Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:
Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:
Փողոցի մյուս ծայրից երևեցավ պառավ Մաքթաղը, ձեռին բռնած մի քանի հատ մոմ: նա յուր հետ բերում էր յուր ջուխտակ թոռնիկներն, որոնց ամեն մինը նույնպես բռնած ունեին մի՜մի հատ փոքրիկ մոմեր:
– Ու՞ր ես էդենց շտապով գնում, Մաքթաղ շան, – հարցրուց նրանից Շուշանը, լագանը դնելով գետին:
– Փեթխաինն իմ գնում, Շուշան ջան, օղորմած կենա, գնում, իմ համբուրելու, – պատասխանեց Մաքթաղը ջերմեռանդությամբ:
– Էրնե՜կ քիզ, Մաքթաղ, վուր վուխտ ունիս համբուրելու, ես կի՜ մեր սուրբ Մինասն էլ չիմ կանացի գնա:
Վերջին խոսքը չդուր եկավ Մաքթաղին, և նա զարմանալով հարցրուց. – Ի՞նչի, քա՜: Գանա կիրակնամուտ գիշերին էլ յի՞տ կու նընկնին ժամիցը:
– Է՞հ, ինչ անիմ, Մաքթաղ շան, խղճութինը դժա՜ր բան է, – հոգոց հանելով պատասխանեց Շուշանը: – Էսօր առուտեմեն կցած մատնիրս տրորվեցան շատ լվացք անելեմեն: Իմ Նատոն էլ ջիր չի պռծի ութո քսելը:
Լսելով Նատոյի անունը, մի նոր միտք ծագեց Մաքթաղի գլխում: Նա փոխեց յուր խոսքը:
– Լավ արիր, վուր միտս բերիր, ասա՜, թե քու աստուծը կու սիրիս, ո՞վ է էն ջհել տղեն, վուր չուստ՜չուստ ձիր տունն է գալիս: