէր նայեր… բազմության մեջ, փութանք ավելցնել, թե մեկե մը տեսնվելու կասկած կամ երկյուղ չունեցած ատենն ալ չէր նայեր կիներու… եթե ծեր ըլլային. և հետևապես, կուսակրոն ըլլալու համար ամեն տրամադրություն ուներ: Հազիվ չորս տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղեր կը խաղար, նման այն խաղերուն, զորս երբեմն խաղալու չմոռնար: Աթոռի մը վրա բազմելով քարոզ խոսելու համար մեծ փափաք ուներ, իսկ երբ այդ աթոռը պատրիարքական ըլլար` հոգին կուտար:
Հայրը տեսնելով, որ տղան վարդապետ ըլլալու սիրով կը տոչորի, ինչպես որ նույն սիրով կը տոչորին միշտ յոթը տարու տղաներեն ոմանք, որոշեց Վենետիկի վանքը ղրկել զինք. և քիչ ատենեն այս որոշումը գործադրեց առագաստավոր նավու մը հանձնելով յուր զավակն 1847-ին: Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, հայտնեց թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը, որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը: Մեծ դժվարություն կրեցին համոզելու համար վանահայրն թե աղջիկ չէր իրեն ներկայացվողը: Երկրորդ օրը վանքին դպրոցը ղրկվեցավ Խորեն, ուր քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց այն ամեն գիտություններու մեջ, որոնց շնորհիվ մարդս կը հաջողի սիրելի ընել զինք ռամիկներու: Մեր պաշտոնին հավատարիմ մնալու համար պարտավոր ենք հոս հիշել, որ այն ատեն որչափ սրամիտ, նույնչափ ալ խառնակիչ էր Խորեն: Վանահոր ականջներն ալ խուլցած ըլլալով այն տրտունջներեն, զորս Խորենի դեմ կընեին յուր դասընկերները, որոշվեցավ, որ ի պատիժ յուր անվայել վարքին, վարդապետ ձեռնադրվի: Այս ըլլալու էր խելոք չկեցող աշակերտներուն համար վանքին սահմանած պատիժը:
Վանքին մեջ քանի մը տարիներ վարդապետություն ընելեն ետքը, սենյակ մը քաշվելով քարոզ տալու վարժություն ընելեն ետքը – զգաց թե վանքը խիստ անձուկ ասպարեզ մ’էր համեմատորեն յուր ընդարձակ հմտություններուն` որովք օր մը փայլ պիտի առներ յուր անունն պճնասիրության աշխարհին մեջ: Փափաքեցավ անանկ ընդարձակ ասպարեզ մ’ընտրել, որուն մեջ կարող ըլլար ընդարձակորեն ծառայել Աստուծո: Այս փափաքն գոհացնելու համար երկու ոտքով ցատկեց, մեր ազգային պատրիարքարանն ինկավ: Հիշելու բարեբախտությունը չունինք այն թվականն` ուր Խորեն Էջմիածնա հպատակեցավ սակայն լավ հիշելու դժբախտություն ունինք,թե այս թվականեն ի վեր է, որ մեր կուսակրոնները ամեն պարզություն մեկդի դնելով` կիներու պես հագվիլ, սգվիլ և կոտրտվիլ սկսան… աղեկ ծառայություն ընելու համար:
Այն ժամանակները մայրաքաղաքիս հարուստներեն ոմանք իրենց ձիերուն ապագա պատրաստելու նպատակավ անոնց համար հոյակապ ախոռներ կառուցանելեն ետքը` իրենց զավակներուն համար ալ դպրոց մը շինելու գաղափարն հղացան. բայց որովհետև Կ.Պոլսո մեջ դպրոցի համար տեղ մը գտնելն անկարելի էր, որոշեցին որ Բարիզի մեջ բանան այս դպրոցն` որուն մեջ պիտի դաստիարակվեին իրենց զավակներն, և թերևս, իրենց ձիերն ալ, եթե հոս գործ չունենային: Իրենց այս որոշումին ծնունդ տվին Բարիզի մեջ դպրոց մը շինելով… ավազի վրա: Այս դպրոցին, որու անուն Հայկազյան, տնօրեններն եղան 1856-ին հռոմեականությունե հայոց եկեղեցին դարձած, կամ լավ ևս, գերութենե ազատություն դարձած երեք վարդապետներն, որոնց հարեցավ նաև վերջեն Խորեն եպիսկոպոս: Հիշյալ տնօրեններն եթե բան մը չսորվեցուցին աշակերտներուն, որոնք երբ մայրաքաղաքս դարձան բան մը չսորվելեն զատ, հայերեն լեզուն ալ կորսուած էին, գոնե սա սորվեցուցին ազգին թե` շատ լավ բան է իրավունք և պարտք ճանաչելն: Այս սկզբունքը մեզի սովորցնելեն ետքը մաքուր սրտով, հանդարտ խղճով հարյուր հազար ֆրանկի պարտ թողլով, դպրոցին դռները գոցեցին: Խորեն եպիսկոպոս ամենեն ավելի օգուտ քաղեց այդ դպրոցեն. մեծ քայլեր առավ հոն դեպի Պառնասա գագաթ. հոն կատարելագործեց մուսաներու արվեստը: Սա ինքն է որ, յուր վկայությանը նայելով, երկու ամիս աշխատելեն ետքը հետևյալ գյուտն ըրավ.
Զյուր անվան կոչ գիտե՞ս – ոհ, ոչ:
Թեպետև պատմաբաններեն ոմանք Հոմերոսի կընծայեն այս երևելի գյուտն, որ ժամանակագրությունք երևելի անցիցին կարգը գրվելու մոռցված է դժբախտաբար, սակայն մենք պնդելով կը պնդենք, որ այս գյուտին փառքը Խորենի միայն կը պատկանի: Քաջ գիտենք, որ Խորեն եպիսկոպոս այս գյուտն ընելեն անմիջապես ետքը հևալով կը վազե եղբորը և անոր կիմացնե: Եղբայրն նախ չուզեր հավատալ, ասանկ գյուտի մը գյուտն անհնար կը թվի իրեն, բայց վերջապես կը համոզվի և եղբորը փաթտվելով. Խորեն, կըսե, մեծ ծառայություն ըրիր ազգին այդ գյուտովդ. ազգը պարտավոր է երախտագետ մնալ քեզ համենայն ավուրս կենաց յուրոց: Արդարև այդ գյուտը մեր ազգի համար ավելի մեծ նշանակություն ունի քան գյուտ նշխարացը, և կը զարմանանք թե ինչու այդ գյուտին օրը կիրակի չեն բռներ… բանաստեղծները:
Հայկազյան դպրոցին փակումեն ետքը Կ.Պոլիս դարձավ Խորեն: Քանի մը ատեն հոն մնալեն ետքը դասախոսության պաշտոնով Թեոդոսիո Խալիպյան ուսումնարանը մտավ, ուր առավոտե մինչև երեկո դասախոսություն կըներ խմբագրության, պարապելով թերթի մը` որուն անունը կամ Մասյաց աղավնի կամ Պոլսո աղավնի: Աշակերտներն ալ իրենց վարժապետին հանգ կրելով կզբաղեին, որպեսզի հայրենասիրական եռանդուն քերթվածներ շինե ազգին:
Չհասկցվեցավ թե որ գիտության կամ ուսման մեջ հառաջ գացին հիշյալ վարժարանի աշակերտները, միայն սա հայտնվեցավ, որ երբ այդ աշակերտներն իրենց քաղաքները վերադարձան, պատուհաններուն առջևեն չէին հեռանար, փողոցեն անցնող աղջիկներն դիտելու համար: Կը հրաժարինք մանրամասնորեն պատմելե այն կյանքն, զոր վարեց Խորեն Թեոդոսիո մեջ, այո, կը հրաժարվինք, որովհետև դժբախտությունն այն եղանակավ հալածեց զինք Թեոդոսիո մեջ, ինչ եղանակով որ կը հալածե մեկն յուր սպասավորն, որ տան տիկնոջ աչք կը տնկե: Կրոնավոր մը այսչափ հալածվելու չէր… կրոնավորե մը: Եվ միթե հալածումը հաջողեցա՞վ անոր սկզբունքն փոխելու. բնավ երբեք. այլ, ընդհակառակն, ավելի ևս քաջալերեց զայն յուր սկզբունքին մեջ: Սկզբունքը, կըսե Աղեքսանդր Տյումայի որդին, բևեռներու կը նմանին, որչափ զարնես անոնց գլխուն` նույնչափ ավելի կը հաստատվին: