Читать онлайн
Կայծեր Մաս 2

Нет отзывов

Կայծեր Մաս 2

Ա
ՎԱՆ

Հասնելով Վան, մենք իջևանեցինք Այգեստան կոչված արվարձանում, որ կից է այդ քաղաքին: Մեզ ընդունեց իր տանը թաղի նշանավոր անձիքներից մեկը, որ կոչվում էր վարպետ Փանոս: Այդ պարոնը արհեստով ներկարար էր:

Տան տերը առաջին անգամից երևաց ինձ բարի և ազնիվ մարդ, բավական վայելչակազմ մարմնով և պայծառ դեմքով: Արևելքում մարմնի բարեձևությունը շատ անգամ մարդու հառաջադիմության պատճառ է դառնում: Բայց վարպետ Փանոսը, բացի դրանից, ուներ և ճարտար լեզու և, որպես երևում էր, բավական փորձված ու խելացի մեկն էր: Երևի այդ էր պատճառը, որ չնայելով նրա երիտասարդությանը, նա ընտրված էր թաղական խորհրդի անդամ, ուր ծերությունը և սպիտակ մորուքը ավելի մեծ նշանակություն ունեին, քան խելքը:

Բոլորովին մութն էր, երբ հասանք Այգեստան:

Ասլանը սկսել էր այժմ, որպես ասում են, ինձ փոքր ի շատե մարդու տեղ դնել: Երբ մտանք վարպետ Փանոսի հյուրանոցը, նա իսկույն ինձ ծանոթացրեց տան տիրոջ հետ, ավելացնելով, թե իր մանկության ընկերներից մեկն եմ եղել և այժմ նրա լավ բարեկամն եմ: Վարպետը իր սուր և թափանցող աչքերով ոտքից ցգլուխ չափեց ինձ, հետո խիստ մտերմաբար հայտնեց իր ուրախությունը ինձ տեսնելու համար:

Որպես երևում էր, վարպետը նախածանոթ էր Ասլանի հետ և իր տան մեջ հենց այն գիշեր սպասում էր նրան: Նա գիտեր և այն, թե որտեղից էր գալիս Ասլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.

– Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը…

– Այդպես պատահեց… – պատասխանեց Ասլանը նույն եղանակով:

– Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը…

– Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից…

– Ուրա՜խ եմ… – ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության: – Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար: