Գիրքը նվիրում եմ երեխաներիս` Ամասիային, Վարանդային, Վայքին, Եփրատին, ու նրանց նմաններին, ովքեր մշտապես հավատում ու հույս են տալիս մեզ:
Րաֆֆի Նիզիբլյան
Նոր տարվա նախօրյակն էր: Շուշանիկը ոչ մի կերպ չէր համաձայնում քնել` առանց հեքիաթ լսելու: Ինչքան էլ մեծերը խնդրեցին` այս մի օրն էլ առանց հեքիաթի քնի, Շուշանիկը չհամաձայնեց: Փաթաթվելով Շուշան տատիկին ու համբուրելով նրան` նա կամացուկ խնդրեց իրեն առանց հեքիաթի չթողնել:
Շուշանիկի խնդրանքից ազդված` տատիկը զիջեց: Շուշանիկը վազելով անկողին մտավ ու պատրաստվեց լսելու:
Տատիկը թոռնիկին արդեն պատմել էր Նոյյան տապանի, ջրհեղեղի ու Արարատի մասին: Շուշանիկը գիտեր նաև, որ հայերի նախապապը Նոյի որդի Հաբեթն էր: Նրա զարմից էր Հայկ Աղեղնավորը, ում անունով էլ մեր երկիրը Հայք էր կոչվել: Այս անգամ Շուշանիկին հետաքրքրում էր` Նոր տարին հին Հայաստանում նշել են, թե ոչ:
Տատիկը նախ ասաց, որ հայերը Նոր տարվան Ամանոր էին անվանում, հետո պատմեց Հայկի տոհմից Կաղանդի մասին, որին նույն Հայկը ժամանակի պահապան էր կարգել: Նա իր մեծ մագաղաթում նշում էր բոլոր ծնունդները, մեծ ու փոքր տոները, այդ թվում նաև Ամանորը: Կաղանդը, ում տարիների ընթացքում անվանեցին Կաղանդ պապ, հայերին ոչ միայն հիշեցնում էր Ամանորի գալու մասին, այլև հենց ինքն էր անցկացնում այդ տոնը:
Պատմելու ընթացքում Շուշան տատը մոտեցավ փայտե թախտին, միջից հանեց գույնզգույն նախշերով սնդուկը, որտեղից վերցրեց քաթանե մի պստլիկ տոպրակ, բացեց և մինչ ափի մեջ շրջելը, անջատեց սենյակի լույսը: Ափի մեջ պսպղուն մի քար ընկավ: Ննջարանն այնպիսի պայծառ լույսով ողողվեց, որ Շուշանիկը զարմանքից շունչը պահեց: Լույսը կաթնագույն էր՝ երկնագույն շողերով: Քարից արձակվող լույսը սրտի զարկերի նման մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում: Շուշան տատն ասաց, որ այդ քարն իրենց տոհմում վաղուց է «բնակվում» և անմիջական կապ ունի Կաղանդ պապի պատմության հետ: Շուշանիկը հարմար տեղավորվեց իր անկողնում՝ շարունակելով ափի մեջ ամուր սեղմել քարը:
Ամանորը Հայքում ամենագլխավոր տոներից մեկն էր: Այդ տոնին հայերը պատրաստվում էին մեծ սիրով ու ոգևորությամբ: