Читать онлайн
Առաքյալը

1 отзыв
Մուրացան
Առաքյալը

Ա

Օդը մեղմ էր և տաքուկ, երկինքը պարզ և աստղազարդ: Տների ներս չէր գրավում մարդկանց, ուստի ժողովուրդը լցված էր դուրսը և զբոսնում էր սալած մայթերի վրա, կամ նոր կանաչող ծառուղիներում: Շառագույն լուսինը, որ նոր էր բարձրանում մթնացող հորիզոնում, խոստանում է գեղեցիկ, լուսնկա գիշեր: Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին հետզհետե ավելանում էին և այն դեսպակները, որոնք իրենց մեջ խնամքով ծածկում էին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին: Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում էր և կենդանությունը տիրում ամեն տեղ:

Միայն ծերուկ փիլիսոփան, կամ գեղեցկուհուց մերժված սիրահարը կարող էին այդպիսի ախորժելի երեկոյին փակվել տան խորշերում և մտածել մինը` աշխարհի ունայնության և մյուսը` յուր վշտի ծանրության վրա: Բայց կյանքի արժեքը մեծագրել գիտցող մարդը, մանավանդ եթե դա երիտասարդ էր կամ երիտասարդուհի, չէր կարող այդպիսի գրավիչ ժամերին չգտնվիլ զբոսնողների ընդհանուր ժխորի մեջ:

Սակայն արի՛ տե՛ս, որ հենց այդպիսի մի ժամանակ` ներքին հարկի մի ցածուն, բայց և ընդարձակ սենյակի մեջ ժողովված էին մի խումբ աշխույժ երիտասարդներ,որոնք չէին մտածում ոչ նորեկ գարնան, ոչ սիրուն լուսնի և ոչ ճեմելիքներում զբոսնող գեղեցկուհիների մասին: Նրանք զբաղված էին ավելի արժանավոր, կամ ինչպես իրենք կասեին` «ազնվական» գործով: Դրանք հայ ուսանողներ էին` համալսարանի կամ այլ բարձրագույն դպրոցների վերջին կուրսերից, որոնք հաճախ ժողովվում էին այդտեղ միմյանց հետ տեսնվելու, մտերմապես զրուցելու, մայրենի լեզվով կարդալու, կամ հեռավոր հայրենիքից ստացված նորությունները միմյանցհաղորղելու, երբեմն էլ իրենց ցավերի մասին միմյանցից կարծիք կամ խորհուրդ հարցնելու:

Այդ քաղաքում կային և ուրիշ հայ ուսանողներ, որոնք իրենց ազատ ժամանակը տնօրինում էին այլ կերպ: Ոմանք սիրում էին չափել փողոցները, աշխարհի չար ու բարին այդ տեղերում միայն ուսումնասիրելու նպատակով ոմանք զբաղվում էին սովորական թղթախաղով` ժամանակի ձանձրույթը մեղմելու համար. ուրիշներն այցելում էին հարուստ ընտանիքներին` նրանց տիրուհիներին զբաղեցնելու կամ օրիորդներին գրավելու հուսով և երբ նրանց չէր հաջողվում ոչ մինը և ոչ մյուսը, շատանում էին համեղ ընթրիք վայելելով: Մի մասն էլ էպիկուրյան փիլիսոփայության հետևելով` ազատ ժամերը նվիրում էր հաճության` աղջիկների ընկերակցության, մտածելով թե` այդպիսով ավելի լավ է ծառայում մարդ արարածի իսկական կոչման:

Բայց ներքնահարկի ցածուն առաստաղով սենյակում ժողովվածները չէին պատկանում հիշյալների թվին: Նրանք ուսանողության ամենաընտիր մասը, կամ բանաստեղծորեն ասած` ծաղիկներն էին, որոնք իրենց կոչման նշանակությունն ըմբռնելով, ժողովվել էին այնտեղ, ինչպես ասացինք, լավագույն մի գործով զբաղվելու համար:

Եվ նրանց այսօրվա պարապմունքի առարկան նշանավոր էր շատ կողմերից: Այսօր քննվում էր այն կարևոր հարցը, թե` նրանցից ո՞րը ի՞նչպես պիտի գործե կյանքի ասպարեզը մանելուց հետո:

Այդպիսի հարցեր, ինչպես հայտնի է, փորձված մարդիկ չեն տալիս իրար, միշտ մտածելով թե` «բանը բան ցույց կտա». իսկ փորձված հոգևորականը մինչև անգամասում է` «Օր աւուր բղխէ զբան և գիշեր գիշերի ցուցան է զգիտութիւն», ուստի և երբեք խոստում չէ անում: Բայց ուսանողն, հո գիտեք, անձնիշխան է ամեն դեպքում, հետևապես և կարող է նման հարցեր քննելու: Անփորձությունն էլ, անշուշտ, մի արտոնություն է, որից մարդիկ երբեմն օգտվում են հաջողությամբ: Եվ քիչ չէ պատահում, որ բախտն ավելի ժպտում է նրանց, որոնք գործում են առանց երկար մտածելու:

Ինչևէ, առաջադրյալ խնդրի մասին երկար խոսել ու վիճել էին ուսանողները, երբ նախագահը, որ մի առողջ, զվարթաձայն և կոպիտ արտաքինով երիտասարդ էր, ուժգին զանգահարելով` ժողովականների ուշադրությունը հրավիրեց յուր վրա:

Դահլիճում լռություն տիրեց:

– Խնդիրը մենք քննեցինք ամեն կողմից, – ասաց նախագահը, – մինչև անգամ ավելորդ մանրամասնությունների մեջ մտանք. այժմ արդեն ժամանակ է ամփոփելմեր մտքերը, ձևակերպելով այսպես: