Մի հին ավանդություն հաղորդում է հետևյալ առասպելը.
Ատրպատականի հայաբնակ գյուղերից մինի մեջ, Զարեհավան նահանգում, վաղուց արդեն բնակվում էր ծերունի Հովասաբը, բարի և երկյուղած հայ-քրիստոնյա մարդը, որ Ծաղկավանում հյուրասեր շինականներից մեկն էր՝ հարուստ յուր մի քանի օրավար հողերով, խաղողաբեր այգիով և արհեստական անտառով: Նրա ոչխարների հոտը և ձիերի ու մատակների երամակը արածում էին յուր սեփական արոտամարգերում: Նրա ծանր և մեծ գութանը, նրա արծաթափայլ արորը ձգում էին յուր զորեղ գոմեշները, գեր ու պարարտ եզները:
Աստված քաղցր աչքով էր նայում այդ առաքինի ծերունու վրա, և նրա օրհնյալ գերդաստանը վայելում էին լի ուրախությամբ երջանիկ օրեր: Բայց մի չար բախտով, հանկարծ մի փորձանք պատահեցավ նրա մատակներին. ամբողջ երամակը, գժված, կատաղած, օրերով վազվզում էին դաշտերում, մի րոպե ևս հանգիստ չգտնելով արածելու: Երկյուղած ծերունին, համարելով այդ փորձանքը աստծու մի առանձին պատիժը, իսկույն սրբերի բարեխոսություններին դիմեց, մատաղ կտրելով, աղքատներին հաց բաժանելով և քահանաներին առատ փող բաշխելով, խնդրեց, որ պատարագ մատուցանեն եկեղեցուն և յուր կատաղած անասունների համար աղոթեն տիրոջ սեղանի վրա:
Բայց հնարք չեղավ: Պարոն Հովասաբը՝ ճարահատյալ սկսավ գործ դնել կախարդական զորություններ: Նա լսել էր յուր ծերունի պապիկից և յուր պառավ մամիկից, թե շատ անգամ փոքրիկ դևիկները չափազանց սեր ունին նստել ձիերի և մատակների վրա ու աներևութաբար վազ տալ դաշտերում: Գուցե այդ ասածի հիման վրա, պարոն Հովասաբի երամակը, գծված, սասանված, փախչում էին արոտների մեջ, տռտիկ տալիս, քացի գցում և ծլունկ լինում:
Այդ պատճառով, նա իմաստուն դերվիշներին մի քանի թիլիսմայական թղթեր գրել տվեց, և կաշու մեջ կարել տալով, կախեց յուր անասունների վզից: Թեպետ մի փոքր թեթևացավ նրանց առաջին հուզմունքը և վրդովմունքը, բայց մատակները ոչ բոլորովին հանգիստ էին: Վերջապես ծերունին մի ղարաչի վհուկ կնոջ խորհրդով գտավ մի հնար, որով ոչ միայն կարողացավ բոլորովին հանգստացնել յուր չորքոտանիները, այլև որսաց չար դևիկներից մինը: Նա թամբում է յուր արաբական մատակներից մինը կարմիր և խայտաճամուկ համետով, նրա նստատեղը օծում է ձյութով, որի վրա շարում է պողովատի ասեղներ, կարթաձև ծայրերով, և այդպես թողնում է մատակը արոտների մեջ արածելու: Դևերը, իրանց ամենօրյա սովորության պես, գալիս են իրանց դիվական խաղն խաղալու: Մի մանուկ աղջիկ-դևիկ, տեսնելով փառավոր թամբած ձին, իսկույն թռչում, նստում է նրա վրա և սկսում է վազեցնել դաշտերի մեջ: Բայց խղճալի չէ զգում, որ յուր մարմինը շատ ամուր կերպով կպել էր ձյութին, և ասեղները, շարվելով նրա հալավների վրա, իսկույն երևան էին կացուցել դևիկը1:
Պարոն Հովասաբը շուտով վրա է հասնում: Դևը որքան աշխատում է, չէ կարողանում պոկ գալ ձյութից: Պարոն Հովասաբը բռնում է ոգին, և անցկացնելով նրա վիզը պողովատի օղամանյակ, ամրացնում է առջևից կողպեքով, և նրա ականջներից քարշ տալով նույնպես պողովատի փոքրիկ օղակներ, յուր որսը տուն է տանում:
Գեղեցիկ էր փոքրիկ դևիկը յուր մատաղ հասակում. նրա կերպարանքը բոլորովին նման էր ադամորդիներին. միմիայն նա ուներ յուր հետևում խոզի պոչի նման մի երկայնություն, և նրա ոտերի կրունկները դեպի առաջ և մատները հետնակողմում էին: Նա որպես հնազանդ աղախին, երկար ժամանակ ծառայեց Հովասաբենց տան մեջ: Նա ավելում էր նրանց տունը, սրահը և բակը, կթում էր կովերը, գոմեշները և ոչխարները: Նա սափորներով խմելու ջուր էր բերում աղբյուրից, օրորում էր, երբեմն ծիծ էր տալիս նրանց փոքրիկ տղաներին: Նա զանգում էր խմորը, հարում էր խնոցի, թխում էր հաց և աթար, և առավոտյան շատ շուտով վառում էր թոնիրը:
Յուր հնազանդության հետ երբեմն նա չափազանց կամակոր և հանդուգն էր: Նրա հետ խոսում էին մի տեսակ ոճով, որին ասում են դիվական լեզու: Օրինակ՝ փոխանակ ասելու «ջուր բե՜ր» – «ջուրը տա՛ր», ասում էին` «ջուրը մի բե՛ր» – «ջուրը մի՛ տար»: Որովհետև եթե ասեին «բե՛ր», չէր բերելու, բայց եթե ասեին «մի՛ բեր», իսկույն կբերեր: Երբ կամենում էին ասել՝ «գնա՛, շուտ ե՛կ», ասում էին՝ «գնա, ուշ ե՛կ»: Երբ շատ հարստություններ ու թանկագին բաներ էին պահանջում նրանից, իսկույն բերում էր «Չիքենց» տանից:
Արդեն շատ դարեր և տարիներ անցել գնացել էին, մինչ դևը ծառայում էր Հովասաբենց տան մեջ: Բայց այդ հավերժական և անթառամելի մանկության ոգին, ընկնելով ադամորդու ձեռքում, պառավել էր. նրա ծամերը սպիտակել էին, և նրա աչքերը, որ տեսնում էին և մութի մեջ, նրանց լույսը պակասել էր, նա հազիվ էր տեսնում: Այդ ցավալի դրության մեջ նրան դարձյալ աշխատեցնում էին և ո՛չ ոք Հովասաբենց ազգատոհմից չէր լսում նրա աղաչանքները, որ արձակեր նրան:
Հովասաբենք դևին անվանում էին Խլվլիկ, որի մայրը, անհիշելի հավիտենից պառավ դևը, ամենայն տարի, Նավասարդի վերջին գիշերում2 միշտ գալիս էր Հովասաբենց կտուրի վրա և երդիկից լաց էր լինում, աղաղակում և աղաչանք անում, որ յուր աղջիկը արձակեին, խոստանալով փոխարենը վճարել մեծ փրկանք: