Կովկասյան նահանգի մի գավառաքաղաքի մեջ բնակվում էր Հացի-Գելենց Օհանեսի որդի Ղաղո անունով հարուստ վաճառականը: Նրա ծնողքը, մեռնելով խոլերայից, թողեցին միակ զավակը, փոքրիկ Ղաղոյին, մանկական հասակում, բոլորովին անխնամ և հետին աղքատության մեջ: Փոքրիկ Ղաղոն օրական հացի կարոտ չմնալու համար, իրանց թաղի ծխատեր քահանա տեր – Մարուքի բա րերարությամբ, հանձնվեցավ իբրև աշկերտ մրգավաճառ Պաճո – Սոսիկոյի մոտ, ուր նրա պաշտոնն այն էր՝ հսկել խանութի դռանը, կանաչեղենի վրա ջուր սրսկել, խնձորների փոշին սրբել, վաճառողներ հրավիրել և երբեմն անցնող մի ջհուտի ետևից թաքուն քարշ տալ աղվեսի պոչ, հետո հա՜յ, հո՜յ աղաղակ բարձրացնել, ծափ տալ և յուր վարպետին ծիծաղեցնել:
Փոքրիկ Ղաղոն առողջ և վստահ երեխա էր, նրա բնական ճարպկությունը առիթ տվավ մի քայլ հառաջադիմության նրա գործունեության մեջ, երբ յուր տասնուչորս տարեկան հասակում եղավ նա կատարյալ կինտո: Նա թեև հրաժարվել էր յուր վարպետից, բայց այնքան վարկ և համարում ստացել էր բոլոր մրգավաճառների մոտ, մինչ նա ամեն օր կարողանում էր անվճար գնել նրանցից ամենայն տեսակ մրգեղեններ, և լցնելով յուր ահագին տաշտը, գլխի վրա դնել, և կշեռքը ուսից քարշ տված, յուր մթերքը քաղաքի շուկաներում և փողոցներում պտտացնել, զանազան լեզուներով բարձրաձայն գոռալ մրգեղենների անունները, գովասանություններ եղանակել և գնորդներ հրապուրել:
Կինտո Ղաղոն ծանոթ էր բոլոր մրգասեր հասարակությանը: Նրա գռռալու ձայնը այն աստիճան քաղաքականություն էր ստացել, մինչ նա շուկաներում երբ յուր խռպոտ և ձգական ներդաշնակությամբ եղանակում էր՝ «հա՜յ ճանճուրի հե՛», այդ բավական էր մի քանի րոպեում դուրս ածել մրգասեր երեխաների խումբը, որոնք ամենայն հոժարությամբ իրանց կոպեկները նրա տաշտի մեջ ձգելով, մի քանի խնձոր կամ տանձ առնելով, ուրախությամբ կրկին դեպի տուն էին վազում:
Այդ հաջողականությունը կինտոյի գործունեության մեջ այն հետևանքն ունեցավ, որ նա ժառանգեց յուր սիրելի վաճառքի անունը, այնպես որ ամեն երեխա, նրա ծանոթ ձայնը լսելով, իսկույն երևակայում էր Ղաղոյին, ահագին բարեբեր տաշտը գլխի վրա, և հրճվելով ասում էր՝ «Ճանճուրը» եկավ:
Եվ այդպիսով Ղաղոն սկսավ կոչվել Ճանճուր:
Ավելորդ եմ համարում մանրամասնաբար պատմել, թե ինչ ճանապարհներով Հացի – Գելի տղան, կամ լավ է ևս ասել, Ճանճուրը բարձրացավ մինչև յուր հարստության վերին աստիճանը: Այսքանը միայն հարկավոր է հիշել, որ նա յուր տասնվեց տարեկան հասակում թողեց մրգավաճառությունը և չգիտեմ ի՞նչ բախտով բազազխանայի աշկերտ դարձավ. այնտեղ սրամիտ կինտոն ոչ միայն կարճ ժամանակում կրթվեցավ առևտուրի արհեստում, այլ, մի քանի հարյուր մանեթ իր ձեռքն ձգելով, յուր համար փոքրիկ բազազի խանութ բաց արավ, կարճ միջոցում նա ընդարձակեց յուր վաճառականկան ասպարեզը և մեծակշիռ վարկ ստացավ:
Իսկ անհավատարիմ բախտը, որ առաջ այնպես սիրելությամբ ժպտում էր նրա երեսին, խղճալի Ճանճուրին ևս հասցրեց յուր ծանրագին հարվածը: Մի գիշեր հանկարծակի հրդեհով այրվեցավ նրա խանութը, և նրա բազմամյա քրտինքի և աշխատության պտուղներն մի քանի րոպեում անգութ կրակին զոհ դարձան: Ճանճուրը մնաց դարձյալ խեղճ և աղքատ:
Ավելորդ է խորամուխ լինել այն մթին գաղտնիքների մեջ, ուշադրություն դարձնելով չարախնդաց հասարակության բամբասանքներին, որոնցից ոմանք ասում էին՝ «հարամ փուղի վիրչն միշտ էտենց կուլի), և ոմանք՝ թե ինքը Ճանճուրը դիտմամբ յուր խանութը հրդեհել է և այլն: Միայն նրա բարեսիրտ պարտատերերն, «աստծու բանն է» ասելով, խիստ ներողամտությամբ վարվեցան այդ դժբախտի հետ և, թումանին չորս ապասի ստանալով, ազատեցին նրան բոլոր պարտականություններից:
Այդ դժբախտությունը չստիպեց Ճանճուրին ընդերկար ձգել յուր աղքատության լուծը. նա շուտով եղավ գործակատար մի երևելի կապալառուի մոտ և, քանի տարի ծառայելուց հետո, ինքն սկսավ պարապել փոքրիկ կապալներով, և հետզհետե ընդլայնելով յուր գործունեության շրջանը, նա յուր քառասուն տարեկան հասակից սկսած հազարների հետ էր խաղում մինչև յուր հիսունամյա հասակը, երբ հանդիպում ենք նրան մեր վիպասանության մեջ:
Այժմ նա յուր կինտոյի արհեստով ժառանգած Ճանճուր մականունը կցելով յուր հոր՝ Օհանեսի անվան հետ, կոչվում է «Թիֆլիսի պատվավոր քաղաքացի Ճանճուր Իվանիչ»: Այդ անունով ևս մենք պարտավորվում ենք նրան ծանոթացնեք մեր ընթերցողներին: