Սալբի
 Րաֆֆի


«Աալբիում» ըստ Րաֆֆու, գլխավոր հարցը, որի ստեղծմամբ կարելի է կանխել հայ գյուղացիության քայքայումն ու հողազրկությունը, ապահովել ժողովրդի ազատ, անկաշկանդ զարգացումը. այդ հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույն պետականության հաստատումն է։ Եվ հենց այս էլ հանդիսանում՛ է Րաֆֆու «Սալբի» վեպի իդեական բովանդակությունը, որի համար եւ պայքարում են վեպի դրական հերոսները՝ Ռոստամը, Սալբին, Մելիքզադեն։ Րաֆֆու սիրելի հերոսի՝ Ռոստամի ազատության քարոզը հանգում է հայ ժողովրդի ինքնուրույն պետականության, հայ ժողովրդին ի մի հավաքելու քաղաքական բաղձանքին: «Սալբի» վեպի առաջաբանում առկա այս համարձակ եւ ճշմարտացի, նալբանդյանական շնչով գրված քննադատությունն առավել սրությամբ արտահայտվել է բուն վեպում։ Այստեղ արդեն Րաֆֆին պատկերել է փոքր ժողովուրդների վիճակը, մերկացրել գաղութարարների ահաբեկման քաղաքականության ողջ նողկալիությունը։ Րաֆֆին վեպի մեջ ավելի խորացրել ու խստացրել է այդ քննադատությունը, գեղարվեստորեն մարմնավորել այս կարգի հայ հոգեւորականներին։ Նա այստեղ վանքերը որակել է որպես «թամբալխանաներ», ծույլերի եւ տխմարների բնակարաններ: Րաֆֆին ոչ միայն մերկացրել է այս դասի շահագործողական, ժողովրդի հաշվին ապրելու ձգտումր, այլեւ հակադրվել է հոգեւորականության քարոզած «մի կաւ հակառակ չարին» մտայնությանր, այն մանկասպան դաստիարակությանը, որ կատարվում է այս դասի միջոցով:





Րաֆֆի

Սալբի





Ա

ԽԼՎԼԻԿ, ԾԱՌԱՅՈՂ ԴԵՎԻԿԸ


Մի հին ավանդություն հաղորդում է հետևյալ առասպելը.

Ատրպատականի հայաբնակ գյուղերից մինի մեջ, Զարեհավան նահանգում, վաղուց արդեն բնակվում էր ծերունի Հովասաբը, բարի և երկյուղած հայ-քրիստոնյա մարդը, որ Ծաղկավանում հյուրասեր շինականներից մեկն էր՝ հարուստ յուր մի քանի օրավար հողերով, խաղողաբեր այգիով և արհեստական անտառով: Նրա ոչխարների հոտը և ձիերի ու մատակների երամակը արածում էին յուր սեփական արոտամարգերում: Նրա ծանր և մեծ գութանը, նրա արծաթափայլ արորը ձգում էին յուր զորեղ գոմեշները, գեր ու պարարտ եզները:

Աստված քաղցր աչքով էր նայում այդ առաքինի ծերունու վրա, և նրա օրհնյալ գերդաստանը վայելում էին լի ուրախությամբ երջանիկ օրեր: Բայց մի չար բախտով, հանկարծ մի փորձանք պատահեցավ նրա մատակներին. ամբողջ երամակը, գժված, կատաղած, օրերով վազվզում էին դաշտերում, մի րոպե ևս հանգիստ չգտնելով արածելու: Երկյուղած ծերունին, համարելով այդ փորձանքը աստծու մի առանձին պատիժը, իսկույն սրբերի բարեխոսություններին դիմեց, մատաղ կտրելով, աղքատներին հաց բաժանելով և քահանաներին առատ փող բաշխելով, խնդրեց, որ պատարագ մատուցանեն եկեղեցուն և յուր կատաղած անասունների համար աղոթեն տիրոջ սեղանի վրա:

Բայց հնարք չեղավ: Պարոն Հովասաբը՝ ճարահատյալ սկսավ գործ դնել կախարդական զորություններ: Նա լսել էր յուր ծերունի պապիկից և յուր պառավ մամիկից, թե շատ անգամ փոքրիկ դևիկները չափազանց սեր ունին նստել ձիերի և մատակների վրա ու աներևութաբար վազ տալ դաշտերում: Գուցե այդ ասածի հիման վրա, պարոն Հովասաբի երամակը, գծված, սասանված, փախչում էին արոտների մեջ, տռտիկ տալիս, քացի գցում և ծլունկ լինում:

Այդ պատճառով, նա իմաստուն դերվիշներին մի քանի թիլիսմայական թղթեր գրել տվեց, և կաշու մեջ կարել տալով, կախեց յուր անասունների վզից: Թեպետ մի փոքր թեթևացավ նրանց առաջին հուզմունքը և վրդովմունքը, բայց մատակները ոչ բոլորովին հանգիստ էին: Վերջապես ծերունին մի ղարաչի վհուկ կնոջ խորհրդով գտավ մի հնար, որով ոչ միայն կարողացավ բոլորովին հանգստացնել յուր չորքոտանիները, այլև որսաց չար դևիկներից մինը: Նա թամբում է յուր արաբական մատակներից մինը կարմիր և խայտաճամուկ համետով, նրա նստատեղը օծում է ձյութով, որի վրա շարում է պողովատի ասեղներ, կարթաձև ծայրերով, և այդպես թողնում է մատակը արոտների մեջ արածելու: Դևերը, իրանց ամենօրյա սովորության պես, գալիս են իրանց դիվական խաղն խաղալու: Մի մանուկ աղջիկ-դևիկ, տեսնելով փառավոր թամբած ձին, իսկույն թռչում, նստում է նրա վրա և սկսում է վազեցնել դաշտերի մեջ: Բայց խղճալի չէ զգում, որ յուր մարմինը շատ ամուր կերպով կպել էր ձյութին, և ասեղները, շարվելով նրա հալավների վրա, իսկույն երևան էին կացուցել դևիկը1:

Պարոն Հովասաբը շուտով վրա է հասնում: Դևը որքան աշխատում է, չէ կարողանում պոկ գալ ձյութից: Պարոն Հովասաբը բռնում է ոգին, և անցկացնելով նրա վիզը պողովատի օղամանյակ, ամրացնում է առջևից կողպեքով, և նրա ականջներից քարշ տալով նույնպես պողովատի փոքրիկ օղակներ, յուր որսը տուն է տանում:

Գեղեցիկ էր փոքրիկ դևիկը յուր մատաղ հասակում. նրա կերպարանքը բոլորովին նման էր ադամորդիներին. միմիայն նա ուներ յուր հետևում խոզի պոչի նման մի երկայնություն, և նրա ոտերի կրունկները դեպի առաջ և մատները հետնակողմում էին: Նա որպես հնազանդ աղախին, երկար ժամանակ ծառայեց Հովասաբենց տան մեջ: Նա ավելում էր նրանց տունը, սրահը և բակը, կթում էր կովերը, գոմեշները և ոչխարները: Նա սափորներով խմելու ջուր էր բերում աղբյուրից, օրորում էր, երբեմն ծիծ էր տալիս նրանց փոքրիկ տղաներին: Նա զանգում էր խմորը, հարում էր խնոցի, թխում էր հաց և աթար, և առավոտյան շատ շուտով վառում էր թոնիրը:

Յուր հնազանդության հետ երբեմն նա չափազանց կամակոր և հանդուգն էր: Նրա հետ խոսում էին մի տեսակ ոճով, որին ասում են դիվական լեզու: Օրինակ՝ փոխանակ ասելու «ջուր բե՜ր» – «ջուրը տա՛ր», ասում էին` «ջուրը մի բե՛ր» – «ջուրը մի՛ տար»: Որովհետև եթե ասեին «բե՛ր», չէր բերելու, բայց եթե ասեին «մի՛ բեր», իսկույն կբերեր: Երբ կամենում էին ասել՝ «գնա՛, շուտ ե՛կ», ասում էին՝ «գնա, ուշ ե՛կ»: Երբ շատ հարստություններ ու թանկագին բաներ էին պահանջում նրանից, իսկույն բերում էր «Չիքենց» տանից:

Արդեն շատ դարեր և տարիներ անցել գնացել էին, մինչ դևը ծառայում էր Հովասաբենց տան մեջ: Բայց այդ հավերժական և անթառամելի մանկության ոգին, ընկնելով ադամորդու ձեռքում, պառավել էր. նրա ծամերը սպիտակել էին, և նրա աչքերը, որ տեսնում էին և մութի մեջ, նրանց լույսը պակասել էր, նա հազիվ էր տեսնում: Այդ ցավալի դրության մեջ նրան դարձյալ աշխատեցնում էին և ո՛չ ոք Հովասաբենց ազգատոհմից չէր լսում նրա աղաչանքները, որ արձակեր նրան:

Հովասաբենք դևին անվանում էին Խլվլիկ, որի մայրը, անհիշելի հավիտենից պառավ դևը, ամենայն տարի, Նավասարդի վերջին գիշերում2 միշտ գալիս էր Հովասաբենց կտուրի վրա և երդիկից լաց էր լինում, աղաղակում և աղաչանք անում, որ յուր աղջիկը արձակեին, խոստանալով փոխարենը վճարել մեծ փրկանք:

Դժվար էր գուշակել, թե քանի բոլորակ դարեր անցել էին պարոն Հովասաբի մահից, երբ նրա թոռնիկներից մինը, լուսահոգի Խնջիկը, հոժարացավ ազատել դևիկ գերիին, միայն այն պայմանով, երբ Խլվլիկի մայրը կուսուցաներ իրան մի հնար, որով ինքը կամ յուր որդիքը կարողանային փրկել բոլոր դիվահարներին: Դևի մայրը, թեև դժվարությամբ, այսուամենայնիվ, ճարահատյալ, ուսույց Խնջիկին կախարդական ուսմունքի գաղտնիքը և իրանց թագավորի ու թագուհու անունները, պատվեր տալով, թե երբ որևիցե դևին հրամայում էին այդ անուններով՝ իսկույն հալածական է լինում, իսկ երբ կանչում էին՝ տեսանելի կերպով երևան է լինում և հնազանդվում է ամեն տեսակ ծառայությունների: Բայց ամենասաստիկ երդում տվեց Խնջիկին, որ այդ գաղտնիքը, բացի յուր որդիներից, մի այլ մարդու չհայտնեին:

Երկար ժամանակ այդ գերբնական իմաստության գաղտնիքը ծածուկ մնաց Հովասաբենց ցեղի մեջ, առանց մի այլ մարդու հայտնելու: Նրանց տոհմի ծերունիները, որպես իմաստուն նահապետներ, այդ մեծակշիռ գիտության ծածկամիտ խորհրդապահներն էին: Անչափահասները այն ժամանակ միայն հաղորդակցություն կունենային այդ գիտության գաղտնիքին, երբ ստուգիվ վկայված կլինեին իրանց հաստատամտության մասին:

Հովասաբենք ոչ միայն իրանք կարողություն ունեին հրաշալի կերպով բժշկել դիվահարներին, այլ նրանց նվիրական բնակարանի հողեղեն փոշին, հեռու երկրներ տարվելով, երբ ցրվում էին դևոտների վրա, իսկույն բժշկվում էր ախտավորը…:

Նրանց տան կտուրների վրա, հողերի և փոշիների մեջ, թավալվում էին բորոտները, և իրանց մարմիններում եռ ու քոր ունեցող հիվանդները: Մի բարակ առվակ հոսում էր Հովասաբենց դռան առջևից. դրա եզերքը հովանավորված էին ուռենի ծառերով: Ավանդությունը վկայում է, այդ ուռենիները տնկվել էին այն ճյուղերից, որ ծաղկազարդի տոնում օրհնված էին տիրոջ սեղանի վրա: Այդ ահագին հսկայամարմին ծառերը կենդանի անբարբառ վկաներ էին, թե այն գերբնական իմաստությունը Հովասաբենց ազգատոհմի մեջ սկսվել էր ժամանակին խորին հնությունից: Որովհետև այդ ծերունի ուռենիքը կրում էին իրանց վրա խորհրդավոր անվանակոչությունը՝«բժշկական ծառեր»: Եվ արդարև, ամառային տոթերի եղանակում, այդ նվիրական ծառաստանի զովացուցիչ հովանիների տակ, տեսանելի են մահիճներ ջերմախտով և տենդացավով հիվանդների, որոնք մի ջերմ հույսով սպասում էին գտնել առողջություն, լվացվելով առվակի սառը ջրի մեջ: Սնահավատ պառավները, նստած իրանց հիվանդների մոտ, ուռենի ճյուղերով հալածում էին նրանց երեսներից ճանճերը, և խուլ ու մաշված ձայնով` երգում են այդ ծառերի գովասանությունները:

Ծաղկավանի գերեզմանատան մեջ, որ դրված է մի բարձր, կրակապաշտական ատրուշաններից ձևացած մոխրաբլուրի վրա, նշանավոր է մինչև այսօր իմաստուն Խնջիկի գերեզմանը: Այդ լուսահոգու գերեզմանաքարի վրա գտնվում է մի փոսակ. նրա խորության մեջ անձրևի կաթիլներից շատ անգամ ձևանում է մի փոքրիկ լճակ, որի ջրովը լվացվում էին բորոտները: Ջերմախտով և այլ հիվանդությամբ տկարացածները նույնպես լեղանում էին այն հրաշալի գերեզմանաքարի վրա հասարակ ջրով:

Այդ գերբնական գիտությունը, Հովասաբենց տոհմի մեջ, որդոց որդի անցնելով, որպես մի ժառանգական սեփականություն, եկել, հասել էր վարպետ Պետրոսին, արվեստով ոսկերիչ՝ իմաստուն տղամարդուն, որ և եղավ Հովասաբենց համարյա վերջացած և սպառված ցեղի վերջին ժառանգը: Վարպետ Պետրոսը յուր մանկությունից ուխտեց աշխարհ չմտնել, չամուսնանալ, այլ առանձնանալով մի վանքում, միայնակյացների մոտ, ստացավ մի տարապայման աբեղայական ուսում: Նա երկար ժամանակ յուր անձը նվիրեց խստակեցության և ապրում էր անապատում, որպես մի աղոթասեր ճգնավոր:

Բայց նա շուտով հասկացավ յուր սխալը. – մտածելով, թե մի այդպիսի կյանք վարելով, նա չէր ունենալու ո՛չ մի զավակ և ո՛չ մի՛ ժառանգ, և նրանց ցեղի իմաստությունը, անտարակույս, կորչելու և անհետանալու էր աշխարհի երեսից: Եվ չկամենալով մի օտարական մարդու հավատալ իրանց գազտնիքը, – նա շուտով վճռեց թողնել անապատը և դառնալ դեպի աշխարհ:

Հայտնի չէ, թե ինչ եղանակով բախտը նրան հանդիպեցրեց օրիորդ Թարլանին, այն հրաշագեղ աղջկան, որին ջերմ սրտով սիրեց նա, շուտով կապելով նրա հետ յուր ամուսնական պսակը: Բայց երկար տարիներ, նրանք ապրելով խաղաղությամբ, չհասան իրանց նպատակին. պատճառը, աստված չուզեց սրբել նրանց աչքերի արտասուքը և պարգևել նրանց մի զավակ: Դրա համար վարպետ Պետրոսը միշտ տրտմության մեջ էր, թե տերը պատժեց նրան, յուր անապատը թողնելու և աշխարհ մտնելու համար:

Վարպետ Պետրոսը մի ջլուտ, երկայն և բարակ տղամարդ էր, նիհար և գունատ երեսով, խորն ընկած և շիջած աչքերով: Նրա կերպարանքը սառն որպես մարմարիոն, կարծես թե, ցույց էր տալիս, թե նրա կյանքում միշտ չէր հեռացել նրանից անգութ հիվանդությունը:

Բաց թողնելով անապատը, թողնելով Սաղմոսը և Նարեկը, և գալով յուր հոր տունը, վարպետ Պետրոսը մի առանձին սիրով խորամուխ եղավ այն բազմաթիվ կիսամաշ և քրքրված գրչագիր մատյանների մեջ, որ մնացել էին նրա պապերից: Այդ թիլիսմայական գրքերի մթին առեղծվածները շուտով գրավեցին նրա խելքը, և նա կրկին անձնատուր եղավ խստակեցության: Ամբողջ շաբաթներ, ամբողջ ամիսներ, առանձնացած յուր մռայլոտ աղջամղջին սենյակում, վարպետ Պետրոսը, անտանելի ճգնություններով չարչարելով յուր մարմինը, ծոմով և պահեցողությամբ մաշելով յուր անձը, այդ բրահմանական միայնակեցությամբ, անցուցանում էր յուր կյանքի ամենապատվական ժամերը:

Այդ մարդը կախարդ էր:

Նրա առանձնարանը նույնպես անտանելի էր, որպես նրա տարապայման կյանքը: Ո՞վ կարող էր առանց սոսկալու մտնել այնտեղ, ինչե՛ր չէր տեսնելու նրա այդ դժոխանման բնակարանում: Աշխարհում ամենայն առարկաներ, որոնք բերում են զարհուրանք, որոնք բերում են սարսափ, բոլորը գտնվում են այնտեղ. – բվերի, չղջիկների չորացած մարմիններ, կապիկների, շների կառափներ, որոնց սպիտակ մակերևույթի վրա սև դեղով գծած են դևերի, սատանաների պատկերներ` այլանդակ և զարհուրելի կերպարանքներով:

Ոչ ոք այնպես մեծ համարում չուներ վարպետ Պետրոսի արվեստի և գիտության մասին, ո՛չ ոք այնպես չէր աստվածացնում նրան, որպես նրա կինը՝ մոլեռանդ տիկին Թարլանը: Դա մի երկյուղած և բարեպաշտ կին էր, որ ապրում էր միայն աստծո համար, հեռու յուր ամուսին այրի խորհրդական առանձնարանից, յուր անձնական սենյակում, որ յուր ներքին կերպարանքով բացատրում էր նրանում բնակվող տիկնոջ բնավորությունը և նրա կրոնամոլական ճաշակը: Այդ սենյակի մի անկյունում, պատուհանի հանդեպ, որ վարագուրած էր չթեղեն քողով, քարշ էր ընկած մի կանթեղ, որ ծխրտում էր աղոտ լուսով: Այստեղ, այդ ուխտյալ պատուհանի մեջ դրված են առտնին սրբությունները` տնային թերափիմները: – Ի՞նչ: – Սատանեն գիտե թե ինչ… «ծիծեռնակի կաթը միայն այնտեղ պակաս է»…: Այնտեղ կտեսնես մի մոխրագույն պաստառի վրա նկարված գեղարդը և մի կեղտոտ հին սուրբ Սարգսի պատկեր, որ ձիավորված հափշտակում էր հույնի աղջիկը: Այլև մի քանի ճյուղ ծաղկազարդի օրհնած ուռենի, մի փոքրիկ սրվակում լցված ծննդյան ավուր խաչաջուր, մի այլ սրվակում Անգեղ-աստվածածնա տաճարի քարաժայռից ինքնաբուխ ձեթ, մի քանի հատ անապատների նշխարներ, խաչելության պատկերներով, սուրբ Երուսաղեմի հող, սուրբ Կարապետի մեղր ու ծամոն: Մի քանի հատ օրհնության թղթեր, որ տիկին Թարլանը ուխտավորներին փող տալով, բերել էր տված ս. Էջմիածնից և այլ վանքերից:

Բացի վերոհիշյալ սրբությունները՝ այդ խորհրդական պատուհանի մեջ գտնվում էր և մի հին գրչագիր Ավետարան, մագաղաթի վրա գրված: Ուխտավորներին, որոնք գալիս Էին համբուրելու այդ սուրբ գիրքը, տիկին Թարլանը միշտ պատմում էր, թե այդ Ավետարանը գրված էր մի սուրբ անապատական ճգնավորի գրչով, որ յուր բոլոր անտանելի ապաշխարություններով` երեք օրը մի անգամ ուտում էր մի հատ ցամաք հացի նշխարք: Այդ սուրբ գիրքը մեծ համբավ, մեծ համարում ուներ Ծաղկավանի և նրա շրջակա գյուղորայքի մեջ: Նա ձրի չստացավ յուր մեռել-հարույց մականունը և այն քանի-քանի տասնյակ մետաքսյա թաշկինակները, որոնց փաթոթներով այնքան հաստացել էր նա, որ ոչ միայն մի քրդի էշիրաթի գլուխը կլիներ նրա չափ, այլ դժվար կհասներ նրա մեծությանը մի թափառական մանրավաճառ ջհուդի կապոցը, որին հազիվ հասնում էր նրա ոժը՝ շալակել, և ըստ մարգարեական անեծքին, դռնից դուռ ման ածել3:

– Ի՞նչ է գրված այդ գրքի մեջ, կարդո՞ւմ են, – կհարցնե մեկը:

– Հը՛մ… կարդա՞լ, անիծո՞ւմ ես, ո՞վ է այն աստծո մարդը, որ նրա գրող սուրբ ճգնավորի նման, երեք օրն մի նշխարք ուտելով, յոթն տարի պաս և ծոմ պահելով, երկար աղոթքներից և վշտակրությունից հետո, արժանավորություն ստանար՝ մերձենալ նրան:

Տիկին Թարլանը, յուր այնքան երկարամյա սպասավորությամբ, հազիվ թե, երազում մի փոքր շնորհ էր գտել սուրբ գրքի առջևը, ամեն մի շաբաթ երեկոներ խունկ ծխելու, ամեն օր կանթեղը վառելու, և հարկավորված միջոցներում, նրա թաշկինակների յոթն փաթոթներն արձակելու, երբ պետք էր մի մարդու երդում տալ նրանով, կամ դնել մի հիվանդի վրա:

Տիկին Թարլանը և նրա ամուսին վարպետ Պետրոսը, ասես թե, մի հատ ձու էին միջից կիսած: Այդ երկու հար ու նման բնավորոլթյունները, կարծես հավիտենից նշանակված էին միմյանց համար: Մի զարմանալի համակրություն միավորել էր երկուսի սրտերը, որ միմյանց համար այնպես ջերմ և այնպես ախտաբորբոք կերպով զարկում էին:

Տիկին Թարլանը, այդ Պյութիաս մարգարեուհին, էր որպես իմաստնուհին Ծաղկավանի բոլոր կանանց մեջ: Նա, յուր լռին, ծածկամիտ և հանդարտ բնավորությամբ, էր միշտ անքննելի և խորախորհուրդ: Նրա երկաթի հաստատությամբ կամքը, նրա անդրդվելի համբերությունը, տվել էին նրա բնավորությանը միշտ անպղտոր և անփոփոխ հատկություններ: Բայց նա՝ յուր չոր ու ցամաք սառնասրտության հետ՝ ուներ և մի բարի և ջերմեռանդ սիրտ դեպ աստուծո կրոնքը և նրա պաշտոնը: – Սրբությամբ պահում էր տիրոջ շաբաթները և կյուրակեները: Սուրբ տոների օրերում միշտ նվիրում էր քավության պատարագներ, զոհելով մատաղներ, բաժանելով աղքատներին և վարձատրելով աստծո սեղանի սպասավորին, որ յուր համար բարեխոսական աղոթքներ կարդար սուրբ պատարագը մատուցանելու միջոցին: Այդ բոլոր կրոնական ծախսերը լրացնում էր հավատավոր տիկինը յուր ձեռքի վաստակներով, աստծուն առավել հաճելի լինելու համար:

Տիկին Թարլանը ուներ մեծակշիռ համարում յուր գյուղի կնիկների մեջ: Նրանց ամենը՝ հարկավորված դիպվածքներում, դիմում էին նրա օգնությանը և ամենքը գնում էին նրանից խորհուրդ հարցնելու: Թեպետ գրված չէր նրա ծննդյան տարեթիվը, բայց միտ դնելով նրա կերպարանքին, չէր կարելի համարել նրան ավելի քան երեսուն և հինգ տարեկան կին: Նրա հասակը տակավին բարձր և ուղիղ էր, նրա դեմքը՝ պատկառելի և վսեմ: Խորշումը թեպետ խազել էր մի քանի բարակ գծեր նրա լայն ճակատի վրա, բայց անգութ ժամանակը ասես թե խնայել էր նրա, թեև ցամաքած, բայց բոլորակ թշերի վրա, այն նուրբ վարդագույն կարմրությունը, – նրա մանկության գարնան դեռևս անծերանալի գեղեցկության առհավատչյան: Նրա խելացի խաժ աչքերը տակավին պահպանում էին իրանց վառվռուն փայլը: Առհասարակ մի կախարդական գրավիչ արտասանություն, յուր վսեմ բացատրություններով, արտափայլում էր նրա խորհրդական դեմքի վրա, որ պարզ երևացնում էր պատկերը մի ջերմեռանդ և կրոնամոլ հոգու:

Թեպետ մի բախտով, մոդան յուր կործանիչ ոտքը տակավին կոխած չէր այդ երկրի վրա, բայց այսուամենայնիվ, տիկին Թարլանը ամենայն բանով որոշվում էր բոլոր կնիկներից, որ բնակվում էին Ծաղկավանում: Նրա հագուստներն էին միշտ միօրինակ և հնամաշ, բայց մաքուր և ստեպ լվանալուց կորուսած ծաղկանկարները: Տիկին Թարլանը, կարծես թե, կշտացել էր աշխարհից: Նա չէր սիրում այն շռայլ կանացի պճրանքները և այն ավելորդ զարդարանքները, որոնց այնպես ջերմ սիրով անձնատուր են արևելյան կանայքը: Նա չէր կրում յուր գագաթի վրա արծաթյա բոլորակ պսակը (գոտին), որ դնում են Ասիայի հայ կնիկները և ո՛չ նրա կրծքի վրա փայլում էր լանջաստղը՝ զարդարած գոհարներով: Եվ ո՛չ նրա վզից քարշ էին ընկած մանյակներ, շարած գույնզգույն ուլունքներով և զարդարած ոսկի և արծաթի դահեկաններով: Նա չէր կրում յուր ձեռքերի վրա ապարանջաններ, մատների վրա մատանիներ, և ո՛չ ականջներից գնդեր, և ոչ քթիցը՝ օղակ: Նրա թևքերը չունեին բազբանդներ, հուռութուլունք, այնպես սիրուն զարդարած ուլունքներով4: Նա մեղք էր համարում որպես մի կուռք զարդարել յուր անձը և խրատում էր միշտ ապրել չափավորությամբ:

Հասնելով մինչ այն հասակին, տիկին Թարլանը ապրել էր միշտ սրբությամբ, նրա ձայնը չէր լսել մի այլ մարդ և ոչ նրա երեսը տեսել էր մի անհավատարիմ աչք: Նա յուր ազնիվ բնավորությամբ՝ միշտ եղել էր մի բարի օրինակ կանացի պարկեշտության և յուր անարատ բարք ու վարքով՝ մի խելացի խրատ յուր դրացի կնիկների համար: Նա խիստ նախանձավոր կերպով պախարակում էր այն կնիկներին, որոնք փոփոխում էին իրանց հագուստների ձևերը և չէին ամաչում տղամարդկանց հետ խոսելուց:




Բ

ՈՒԽՏՅԱԼ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ


Մեզանում աղջիկները և ազապ տղամարդիկ չգիտեն սեր և համարձակություն չունին իրանց համար ամուսնացուներ ընտրելու: Նրանց սերը, նրանց ընտրությունը ծնողների կամքն է: Հայրը և մայրը իրանց աղջիկները որ տղային կամենան՝ կտան, և իրանց տղաներին ինչ աղջիկ որ ուզեն՝ կբերեն: Նրանք լեզու չունին խոսելու կամ ընդդիմություն գործելու…: Բայց ավելի ցավալի է, երբ շատ անգամ այդ որդեվաճառ, անագորույն ծնողները ոչ թե մի աղջկա գեղեցկությանը, խելքին նայելով են բերում իրանց տղային, կամ մի պատանիի կատարելության նայելով են տալիս իրանց աղջիկը, ո՛չ, այդ իրողության նրանք ամենևին ուշադիր չեն լինում, այլ հայրը մտածում է, այսինչ մարդը լավ, քաջ մարդ է, կարող է իրան շատ գործերի մեջ օգտակար լինել, թև ու թիկունք դառնալ և այդպես, յուր ցավերին կարեկից, յուր գինու փիալային5 ընկեր գտնելու մտքով, իրանց անմեղ աղջիկներր և տղամարդիկը գործիք ընտրելով՝ բարեկամություն և խնամություն են հաստատում: Այսպիսի հանգամանքներում շատ անգամ պատահում է, ծնողները՝ իրանց անձնական փափագը լցնելու և իրանց նպատակին շուտ հասնելու համար, չսպասելով մինչև իրանց զավակները հասունանան` երբեմն մի անչափահաս հինգ տարեկան աղջիկ պսակել են տալիս մի տարիքը առած տղամարդի հետ, և ընդհակառակն, մի հասուն օրիորդ պսակում են մի երեխայի հետ, և կամ երկու սեռի անչափահաս երեխայք – միմյանց հետ: Ամենևին չեն մտածում, թե ի՛նչ սարսափելի խռովություններ են պատահում մի զույգ այր և կնոջ մեջ, երբ նրանք առանց իրանց կամքի հոժարության, հիմար ծնողների ստիպմամբ էին մտնում ամուսնական լուծի տակ: Մի չար բախտով, Պարսկաստանում կա այն վատթար սովորությունը, որ մի աղջիկ և մի տղա նշանադրվում էին միմյանց համար ծնողների կողմից, երբ նրանք դեռ օրորոցում ծիծ էին ծծում, այլև՝ ծիծաղելի՛ խնամություն՝ երբ դեռևս իրենց մոր արգանդումն էին… Թեպետ շատ անգամ պատահում էր, որ ծնողները չէին հասնում իրանց նպատակին, որովհետև ծնվածները կա՛մ երկուսն էլ արու էին լինում, կամ էգ:

Հայաստանի սուրբերից ոմանք` որոնց անունով շինված կա մի վանք, կամ եկեղեցի. – նշանավոր են կացուցել իրանց համարումը ինչ-ինչ հատուկ հրաշագործություններով. բարեպաշտ ուխտավորները գնալով նրանց դուռը` բժշկություն էին գտնում. կամ ստանում էին իրանց փափագելի մուրատը6: Օրինակ. Կորդվաց սարերի մեջ, Վասպուրականի կողմերում, դեպի սուրբ տիրամոր վանքը ջերմ հույսերով դիմում են ամեն կողմերից ուխտավորներ, որ ցավագարված են բորոտության և մարմնի փտության ախտերով: Այնտեղ են տարվում անդամալույծները և տեսակ-տեսակ խոցեր և ապականված վերքեր ունեցողները: Այդ վանքի սրահներում գտնվում են բազմաթիվ այդ տեսակ հիվանդներ, որ ամբողջ տարիներով մնում էին այնտեղ, կերակրվելով վանքի հացով: Նաև ամուլ կանայք գնում էին այնտեղ որդեծնություն հայցելու: Հայկա ձորի մեջ, Անգեղ գետի ափի մոտ հաստատված է սուրբ Աստվածածնի վանքը, որտեղ գնում են աչքացավով տկարացած ուխտավորներ, և այդ վանքի մեջ գտնված ապառաժից «ինքնաբուխ» ձիթով օծելով իրանց աչքերը, հույս ունեին բժշկություն գտնել: Փութկու սուրբ Գևորգ վանքը Մոգաց կողմերում նշանավոր է դիվահարներ բժշկելու մեջ:

Մենք միտք չունինք գրելու վանքերի հրաշագործությունների մասին, միայն չէր կարելի մի քանի խոսք չասել Մշու դաշտի մեջ գտնված Գլակա սուրբ Կարապետի վանքի մասին: Յուր հրաշագործ զորություններով՝ հայոց մեջ մեծ համարում ունի այդ վանքը: Հայոց երգիչ «աշղները» ռամկաբանորեն կոչում են այդ վանքը Մուրատատու Ջանգլի սուլթան սուրբ Կարապետ: Առաջին ածականը բարդված է թուրքերեն և հայերեն երկու բառից. «մուրատատու» նշանակում է շնորհաբաշխ կամ փափագակատար: Բայց չգիտենք ի՞նչ հարմարություն ուներ սուրբ Կարապետին տալ երկրորդ ածականը – «Ջանգլի սուլթան», այսինքն պատերազմող թագավոր:

Շատ տեղերում հայերի մեջ կա այն սովորությունը, որ մի տղամարդ չէ պսակվում մինչև սուրբ Կարապետ գնացած չլինի, իսկ պսակվելուց հետո անզավակության դեպքում նա կրկին դիմում է սուրբ Կարապետի դուռը և երբ իր նպատակին հասնում է` յուր առջնեկին անուն է դնում Հովհաննու յոթն անուններից մինը:

Աշուղները համարում են նրան իրենց քանքարի մուսան – նրանցից ոչ մինը համարձակություն չուներ սազ վեր առնել և «մեյդան» (հրապարակ, հանդես) դուրս գալ՝ մինչև գնացած չլիներ այդ վանքը, և երազի մեջ ստացած չլիներ սուրբ Կարապետի ձեռքից մի գավաթ էշխի (աշխույժի) ըմպելի, և մինչև նրա սազը օրհնած չլիներ վանքի վանահայրը: Նրա դուռը սիրով դիմում են իրենց արհեստը կատարելագործելու – լարախաղացներ, ըմբիշներ, և տեսակ-տեսակ նվագածուներ, ո՛չ միայն հայ, այլև թուրք և պարսիկներ: Կանանց արգելված է այդ վանքը գնալ, որովհետև սուրբ Հովհաննու գլխատման՝ մի տռփոտ կին էր պատճառ եղել, իսկ գնացողները չեն կարող գերեզմանի մատուռը մտնել և գերեզմանը համբուրել:

Ամեն մարդ, որ ուխտել է սուրբ Կարապետ գնալու, պետք է յոթն տարի շարունակ, Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, յոթն շաբաթ պաս պահե, որ արժանանա նրա դուռն գնալուն: Նրանց ամեն մինի ուխտը ընդունելի էր, երբ Մուրատ գետի ափի մոտ քնելով այնպիսի մի երազ են տեսնում, որը որևէ առնչություն ունի իրենց ուխտյալ նպատակի հետ: Թերևս այդիսկ պատճառով հիշյալ գետը (որ Եփրատի ճյուղերից մինն է), ստացել է «Մուրատ» խորհրդական անունը, որովհետև, նրան հասած` ուխտավորները սուրբ Կարապետից առնում էին իրանց մուրատները:

Վարպետ Պետրոսը և նրա կին տիկին Թարլանը, հասնելով իրանց կյանքի միջասահմանին` դեռ զավակ չունեին, որ իրանց մահից հետո թող չտար, որ տան ճրագը մարի և տան ծուխը կտրվի: Այդ հոգեմաշ տրտմությունը պղտորել էր նրանց պարզ և խաղաղ օրերը, նրանց կյանքի ամենապատվական ժամերը: Առավել ևս այնպիսի մի երկրում, ուր հրեական հետևողականությամբ ամլությունը աստուծո առանձին պատիժ էր համարվում, և այդ նախատինքը տանջում էր խղճալիներին:

Վարպետ Պետրոսը հարուստ չէր, բայց յուր արհեստով ոչ միայն երջանիկ պահպանում էր յուր փոքրիկ ընտանիքը, այլև յուր համար փառավոր տուն-տեղ հաստատելուց հետո` տեր եղավ մի մեծ այգիի, որ կարող էր մի գյուղացիի տան ապրուստի բոլոր պիտույքները հոգալ: Նրա կինը, տիկին Թարլանը ո՛չ կարդացել էր և ո՛չ էլ համարում ուներ դեպի կարդալը կամ ուսում կոչված բաները. նրա կարծիքով բոլոր «կարդացվոր» մարդիկ չարագործ և մեղավորներ են, նրանք դասվում են սատանաների կարգում:

Կամենալով շարժել աստուծո և նրա սուրբերի գութը, նրանք բաշխում էին աղքատներին իրենց ցանքի և այգիի բերքի արդյունքի մի որոշյալ մասը: Տոն օրերին մատաղներ էին զոհում, այցելում էին հրաշագործ ուխտատեղիներ, և ամեն կյուրակեմտի երեկո, լուսավորում էին իրենց գյուղի եկեղեցին բազմաթիվ մոմերով, որպեսզի աստուծո «սիրտը քաղցրանա» նրանց վրա և բախտավորե նրանց ծերությունը – մի զավակ բաշխելով:

Արդեն յոթներորդ տարին լրանում էր, վարպետ Պետրոսը և յուր կին տիկին Թարլանը սրբությամբ պահում էին սուրբ Կարապետի պասը: Վարդավառից մի ամիս առաջ ուղևորվեց բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ: Նույն ժամանակ վարպետ Պետրոսը յուր կնոջ հետ ընկերակցելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսին, որ յուր մտերիմ բարեկամն էր՝ ուխտավորների հետ ճանապարհ ընկան: Այդ անբախտ մարդը՝ մահտեսի Ավետիսը, նույնպես անզավակ կնոջ այր էր, որ դիմում էր սուրբ Կարապետ նույն հույսով, որ նրան մի որդի պարգևեր:

Ուխտավորները կրոնական խորին հոգեզմայլությամբ ճանապարհին հանդիպում էին Հայաստանի բազմաթիվ վանքերին, որ այնքան բազմությամբ հայոց մոլեռանդ ազգը շինել է ամեն մի սարի վրա, ամեն մի ձորի մեջ, կղզիներում – իզուր վատնելով յուր հարստությունը… Այդ թամբալխանաներում – ծույլերի և տխմարների բնակարաններում – հավաքվելով ազգի մի կտրված և անպիտան մասը, սև մազե հագուստով սովոր են հրապուրել և թովել ջերմեռանդ ուխտագնացների սնահավատությունը և դատարկել նրանց քսակները…:

Տասնևհինգ օրվա ճանապարհորդությունից հետո, ուխտավորները անցնելով Հաղբակ, Վան, Բաղեշ՝ ոտք դրին Մշու դաշտի հողի վրա: Երբ նրանք անցել էին Մուրատ գետը, որ երկու ժամվա ճանապարհ է մինչև սուրբ Կարապետի վանքը, ջերմեռանդ ուխտավորները ձիուց վայր իջան և սկսեցին բոբիկ ոտով, արտասուք թափելով, աղոթք մրմնջալով, երկրպագություն տալով – գնալ մինչև վանքը:

Վանքի սրահների, գավիթների բոլոր իջևանները լի էին ուխտավորների բազմությամբ: Վարպետ Պետրոսը ներսը տեղ չգտնելով` յուր ընկեր մահտեսի Ավետիսի հետ – իրանց վրանը կազմեցին վանքի շրջապատից դուրս – մի բարձր սարավանդի վրա:

Մի օր, արևածագից խիստ կանուխ, երբ օդը թարմ էր ու զովացնող, երբ նա ծորում էր թփերի տերևների վրա անուշահոտ և քաղցրահամ մեղր (կազպ), երբ մի բարեբույր բուրմունք շնչում էր ամենուրեք՝ վարպետ Պետրոսը խռոված գիշերային երազներով՝ դուրս եկավ վրանից, քայլերը ուղղեց դեպի սարը – յուր սրտի մեջ կուտակված տխուր-տրտում զգացումները պատմելու ծառերին, ծաղիկներին և հողին: Մի ամբողջ ժամ անձնատուր եղած դառն մտածումների, լուռ-մունջ թափառում էր նա մացառների մեջ, մինչև հոգնեց, եկավ նստեց Լուսաղբյուրի մոտ, որի ափերը հովանավորված էին ուռենիներով: Ձեռքերով գրկելով յուր ծնկները, նա նստած ականջ էր դնում ջրի կախարդական քչքչալուն-փչփչալուն, որ այնպես հիանալի կերպով լսելի էր լինում գիշերային խորին լռության մեջ: Լուսինը վառեց յուր պայծառ ճրագը՝ հսկելու աշխարհի խավար տան մեջ: Բնության օրհներգուները հնչեցրին անտառի խուլ լռությունը՝ փառաբանելով գիշերվա լուսատուն: Բայց վարպետ Պետրոսի սիրտը չէր զգում ոչ մի ուրախություն, նա ընկղմված էր դառն, մելամաղձային տխրության մեջ:

Երբեմն նա իր հետաքրքիր աչքերը դարձնում էր դեպի վանքի արևելյան կողմը – Ավետյաց բլուրի վերա, յուր մտքի մեջ պատկերացնելով այն կրոնական ժամանակների հոգին, երբ այդ սարի վրա բնակվում էին վրանների մեջ չորս հարյուրի չափ ճգնավորներ: Երբեմն նայում էր Ավետյաց բլուրի հյուսիսային կողմը, դեպի Հավատամ բլուրը, որից, սուրբ Լուսավորչի հրաշքով` ինն աղբյուրներից պարզ և հստակ ջուր է վազում, այդ առվակները միախառնվելով անցնում են վանքի միջով: Երբեմն էլ նրա տեսողությունը հրապուրում էր վանքի հարավային կողմում մի փոքրիկ մատուռ, ուր ճգնում էր յոթն խոտաճարակ աբեղաների միաբանությունը, այստեղ այժմ էլ կարելի էր տեսնել Անտոնի և Կրոնիդեսի դամբարանները:

Այդ հրաշալի տեսարանը, որ ամեն մի րոպե հազարավոր սրբազան զգացմունքներ էր ծնում նրա հոգու մեջ՝ պատկերացնելով նրա ուղեղի մեջ բազմաչարչար Լուսավորչի և նրա հզոր օգնականի ծաղկավետ աշխատությունները քրիստոսական կրոնի համար – երբեք չկարողացան ցրվել տխրության սևաթույր թուխպերը, որ կիտված կուտակված էին վարպետ Պետրոսի սրտի վրա:

Երկար ժամանակ նա նստած էր այսպես և դառն կերպով լաց էր լինում, մինչև մի անհանգիստ քուն, որ ավելի նման էր մի ջերմախտական թմրության – տիրեց նրան, նա այնպես, բաց ընկողմանեցավ արձակ օդի մեջ:

Արդեն լուսո աստղը – Արուսյակը փողփողում էր դեռևս նոր բարձրացնելով յուր գլուխը սարերի գագաթներից: Թռչունների հազարավոր տեսակները պատրաստվում էին փառաբանելու տվնջյան լուսատուն: Վարպետ Պետրոսը զարթնում է քնից: Այժմ նրա դեմքը արտահայտում էր ուրախություն, նա հանդարտ էր որպես պայծառ երկինքը: Հանկարծ նա լսում է մի ձայն.

– Բարև, եղբա՛յր:

– Աստծո բարին քեզ, մահտեսի Ավետիս, հազար բարի, – պատասխանում է վարպետ Պետրոսը ուրախությամբ ողջունելով:

– Երևի շատ ժամանակ է, որ այստեղ նստած եք, – ավելացրեց մահտեսի Ավետիսը. – ես զարմացա, երբ զարթնելով ձեզ չգտա վրանի մեջ:

– Դուք տակավին քնած էիք, երբ ես կեսգիշերին զարթեցա քնից. խառնափնթոր երազներ խռովեցրել էին իմ միտքը, և իմ սիրտը սաստիկ վրդովված էր: Երկար նստեցի անկողնիս մեջ, կարդացի իմ առավոտյան աղոթքները, բայց և այնպես որևէ թեթևություն չզգացի, ավելի և ավելի անհանգիստ էի լինում: Կրկին գլուխս բարձին դրի, բայց քունը վաղուց փախել էր իմ աչքերից: Ես վճռեցի դուրս ելնել վրանից, մի փոքր ազատ շունչ առնել և կազդուրել իմ զորությունը: Երկար, ես անխորհուրդ և աննպատակ թափառում էի գիշերային խավարի մեջ մինչև եկա այս աղբյուրի մոտ, դրա սառն ջրով լվացի երեսս. հոգիս մի փոքր զվարթություն զգաց: Ես ախորժանոք լսում էի թռչունների տաղերգը, որ եղանակում էին ուռենի ճյուղերի վրա նստած: Այդ քաղցրալուր ձայները կախարդական զորությամբ թովեցին իմ ուշադրությունը, ես հափշտակվեցա մի անբացատրելի հոգեզմայլությամբ, և շուտով իմ աչքերը ծանրացան քնով:

Մինչ վարպետ Պետրոսը պատմում էր յուր գիշերային անցքը, մահտեսի Ավետիսը զարմանալի համակրությամբ, աչքերը լարած, ականջ էր դնում, թե ի՛նչ պիտի լինի յուր բարեկամի զրույցների վերջը: Վարպետ Պետրոսը շարունակեց.

– Երբ ես խորին քնի մեջ էի, մի նոր տեսիլք հրապուրում է երևակայությունս, զգում եմ ինձ մի ընդարձակ անտառի մեջ. կարծես թե մի բան որոնում էի այնտեղ, ուր օդը արբված էր հիանալի անուշահոտությամբ, և առավոտյան ցողը, որ հազարավոր գոհարներով զարդարել էր խոտաբույսերի և ծաղիկների գլուխները՝ թրջում էին իմ ոտները: Ես սքանչանոք դիտում էի եղևնիների հսկայական բարձրությունները և նայելով այն ահագին, փտած և արմատներից գետին գլորված ծերունի մայրածառերին՝ զարհուրելով նկատում էի մահի անհաղթելի իշխանությունը, որ տիրում է բոլոր տիեզերքի վրա: Մի քարաժայռի բարձրությունից տեսանելի էր մի ջրվեժ, որ սարագագաթից հոսելով ձևացնում էր մի հիանալի, ապակենման կամարակապ, որ ա՛յնքան գեղեցիկ փայլում էր հեռվից յուր թափանցիկ պայծառությամբ: Պարզ և ջինջ, մանիշակագույն երկնքի վրա փողփողում էր փայլուն գույներով ծիածանը: Մի ալևոր եղջերու յուր մանուկ ձագերի հետ խմում էր սպիտակ փրփուրների միջից, որը, առաջանալով՝ ձևացնում էր մի պայծառ առվակ, որ և ուղիղ ներս էր հոսում անտառի խորքում: Երբ ես զմայլված բնության այդ սքանչելի պատկերներով դիմում էի ուղիղ դեպի այդ տեսարանը՝ հանկարծ քարայրից դուրս եկավ իմ հանդեպ մի ալևոր անապատական մարդ: Նա նմանում էր մի խստակյաց ճգնավորի, որը յուր հոգու հանգստությունը գտել էր այդ անտառի լռության մեջ: Նրա ուղտի բրդից հորինած վերնազգեստը ծածկում էր սպիտակ քաթանից շապիկը, որ յուր քղանցքսերով հասնում էր մինչև նրա բոբիկ ոտները: Նրա մեջքը ամրացրած էր սև մաշկե գոտիով: Մի երկաթե խաչ հաստ շղթայից քարշ էր ընկած նրա մերկ, արևից սևացած, թավամազ կուրծքի վրա: Անապատականը մի բարձրահասակ և բարակ ծերունի էր: Սպիտակ մորուքը հասել էր մինչև մաշկյա գոտին: Նրա գլխի անհյուս ծալքերը արծաթաջրած ալիքներով, անփույթ, խառնափնթոր – ծածանվում էին մերկ թիկունքների վրա: Երեսը՝ գունատ, նիհար, երկայնաձև` բայց պատկառելի, պարզ և զվարթ էր. ճակատը` լայն և բարձր, աչքերը՝ խոժոռ և կրակոտ, որոնց կենդանի արտափայլությունը պարզ տեսանելի էր թավախիտ հոնքերի տակից: Յուր ձեռքին բռնած գլուխը կեռ գավազանը, որ նմանում էր հովիվների ցուպին, նա մխեց գետնին և կանգնեց իմ առջև: Այդ միջոցին, ո՛վ Մահտեսի, մտաբերում եմ՝ որ մենք երկուքս միասին էինք, դուք ևս ինձ մոտ էիք: Նա հանդարտ կերպով այսպես խոսեց.

– Ես մի ճգնավոր եմ, ինձ անվանել են «անապատում հնչող ձայն»: Ես կերակրվում եմ մեղրով, որ օդը առատորեն թափում է այս անտառի տերևների վրա7, ես ուտում եմ և՛ մարախ: Բայց որովհետև ձեր բախտը առաջնորդել է ձեզ ինձ հանդիպելու իմ լռին առանձնության մեջ, ահա հյուրասիրում եմ ձեզ մի զույգ կարմիր խնձորներով, որ այդ անտառի ազնիվ պտուղներիցն են, և դուք բախտավոր կլինեք դրանցով: – Այս խոսքերը ասելուց հետո նա յուր կողքին քարշ ընկած մաղախից, որ ավելի նմանում էր հովվական պարկին, դուրս բերեց մի զույգ կարմիր խնձոր, որոնք կարծես թե Եդեմի ծառերից քաղված լինեին: Մինը տվեց ինձ, մյուսը – քեզ, մահտեսի Ավետի՛ս, այնուհետև աներևութացավ նա ուռենյաց ծառաստանի մեջ: Թեպետ մենք շատ աղաչեցինք, որ կանգնե, որ համբուրենք նրա ոտները, նա ուշադրություն չդարձրեց, գնաց – հեռացավ մեզանից: Այնուհետև ես իմ խնձորի կարմիր մակերևույթի վրա նայեցի ուրախությամբ, և չկարողացա զսպել իմ զարմանքը՝ տեսնելով նրա կեղևի վերա ոսկե տառերով գրված «Սալբի» անունը: Դուք ևս, ո՛չ սակավ զարմանալով, ցույց տվիք ձեր ձեռքի խնձորի վրա մի երկրորդ անուն, նույնպես ոսկե տառերով գրված «Հովհաննես»: Մինչ մենք սքանչացած աշխատում էինք բացատրել այդ խորհրդական անունների գաղտնիքը, և թե ո՞վ էր այն երկնավոր ալևորը` հանկարծ զարթեցի և զգացի – երազ էր:

Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.

– Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորը – սուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում…: Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները…: Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անունները – երկու խընձորների վրա:

Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածնեը հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից:

– Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, – կրկնեց վարպետ Պետրոսը. – ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,

– Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, – նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:

– Շատ բարի, շատ լավ, – ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:

– Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու…:

– Անտարակույս…անտարակույս…

Աստուծո լույսը բացվեց:

Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ: Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան:

Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք: Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց» – մի քանի աշրաֆի8, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին: Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրանց վրանում: Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրանց խնամության մասին:

Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ, որ կոչեցին Հովհաննես, որ և յուր պատանեկության հասակում վայելչագեղ և քաջ տղամարդ լինելու համար ստացավ Ֆրիդովսիի հերոսի անունը – Ռուստամ: Նրանք օրորոցում նշանդրվեցան՝ լինելու միմյանց հարս ու փեսա…:




Գ

ԼԻԼԻԹԸ


Հովասաբենց վարպետ Պետրոսը և նրա կինը՝ տիկին Թարլանը ծնողական բարեխնամ հոգաբարձությամբ սնուցանում էին իրանց մի հատիկ զավակը՝ փոքրիկ Սալբին, որի քնքուշ և ազնիվ կազմվածքը, հրեշտակային դեմքը – առիթ էին տալիս գուշակելու, թե նրա պատանեկության գարունը ծաղկելու էր գեղեցկության բոլոր անուշահոտ վարդերով: Փոքրիկ սալբին ուներ սև մետաքսանման մազեր, թուխ, վառվռուն աչեր, նուրբ-կամարաձև հոնքեր, բոլորակ և լիքն երես, փափուկ վարդագույն թշեր: Նա աճում, մեծանում էր անհամեմատ արագությամբ: Նրա ուղիղ հասակը ձգվում էր դեպի բարձր, որպես մի մշտականաչ սալբի ծառ (նոճի):

Նրա դաստիարակությունը, սկսյալ մանկությունից առաջ էր գնում նրա ծնողների գաղափարների և ճաշակի համաձայն: Բայց ի՞նչ օրինավոր ուսում և դաստիարակություն կարող էր ստանալ խղճալի Սալբին մի այնպիսի հորից և մորից, որոնց խելքը-միտքը վարակված էր կախարդական առեղծվածներով, որոնց բարք ու վարքը ցույց էին տալիս մոգական մոլեկրոնություն, որոնց բնավորությունը, խոսակցությունը, օրինակները և ուսմունքը` որ ամեն օր տեսնում և լսում էր Սալբին՝ բավական էին մանկությունից տպավորելու նրա մաքուր սրտի վրա հիմար սնոտիապաշտությունը և մոլեկան սնահավատությունը:

Մի գիշեր վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը՝ երկուսը միասին` նստած խոսում էին և փոքրիկ Սալբին նրանց ականջ էր դնում:

– Վա՛յ խեղճիկ, ի՛նչպես մեռավ Մեհրապենց հարսը, – ասաց հանկարծ տիկին Թարլանը ափսոսելով:

Մեհրապենց հա՞րս, մեռա՞վ, – հարցրուց վարպետ Պետրոսը զարմանալով:

– Հա՛, այսօր իրիկնապահին. բայց ափսո՛ս, ինչ ազնիվ հոգի էր այդ չքնաղագեղ կնամարդը: Այո՛, նա մեռավ իր ծաղկափթիթ հասակում…:

– Ափսո՛ս, ափսո՛ս, – կրկնեց վարպետ Պետրոսը. վա՛յ նրա անբախտ տղամարդին… բայց չգիտե՞ք նրա մահվան պատճառը:

– Յուր տղայի ծնունդը. չկարողացավ ազատվել:

– Ա՛խ, ո՛րքան անմեղ տղաներ և ո՛րքան խղճալի մայրեր փչացրել են և պիտի փչացնեն այդ անգութ մանկաբարձ պառավները իրանց հիմարությամբ…:

– Մանկաբարձ պառավը մեղ չէ ունեցել. ասում են, որ հանգուցյալի լերդը գողացել էին «մեզնից աղեկները» (դևերը), – առարկեց տիկին Թարլանը, երեսը խաչակնքելով:

– Մի այդպիսի դիպվածում դարձյալ մեղը մանկաբարձինն է, որովհետև նրանք կարող էին գործ դնել ծննդականներին հարկավոր զգուշությունները:

– Որպիսի՞ զգուշություններ:

– Ահա այդպիսի. – շուրջանակի խազել տան մեջ, չորս պատերի երեսին մի սև գիծ, և մի գիծ ևս դռան շեմքի առջև, կարդալով այդ գործողություններին պատշաճ աղոթքները, որ բոլոր մանկաբարձները գիտեն: Այդ նախազգուշությունները կարգելեն դևերին երդիկներից կամ դռնից մտնել և մերձենալ ծննդկանին: Բայց շատ անգամ պատահել է, որ նախազգուշություններ կատարելուց առաջ, ներս մտած են լինում «չարքերը»: Այդ Ժամանակ պետք է դնել ծննդկանի չորս կողմը մերկ դաշույններ, պողովատից շինած գործիքներ և արձակել մի հրացան: Իսկ երբ ազատվել է ծնընդկանը՝ պառկած տեղը, գրելու է նրա վերմակի չորս անկյունների վրա երեք հրեշտակների խորհրդական անունները – Սանվի, Սասանվի, Սամանկալեֆ, և «ի բաց լիցի Լիլիթ»:

– Ո՞վ է այդ «Լիլիթը», – նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը:

– Միթե չգիտե՞ք, – խոսեց վարպետ Պետրոսը, – Լիլիթը է դևերի մի նշանավոր ցեղի նահապետուհին, որ մարդկային ազգի հետ հին թշնամության պատճառով՝ ուխտել է միշտ մահ նյութել ծննդկաններին և նրանց տղաներին: Դրա համար է, որ վերմակի անկյունների վրա գրում են ա՜յն երեք հրեշտակների անունները, որոնցից հալածվում է չար Լիլիթը:

– Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ. դուք չեք պատմել ինձ մինչև այսօր մի այդպիսի բան9:

Վարպետ Պետրոսը կարևոր համարեց պատմել յուր կնոջը Լիլիթի պատմությունը, և սկսեց այսպես.

– «Եվա նախամորից առաջ՝ աստված ստեղծեց հայր Ադամի համար ընկեր – Լիլիթը. դա Ադամի մոտ երկար չմնաց, այլ խռովելով հեռացավ նրանից: «Տեր», բողոքեց նախահայրը, «կինը, որ ինձ տվիր՝ չէ հնազանդվում. նա թողեց և հեռացավ ինձնից»: Այն ժամանակ աստված ուղարկեց երեք հրեշտակներ – Սանվի, Սասանվի և Սամանկալեֆ, որ հաշտեցնեն Լիլիթը Ադամի հետ: Հրեշտակները գտան Լիլիթին այն ծովի վրա, ուր կորավ Փարավոնը յուր զորքերի հետ. հայտնեցին աստուծո հրամանը, թե եթե նա չհնազանդվեր Ադամին և չհաշտվեր նրա հետ՝ տիրոջ անեծքով օրը նրա որդիներից հարյուրը պիտի մեռնեին: Լիլիթը չհոժարեց վերադառնալ Ադամի մոտ: Հրեշտակները կամեցան ձգել նրան ծովի ալիքների մեջ: Լիլիթը պաղատեց, որ չնեղեն և չչարչարեն իրան, և երդվեց, ասելով. – թեպետ ես մտադիր էի այսուհետև վնասել ադամորդիների արու տղաներին՝ նրանց ծնունդից ութ օր հետո, և էգերին` երեսուն օր հետո, բայց ես ղաշն եմ կապում ձեզ հետ և անկեղծ երդումով հաստատում եմ իմ պայմանները` այլևս չվնասել մարդոց որդիների տղայոց` երբ տեսնեի ձեր անունները արձանագրված նրանց վերմակների անկյունի վերա: (Եվ այսպես, ամեն օր մեռնում են նրա ծնունդներից հարյուր հոգի ):

Քանի այդ թալմուտական10 առասպելը մոտենում էր յուր վերջին, փոքրիկ Սալբին դողում էր վախից: Լիլիթի և դևերի պատմությունը զարթեցրին նրա սրտում մի անսովոր երկյուղ: Նա չկարողացավ ավելի դիմանալ և խնդրեց մորը, որ քնացներ իրեն: Բայց խեղճ երեխան չկարողացավ քնել, ամբողջ գիշերը նա անցրեց մի անհանգիստ դրության մեջ: Խառն և զարհուրելի երազներ խռովում էին նրա քունը. նա շատ անգամ քնաշորերից ցատկում և փախչում էր կոչելով. «Վա՛յ դևերը… դևերը»: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը գործադրեցին իրանց կախարդական բոլոր գիտությունը, բայց չկարողացան հանգստացնել երեխային. արևաբացին նա մի փոքր քնեց, բայց այնուհետև չկարողացավ վեր կենալ մահճից, որովհետև սաստիկ վառվում էր ջերմախտով:

Փոքրիկ Սալբիի հիվանդությունը ծանր հարված պատճառեց իր ծնողների սրտին: Վարպետ Պետրոսը և տիկին Թարլանը անհնարին տխրության մեջ, բոլորովին հուսահատված երեխայի մյուս անգամ առողջանալու մասին՝ միշտ լաց էին լինում: Նրանք ամենևին չէին մտածում, թե նրա հիվանդանալու պատճառը եղել է իրանց գիշերային խոսակցությունը դևերի մասին, այլ առավել կարծում էին թե անպատճառ այն չար Լիլիթը պիտի վնասած լինի երեխային` յուր անունը հիշելու համար:

Առավոտյան, լսելով Սալբիի հիվանդությունը, Հովասաբենց տունը մտան նրանց դրկիցները` ծերունի Մկրտիչը յուր կնոջ` Մարթայի հետ. – «բարձը բարի լինի…: Աստված հիվանդություն չտա», – ասելով գնացին նստեցին հիվանդի մահճի մոտ:

– Քանի՞ օր է, որ հիվանդ է Սալբին, – հարցրուց պառավ Մարթան առժամանակյա լռությունից հետո:

– Գիշերվանից, – պատասխանեց տիկին Թարլանը վշտալի ձայնով:

– Միթե այսքան ժամանակ անխնա՞մ եք թողել, և մի ճար չե՞ք արել:

– Ի՞նչ ճար… իմ ճարը մնացել է աստված… բայց այն հնարները, որ կարող է գործադրել ադամորդու խելքը` բոլորը գործ եմ դրել:

– Ի՞նչ եք արել, – կրկնեց հետաքրքրությամբ պառավը:

– Հիվանդության սկզբում, կարծելով որ «չար աչքով տվին» իմ երեխային, առավոտյան թոնրում հաց թխելու միջոցին` ալյուրը անխմոր շաղախից շինեցի փոքրիկ գնդակներ և «ասմունքն» ասելով ձգեցի թոնրի մեջ, կրակի վրա, և իրավ, գնդակները սաստկությամբ տրաքեցան` չար աչքերն էլ նրանց հետ:

– Այլևս ոչի՞նչ:

– Երբ տեսա գնդակները օգուտ չարեցին, առաջ տարավ հիվանդի մայրը, իսկույն մի մարդ ուղարկեցի ջհուդ խախամ-Շմենթոյի մոտ. նա գրքին նայելով ասել է` «չարից» է, թշնամի ոգիներից հարված է ստացել. նա հավկիթի վրա, սև հավի արյունով` գրել էր մի բան` պատվիրելով, որ թաղենք գերեզմանատան ճանապարհի վրա:

– Ինչու՞ դուք «մեոհտաջ» (կարոտ) եղաք ջհուդին, – մյուս կողմից նրա խոսքը կտրեց ծերունի Մկրտիչը – այդ կարող էր անել և ձեր ամուսին այրը, նա այդ գիտության (կախարդության) մեջ գերազանց է բոլորից:

– Այդ ճիշտ է, – պատասխանեց տիկին Թարլանը, – բայց չե՞ք լսել, որ «մարդ յուր մեռելը չէ կարող թաղել». բացի այդ, ինձ ասացին, որ ծնողների «թղթերը» չեն ներգործում իրանց զավակների վրա, այդ պատճառով մի այլ «փթիկ» տվի տեր Աբրահամը գրեց. գիտե՞ք, նրա գիրը սարը կճեղքե…: այդ փթիկը տերտերի պատվերով, յոթն աղբյուրի ջրով տրորեցինք և թասի մեջ, գիշերը «աստղունք» դրինք. առավոտյան լուսաբացին տվինք խմեց: Բայց և այնպես, այդ բոլոր զորավոր արարողությունները ոչ մի օգուտ չարեցին իմ երեխիս:

– Զարմանալի է, իրավ զարմանալի, – գլուխը շարժելով կրկնեց ծերունի Մկրտիչը:

Այդ միջոցին վարպետ Պետրոսը հիվանդի մոտ չէր: Նա յուր առանձնարանում, ո՞վ գիտե, ինչ գործողությամբ էր զբաղված` յուր երեխան մահից փրկելու համար: Բայց պառավ Մարթան երկար խոսակցությունից, երկար խորհրդակցությունից հետո – պատվիրեց, որ առավոտյան ժամ և պատարագ անել տան, աղքատներին հաց բաշխեն և շահեն սրբերի կամքը: Այնուհետև դուրս գնաց յուր ծերունի ամուսնու հետ` մաղթելով հիվանդին առողջություն:

Հաջորդ օրվա առավոտյան Ծաղկավանի սուրբ Գրորգ եկեղեցու մեջ հիվանդի համար պատարագ մատուցվելուց հետո, բոլոր ժողովուրդը երեք անգամ «տեր ողորմյա» ասելուց հետո, երբ ժամը դուրս եկավ, բոլոր եկեղեցականները հասարակ ժողովրդի հետ միասին` գնացին Հովասաբենց տունը: Այստեղ տիկին Թարլանը կեսգիշերից հոգացել էր առատ և ճոխ «ժամուհաց»: երբ բոլորը կերան-լիացան, ոտքի ելան, և մի-մի վառած մոմ ձեռքերին բռնած «պաշտում» կատարեցին, և հիվանդին առողջություն խնդրելով, Հովասաբենց ննջեցյալներին հանգիստ, արքայություն և կենդանյացը բարի հաջողություն մաղթելով` դուրս գնացին: Բայց տեր Մարուքը` Հովասաբենց ծխատեր քահանան և մահտեսի Ավետիսը` նրա խնամին, մի քանի ծերերի հետ, մնացին վարպետ Պետրոսի մոտ և նրան մխիթարելու և տխրությունը ցրվելու համար խոսակցում էին այս ու այն դատարկ առարկաների վրա:

Բայց կից սենյակում, որտեղ պառկած էր հիվանդը, շրջապատված մի քանի հնացած և փտած հասկացողությամբ պառավներով, որոնց թվումն էին Հուրի Խան-Դայան` մահտեսի Ավետիսի մայրը և Մարթան` ծերունի Մկրտիչի կինը – ծանր ու բարակ մոլեռանդ կերպով խոսակցում էին զանազան խնդիրների մասին:

– Աստուծով… այս ավուր «պաշտում՜պատարագը» և մեր զորավոր սուրբ Գևորգը կազատեն Սալբիին հիվանդությունից, – խոսեց պառավ Մարթան:

– Այդ ճիշտ է, – նրա խոսքը կտրեց Հուրի Խան-Դայան. – բայց Ղալ… գյուղի Աղքիլիսան, ասյդ հրաշալի եկեղեցին բոլորից զորավորն է. մի անգամ փոքրիկ Պողոսը հիվանդ էր. Մենք հույս չունեինք նրա կյանքի մասին. բայց ես վերցրի մի խոյ մատաղացու, գնացի նրա դուռը՝ երեխաս հետս տանելով: Մատաղը կտրել տվինք, փառավորվի՛ տեր Օհանը, մատաղի արյունից խաչաձև դրոշմեց երեխիս ճակատին, օրհնեց… և մենք տուն դարձանք, այնուհետև, որպես սատանի չարիքը ձեզանից հեռու, իմ երեխան նույնպես փարատվեցավ ցավից:

– Աղքիլիսայի գործը բոլորովին հրաշք է, – ասաց պառավ Մարթան. – չորս տարի առաջ (ես մի քանի տարի շարունակ հիվանդ էի ջերմախտով), տեր Մինասն էր քահանա այնտեղ. աստված յուր կարգն օրհնե. հատուկ աստուծո մարդ էր: Մի գիշեր «Աղքիլիսան» երազում իմաց է տալիս նրան, որ ես յուր տաճարի համար մի վարագույր կարեմ, և այնուհետև ուխտ գնամ նրա դուռը. և խոստանում է փրկել իմ ջերմախտը: Ես առանց ուշացնելու կատարեցի սրբի հրամանը, և իսկույն փարատվեց իմ ցավը:

– Ինչո՞ւ եք այդ ասում, – ավելացրեց Հուրի Խան-Դայան, գլուխը շարժելով. – ես հասակով բոլորիցդ մեծ եմ, ես անցրել եմ ավելի շատ սև և սպիտակ օրեր, քան թե դուք. ես ավելի շատ բան եմ լսել և տեսել Աղքիլիսայի մասին: Հին օրերում, մի քուրդ գողանալով նրա դրսի գավթի դուռը, յուր շալակն է առնում և սկսում է յուր տունը տանել. հասնելով յուր տունը, երբ կամենում է յուր գողացածը վայր դնել՝ չէ կարողանում, որովհետև դուռը նրա մեջքին կպած լինելով չէ շարժվում: Որքան քաշում և շարժում են, չեն կարողանում դուռը պոկել: Քուրդը ճարահատյալ, մի քանի օրից հետո, դուռը ուսին, մի քանի մատաղ յուր հետ բերելով, գալիս է Աղքիլիսա. մի քանի օր մնում է այնտեղ, կտրում է մատաղները. տերտերը աղոթում է նրա համար, և դուռը պոկ է գալիս նրա քամակից: Է՛հ, նրա հրաշքները անբավ են… Դուք լսել եք, թե ո՜րպես կատաղեցավ այն վայրենաբարո խանը, որ կտրեց այդ եկեղեցու անտառի ծառերից՝ յուր տունը ծածկելու համար. և ա՜յն, որ արյուն էր թորում ծառերի բունից, երբ կտրում էին կացինով:

– Դուք, տիկին Թարլան, ուխտեցեք Աղքիլիսային մի բան Սալբիի համար, – առաջարկեցին հիվանդի մորը:

– Ես խոստացել եմ, – պատասխանեց տիկին Թարլանը. – տասներկու լիտր վառելու ձեթ. բացի դրանից մեր երեք տարեկան երինջի ականջի ծայրը կտրեցի, ուխտելով, որ Սալբին ինքը առողջանալուց հետո տանե նրա դուռը:

Մինչ կանայք տաքացած սնապաշտական ոգևորությամբ խոսում էին սուրբերի, եկեղեցիների և ուխտատեղիների հրաշքների մասին, հանկարծ ներս մտան մի քանի ծեր մարդիկ Հովասաբենց բարեկամներից՝ ինքը վարպետ Պետրոսը, նրա խնամին՝ մահտեսի Ավետիսը, տեր Մարուքը և մի քանի այլ մարդիկ:

Երիտասարդ կանայք իսկույն, որպես դևերը խաչանշանից` փախան, աներևութացան մարդիկը տեսնելով. մնացին մի քանի հնառած պառավներ, որոնք, առանձնանալով սենյակի անկյունում, բոլորը միաժողով նստեցին աչք ու երեսները ծածկելով իրանց սպիտակ լաչակներով:

Եկվորները պատեցին հիվանդի չորս կողմը, ամենքն էլ գդակները վերցրին՝ երբ տեր Մարուքը սկսեց կարդալ «պահպանիչը», այնուհետև բոլորը նստեցին հիվանդի մահճի մոտ:

Հիվանդը անզգա թմրության մեջ էր. նրա թույլ շնչառությունը ցույց էր տալիս, թե նրա դրությունը վատ է: Վարպետ Պետրոսի սիրտը չդիմացավ. նա՝ աչքերը լցված արտասուքով՝ դուրս գնաց:

– Տեր հա՛յր, ծառա եմ աջիդ, – ասաց ծերերից մինը. – իհարկե, «ինչ որ քո ոտքը գիտե, մեր գլուխը չգիտե», բայց և այնպես ներեցեք համարձակությանս… ինձ երևում է, թե հիվանդը վատ դրության մեջ է. լավ չէ՞ր լինի մի փոքր, եթե բժշկության Ավետարան կարդայիք վրան:

– Լա՜վ ես հրամայում, պարոն Թորոս, Ավետարանը և՜ հոգևոր, և՜ մարմնավոր կերակուր է, – պատասխանեց քահանան, ամենևին չհասկանալով յուր սերտած բառերի իմաստը, և հրամայեց յուր տիրացուին, որ բերե Հովասաբենց մեռել-հարույց Ավետարանը:

Երբ Ավետարանը բերեցին, բոլորը գդակները հանած` ոտքի կանգնեցան: Քահանան ձայն տվեց. – «Ալրմաղը» բերեք. ծերերից երկու մարդ բռնեցին ալյուրի մաղը հիվանդի գլխի վրա, և տեր Մարուքը Ավետարանը նրա վրա դնելով սկսեց շարական ասելով մեկ-մեկ բաց անել Ավետարանի վրայից փոշոտած, ծխում-մխում սևացած աղլուխները: Խղճալի տեր Մարուքը, որ չգիտեր մի այլ երգ, տասն անգամ կրկնեց զանազան եղանակներով նույն երկտող շարականը, բայց Ավետարանի վրա փաթաթած աղլուխները տակավին չէին վերջացած: Վերջապես երևան եկավ մի հաստ կազմով գիրք, մագաղաթի վրա կարմիր, կապույտ և զանազան ներկերով գրված. նրա մաշկյա կողերը զարդարված էին հասարակ ակներով և մի պղնձյա խաչով, որ ամրացված էր նրա կողքի վրա:

Բոլորը երկյուղածությամբ երկրպագություն տվին, երեսները խաչակնքեցին` տեսնելով աստուծո գիրքը, որ տեր Մարուքը բացելով սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա…: Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)` հրամայեց, որ ջուր բերեն: Տիրացուն թասի մեջ ջուր բերեց նրա մոտ: Տեր Մարուքը սկսեց «խաչալվա» անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրած էր Ավետարանի մոտ, և մի քանի խառնիխուռն աղոթքներ կարդալով` երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, որից հետո տվեց թասը տիրացուին, որ յուր ձեռքումն բռնելով՝ կանգնեց քահանայի մոտ:

Փառավորվի՛ տեր Մարուքը. առավ պղնձյա խաչը, թաթխեց օրհնած ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը ասելով. «սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան «խաչալվա» ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին. – դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանը համբուրեցեք և օրհնած ջրին մասնակից եղեք:

Նույն ժամանակ բոլորը մեկ-մեկ առաջ գալով համբուրում էին սուրբ Խաչը և սուրբ Ավետարանը, դնում նրա կազմի վրա արծաթե դահեկաններ. և քահանան տեսնելով մի րոպեի մեջ կիտված արծաթը սուրբ Գրքի վրան` եռանդագին հաճությամբ օրհնած ջրով օծում էր նրանց ճակատները և խմեցնում նրանց:

Երբ ամեն ինչ վերջացած էր, տեր Մարուքը խորին զմայլանքով գրպանը լցնելով սիմոնականության արծաթը և նկատելով հիվանդի ծանր և թույլ շնչառությունը, կասկածեց, թե միգուցե տարաժամ նա մեռներ: Այդ պատճառով հանեց ծոցից մասնատուփը (որ առաջ մի հանգուցյալի քթախոտի տուփն էր, և իբր կողոպուտ հասել էր տեր Մարուքին) և հաղորդեց հիվանդին տիրոջ սեղանի փշրանքով:

Նույն միջոցին վարպետ Պետրոսի աչքերը լցվեցան արտասուքով, տեսնելով, որ տեր-հայրը վատ կարծիք ուներ հիվանդի մասին:

– Հոգս մի անիր, որդի, – ասաց նա վարպետ Պետրոսին. – այդ սրբությունը առողջության գլխավոր դեղն է հիվանդների համար. դա թեթևացնում է ամեն տեսակ ցավեր:

Արդարև, ամենեքյան լցված հոգևոր ջերմեռանդությամբ, սպասում էին, թե ի՜նչ ներգործություն կանեին հիվանդի վրա սուրբ արարողությունները, բայց տեր Մարուքը այդ իրողությանը ամենևին ուշադրություն չդարձրեց. նույն րոպեում նա զբաղված էր մի այլ բանով. նա չկարողանալով արձակ-համարձակ տեսնել խաչահամբույրների հաշիվը, մի ձեռքը գրպանը տարած՝ կամաց կամաց համարում էր արծաթները:

Քահանան վեր կացավ, և բոլոր բազմությունը նրա հետ դուրս գնաց: Հիվանդի մահճի շուրջը պատեցին դարձյալ պառավ իմաստնուհիները և սկսեցին խոսել իրանց առասպելաբանական խորհրդածությունները:

Մի քանի շաբաթից հետո տեր Մարուքի շնորհիվ և աստուծո ողորմոլթյամբ, փոքրիկ Սալբիի տկարությունը հետզհետե ուղղվելով նա բոլորովին առողջացավ ի մեծ ուրախություն յուր ծնողների:




Դ

ՎԱՐԺԱՊԵՏԸ ԵՎ ՎԱՐԺՈՒՀԻՆ


Վարպետ Պետրոսը երկար չվայելեց յուր զավակի ուրախությունը, որ սուրբ Կարապետը բաշխել էր նրան: Նա վախճանվեց, անմխիթար սգի մեջ թողնելով յուր կինը՝ տիկին Թարլանը և յուր հինգ տարեկան աղջիկը՝ նազելի Սալբին: Սալբիի մայրը, ամուսնու մահից հետո բարեխնամ կերպով հոգաբարձու եղավ փոքրիկ Սալբիի կրթությանը: Յոթն տարեկան հասակում Սալբին հանձնվեց Հովասաբենց դրացի Մարթային, խելացի և բանագետ պառավին, որի խոհեմության և շնորհալիության մասին տիկին Թարլանը մեծ համարում ուներ: Պառավ Մարթան ինքը կարդացած չէր և ոչ իսկ տիկին Թարլանը յուր աղջիկը հանձնեց նրան այն մտքով, որ գիր կարդալ և ուսում սովորե: Գրագիտությունը այն ժամանակ մի չար բախտով` սովորություն չէր, ո՜չ միայն աղջիկների, այլև տղայոց համար: Բայց տիկին Թարլանրը հանձնեց Սալբիին յուր նոր վարժուհուն, որ նրան ծառայելով՝ կար և ձև, խելք-հրամանք և ազնիվ ու առաքինի բարք ու վարք սովորե:

Տունը, որի մեջ բնակվում էր Մարթա պառավը յուր ալևոր ամուսնի՝ Մկրտչի հետ, արժանի է հարցասիրության, ո՜չ նրանով միայն, որ նա մի զույգ արդար և բարեպաշտ ամուսնակիցների բնակարանն էր, այլ առավել նրանով, որ այդ տունը պահում էր յուր մեջ մեր պապերի հին տների շինվածքի բոլոր ձևերը, ներքին և արտաքին բոլոր սարք ու կարգը, բոլոր կահ-կարասիքը, տներ` որոնց մեջ նրանք անցրել են իրանց ցավալի կյանքը Պարսկաստանում:

Դռան առջև, երկու կամ երեք թզաչափ բարձրությամբ ձգած է կովերի «կուն» (աղբը), որպեսզի փողոցի միջից անցուդարձ անողների ոտերի տակ պնդանալով «տարթ» (տոռֆ) դառնա, հետո կտրեն թոնրի վառելիքի համար: Այդ ապականությունը անձրևային օրերին ձևացնում է մի գարշահոտ ճահիճ, որի մեջ մինչև ծնկները թաթախվելով, ոտերդ և «սոլերդ» (կոշիկներդ) մի լավ ներկելով այդ հինայի մեջ, ներս ես մտնում՝ գլուխդ խոնարհեցնելով մի նեղ դռնից. քո առջև բացվում է նախագավիթը յուր ցածրիկ, քայքայված շրջապարիսպներով, շինած պնդացած կավից, որ, երկար ժամանակ «մոլայի» կամ «սվաղի» երես չտեսնելով՝ համարյա կիսամաշ էին եղել անգութ անձրևից, ձյունից և կարկուտից: Այդ նեղ և անձուկ բակի տարածությունը հազիվ յուր մեջ կարողացել է տեղավորել աղբանոցը, ուր թափում էին ամեն օր վառած աթարի մոխիրը, և արտաքնոցը՝ շրջապատած ճյուղերից հյուսած ցանկապատով: Հարկավորության այդ երկու գլխավոր տեղերում, որ միանգամայն բակի միակ զարդարանքն էին կազմում, ժամանակի ընթացքում ամենայն տեսակ ապականությանց՝ աղբի և մոխրի բավական մթերք հավաքվելով, կուտակվում, բարձրանում` կազմում էին մի քանի բլուրներ, որ ոչ սակավ ձեռնտու էին լինում տանտիրոջ օգտին, երբ երկրագործը գնելով այդ ապականությունը, տանում էր յուր հողերը պարարտացնելու, նրանց ուժ և զորություն տալու համար: Այդ օրհնյալ գնողի շնորհիվ մի քանի օր բակը ազատվում էր ժահահոտությունից, և մարդ կարող էր, առանց պնչածակերը երկու մատերով պինդ փակելու՝ բակի միջով անցնել և մտնել ծերունի Մկրտչի տունը – եթե նրա հետ գործ ունենար:

Առաջին շինվածքը բակի հարավային ճակատում՝ է սրահը. մի երեք կուսից պարսպով պատած, առջևը կամ երեսը բաց, փայտյա վանդակապատով չափարած ծածկոծ, որը մինչև այսօր պահում է յուր հին անունը: Այստեղ բնակում են ամառը, կամ եղանակների տաք օրերին: Սրահի միջից բացվում է մի նեղ դուռն, որ ներս է տանում դեպի խրճիթը՝ գլխավոր տաք բնակարանը, որի մեջ անց են կացնում ձմեռը:

Այդ քառակուսի խուղը11 շուրջանակի չորս կավյա խարխուլ պատերի վրա պահում էր ցածր, ծխից-մխից սևացած առաստաղը, որ գմբեթաձև բարձրանալով, յուր գագաթում թողնում է մի բոլորակ ծակ, որին անուն են տալիս «երդիք»: Այդ նեղ բացվածքից կաթում էր մի աղոտ լույս, որ հալածում էր խրճիթի խորին, մելամաղձական խավարը: Բոլորովին մերկ, որպես դուրսը – գետնի մեջ, խրճիթի կենտրոնում փորած է «թոնիրը», մի բոլորակ խոր կամ փոս, որի մեջ ամեն օր վառում են և նրանում եփում են տան համար հարկավոր բոլոր ուտելիքը: Աթարի թանձր և կծու ծուխը սև ամպերի նման բարձրանալով թոնրից՝ հավաքվում է գմբեթահարկ առիքի12 մեջ և որպես վուլկանի բերանից – քուլա-քուլա դուրս է գնում և սև վիշապների նման գալարվում է օդի մեջ:

Ամեն օր հարկավոր է վառել թոնիրր կերակուրի և տաքանալու համար, և այդպես, ամեն օր ծերունի Մկրտչի խրճիթը ձևացնում է մի մթին ծխի օվկիանոս, որի մեջ լող են տալիս տանտերերը, հազալով, փռշտալով – իրանց արցունքոտած աչքերը ճմռելով և տրորելով. մինչև աստուծո շնորհիվ աթարի մեջ սպառվում է վառվող նյութը, սև թուխպերը կամաց-կամաց դուրս են գնում, խավարը հալածվում է և մռայլի միջից սկսում են տեսանելի լինել խրճիթի ներքին առարկաները: Պառավ Մարթան՝ տնարար տանտիկինը, պպզած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքում, խառնում է իրանց համար եփած ապուրը, իսկ ծերունի Մկրտիչը, նույնպես կկզած թոնրի մոտ, մի կոտրած պտուկի կտորի մեջ բովում է յուր համար սեխի կորիզներից «աղանձ» և թեպետ նրա բերանում միայն մի քանի ատամ էին մնացել, բայց աղանձը լցնում է յուր գրպանը և մինչև իրիկուն ծուլորեն սկսում է «չրթել»: Այդ էր նրանց միակ սենյակը, որը, չնայած որ շատ ընդարձակ չէր, բայց ծերունի Մկրտիչը նայելով յուր դրացիների անձուկ խրճիթներին, որոնց մեջ նրանք խեղդվում էին, նա գոհունակ սրտով ամեն օր «բարի լույսի» դեմ փառք է տալիս աստծուն, խնդրելով որ լուսավորի յուր հանգուցյալ պապի հոգին, նրան հանգիստ արքայություն պարգևե՝ իրան մի այդպիսի մեծ և ընդարձակ տուն թողած լինելու համար, որի նմանը չունեին բոլոր գյուղացիք Ծաղկավանի մեջ: Այդ տան մեջ բնակվում էր ծերունի Մկրտիչը յուր առաքինի կնոջ և ընտանի անասունների հետ:

Խրճիթի վերնակողմում դրված է «փեթակը»՝ մի մեծ փայտյա արկղ, բաժանված զանազան պահարանների, որոնց մեջ լցրած են ալյուր, ցորեն, լավաշ և տան բոլոր պաշարեղենը: Փեթակի վրա դրված են քնաշորերի, սփռոցների և կապերտների ծալքերը: Դռան աջ կողմում մեծ-մեծ թխած փթիրները և տառթերը պարսպաձև միմյանց վրա շարած` թումբի նման բարձրանալով, բաժանում են խրճիթի մի փոքրիկ մասը, ուր լեցրած է աթարներով, ոչխարի գնդաձև պտտուրներով, չոր ու ցամաք տերևներով, որոնք գործ են ածվում թոնրի ամենօրյա վառելիքի համար: Դռան ձախակողմում այդպիսի նյութերով կտրած մի անկյուն էր կացուցանում մարագը, ո՜ւր լեցրած է դարման (հարդ), խոտ՝ չորքոտանիների ձմեռվա ապրուստի համար: Դրանց մոտն է և հավերի թառը: Խրճիթի մի անկյունում շինված է չորքոտանիների մսուրը, որի վրա կապած են Յուղաբերը՝ պառավ Մարթայի գեր ու պարարտ կովը, յուր սիրուն խայտաբղետ հորթի հետ, որի մարմնի սպիտակ գծերը կամ «զոլերը» նա ներկել էր հինայով. նրա մոտ՝ կովի մատաղահաս երինջը, որ տալիս էր լի հույսեր յուր գալ տարվա մեջ հղի լինելուն: Մի փոքր հեռուն, կանգնած է, ականջները ծուլորեն վայր կախած – մոխրագույն էշը՝ «ծերունի Մկրտչի ոտերը» – որպես կոչում էր նա:

Կարծես թե երկար տարիների կենակցությունը սովորեցրել էր այդ օրհնյալ անասուններին կարեկցաբար մասնակից լինել իրանց տերերի ուրախ և տրտում զգացմունքներին: Երբ պառավ Մարթան շատ անգամ յուր վշտերը և տխրությունը հալածելու համար մոտենում էր յուր մտերիմ Յուղաբերին, քորելով, փայփայելով նրա սիրուն գլուխը, և կամ գրկում էր նրա կայտառ հորթը, սկսում էր համբուրել նրան, կովն էլ, ուրախությամբ յուր պոչը շարժելով, գլուխը թափ տալով, դուրս հանելով յուր խարտոցի նման լեզուն` սկսում էր լիզել յուր տիկնոջ խորշոմած երեսը:

Ամեն օր, երբ ծերունի Մկրտիչը քորոցը ձեռքում սկսում էր գովաբանելով քորել յուր իշու մարմինը, նրա խեղկատակ գրաստը չէր դադարում յուր ծերունի տիրոջ հետ խաղալ յուր ամենօրյա կատակերգությունը, նա շատ անգամ յուր ատամներով ձիգ էր տալիս նրա հանդերձի փեշերից, ծլունկ լինում, տռտիկ տալիս, քացի գցում և վեր-վեր թռչում, մինչև արձակելով յուր հետքից մի սաստիկ տրխկոց՝ շարժում էր յուր տիրոջ սառն երեսի չոր ու ցամաք խորշոմները մի անսովոր ծիծաղով:

Յուղաբերը յուր անունի համեմատ ամեն օր առատ կաթ և յուղ էր տալիս: Պառավ Մարթայի դրացի կանայք մախանոք13 նայում էին մի այդպիսի բախտին, տեսնելով, որ իրանց երեք կամ չորս կովերը հազիվ էին տալիս Յուղաբերի չափ կաթ: Մի այդպիսի անսովոր բան առիթ տվեց նրանց կարծելու, թե պառավ Մարթան գործ էր դնում կախարդական զորություննեը:

Եվ արդարև, թեև պառավը ոչ ոքի չէր հայտնել, բայց մենք գիտենք, որ ոչ սակավ նշանակություն ուներ կաշվի մեջ կարած այս եռանկյունի թուղթը, որ քարշ էր տվել նա Յուղաբերի երկու լուսնաձև կոտոշների մեջտեղում – ճակատի վրա: Այլև շատ անգամ համբարձման գիշերին պառավը լիքը մի կուժ ջրով դնում էր թուրքերի գոռխանայում նրանց գերեզմանների մեջ. առավոտյան լուսաբացից առաջ, առանց խոսելու, առանց ետև մտիկ տալու՝ տանում էր տուն և այն կժի ջրով հարում ծծումը, և ծծմի մեջ բոլոր մածունը կարագ էր կտրում: Այլև, նրա ծծումի կանթից միշտ քարշ էր ընկած շորի մեջ կարած մի քանի հատ չորս տերևանի խոտ, որ թիլիսմանական զորություն ուներ:

Ե՜վ այդպես – խրճիթի մի կողմում ահագին փեթակը, մյուսում կովի և իշի ախոռը, դռան աջակողմում վառելիքների ամբարը, ձախակողմում դարմանոցը և հավերի թառը, խրճիթը չորեք կողմից այդպես նեղանալով – թոնրի շրթերի մոտ մնում էր մի քանի թիզ արձակ գետին, ուր փռած էր երկու հասիր (փսիաթ), որոնց վրա նստում էին երկու ալևոր ամուսինները իրանց ոտերը թոնրի մեջ մեկնելով:

Ծերունի Մկրտիչը վաղուց հետե, երբ նրանց զավակ չէր ծնվում, պահում էր մի քանի հատ տնօրիկ (ընտանի) աղավնի, այն մտքով, որ դրանցով կշահեր աստուծո հոգին և կստանար նրանից որևէ վարձատրություն: Այդ պատճառով նրանք մեղք համարելով թափել այդ արդար թռչունների արյունը, ո՜չ մորթում էին և ո՜չ ուտում նրանց միսը: Առավոտները քնաթաթախ վեր է կենում պառավ Մարթան, դուռը բաց անում, դուրս գալիս, «ճո՜ւ-ճո՜ւ-ճու՜», ձայն է տալիս նա: Եվ նույն րոպեին դուրս են թափվում հավերը և աղավնիները: Նա ցրվում է նրանց առջև կուտը, և հավերը, ուրախ-ուրախ պառավի չորս կողմը պտտվելով, կաչկաչելով – սկսում են կտցել հունդերը: Բազմաթիվ ճնճղիկներ ևս, իրանց ամենօրյա սովորության համաձայն վայր են իջնում և նրանց հետ խառն սկսում են քաղել կորյակի, ցորենի հատիկները: Պառավը ամենևին չէ հալածում չար ճնճղիկները, թույլ տալով, որ երկնքի թռչուններն ևս կերակրվին յուր հունդերով:

Ծերունի Մկրտիչը թեպետ յուր տարիքը առած՝ բայց տակավին մի ժիր և աշխատասեր մարդ էր: Նա ամբողջ ամառը անցնում էր մշակելով յուր երկու օրավար հողը, և աշնանը քաղում էր գետերի եզերքից ու ճախիններից բավական ջիլ (գզեր), ժողովում էր յուր տան մեջ և ձեռքով նրանցից հասիրներ էր գործում: Բացի դրանից, նա հավաքում էր բավականաչափ ճապուկ ուռի ճղեր, նրանցից քթոցներ, զամբյուղներ հյուսելու համար: Պառավ Մարթան ևս շատ գործունյա և տնարար կին էր. նա ամեն օր, թոնիրը վառելուց և տունը կարգի դնելուց հետո յուր բամբակ մանելու ճախարակը առջևը դրած մինչև իրիկուն աշխատում էր նրանով: Այդ համեստ արհեստներով նրանք ո՜չ միայն վաստակում էին իրենց ապրուստի պիտույքները, այլև իրանց դրացիների մեջ, ուր աղքատությունը ճնշել էր յուր ծանրության տակ բյուրավոր խղճալի հայերի գերդաստաններ – նրանք համարվում էին հարուստ:

Փա՛ռք աստոլծո, ծերունի Մկրտչի փեթակը լի էր ալյուրով, ախոռի մեջ կապած էր գեր և պարարտ կովը յուր սիրուն հորթի հետ, նրա մոտ կապած նորահաս երինջը և ուժեղ էշը, թառը տասն հատ հավերով, ծալքը լի էր շորերով: Դրսում ցանած հողը՝ բացի դրանից, նա վճարել է տան և գլխի հարկը, քահանայի և վանքի պտղին, այնուհետև նրա դռնից կանչող չկա. ոչ մի մարդ նրանից առնելիք չունի: Իսկ նրա դրացիք, ընդհակառակն, հառաչում են խանի ֆերրաշների վարոցների14 տակ և չեն ազատվում ծանր հարկերից:

Բայց խոսքը մեր մեջ թող մնա – ծերունի Մկրտիչը մի քանի արծաթ կռան15 թաքցրած հոգեբաժին ևս ուներ, որ նա խնայողությամբ ավելացնելով յուր վաստակներից, պահել էր յուր վերջին օրերի համար, որ այդ արծաթով պատարագ մատուցել տային յուր հոգու համար, և ժամով-քահանայով թաղեին իրան:

Ծերունի Մկրտիչը գյուղի մեջ ամենօրյա պատահական դեպքերի կենդանի օրագիրն էր. նա գիտե՝ թե այս ինչ մարդը ի՜նչ զարմանալի երազ է տեսել, ո՜վ մեռել, ո՜ւմ որդի ծնել, ո՜վ պսակվեց, որին նշանեցին, կամ ով քանի՜ օրից հետո հարսանիք ունի: Նաև խոսում է հոգևորական բաների վրա, թե եկեղեցում ի՜նչ կարդացին, այս ինչ տերտերը քանի՜ սխալ ասաց: Շատ անգամ նա խոսում է նաև տերությունների և պատերազմների վրա, և հաստատում է գրքերի ու սրբերի խոսքով, թե խեղճ հայ-քրիստոնյային պիտի «մի լույս ծագե, որով նրանք ազատվելու են անօրենների բռնությունից: Բայց թե ո՞րտեղից էին հասնում նրան այդ լուրերը, ստո՞ւյգ էին, թե սուտ` ո՜չ ոք չգիտեր:

Ժամատան կոչնակները զարկում են: Առաջին մարդը, որը երևան է լինում բեմի առջև՝ ծերունի Մկրտիչն է: Նա, չսպասելով լուսաբացին, վառում է կանթեղները և ջահերը, գրքակալը դնում է սեղանի առջև, կարգի է բերում բեմի վրա գրքերը և խաչերը, պատրաստում է բուրվառի մեջ շիկացրած ածուխ, և յուր քթի աղլուխով սրբում է պատկերների փոշին, մոմեր վառելով նրանց առջև, համբուրելով, երկրպագություն տալով` հեռանում է:

Գալիս են քահանաները: Ծերունին շտապելով բերում է փիլոնները, ձգում տերտերների ուսի վրա, և գրպանից հանելով քթախոտի պարկը՝ ժպտալով, շախա-շուխա անելով, նրանց մեծարում է, ձեռները պաչում և բազում օրհնություններ ստանալով` գնում կանգնում է յուր տեղում: Սկսվում է ժամերգությունը: Եկեղեցին լցվում է հավատացյալ գյուղացիների բազմությամբ: Ծերունին դարձյալ հանգիստ չէ, նա անդադար ցատկում է այս ու այն կողմը, կտրում է պատրույգների ծայրերը, լուսավորում է կանթեղները, որի յուղը պակաս էր՝ լցնում է. եթե պատկերների մինի մոմը հանգած ծխրտում է՝ յուր մատներով սպառում է ծուխը, որ անախորժ հոտ չարձակեր դեպի սուրբ պատկերը: Երբ նա կանգնած էր յուր տեղում, նրա սրատես աչքերը նայում են դեպի ամեն կողմ: Եթե տերտերի շուրջառի կամ փիլոնի փեշերից ծալված էին, և կամ մի տեղ կծկված էին, շուտով գնում և ուղղում էր այն: Քահանան կարդում է սուրբ Ավետարանը: Մի մանուկ տիրացու լուսավորում է աստուծո գիրքը՝ սխալմամբ յուր ձախ ձեռքով: Ծերունին նշմարում է այդ, բարկությամբ գնում է, խլում է մոմը և աջ ձեռքով է բռնել տալիս, ապա նայում է դեպի դասերը. եթե փոքր երեխաներից մինը մի անկարգություն էր գործում, մոտենում և նրա գլխին մի ապտակ է թխկացնում, ականջն մի լավ ձիգ է տալիս և մռմռալով հետ է դառնում, կանգնում է յուր տեղում: Երբ նա հանգիստ կանգնած «տերողորմյայի» հատիկները ձեռքում չխչխկացնում և համարյա լսելի ձայնով կարդում է ժամերգուների հետ, բայց միաժամանակ հուշարարի նման նա չէր դադարում հեռվից նշան տալ այս կամ այն քահանային կամ տիրացուին իրանց կարգը պահելու և ընթերցվածքի մեջ իրանց սխալը ուղղելու: Թեպետ նա ինքը կարդացած չէր, բայց երկար տարիների ժամ գալու սովորությունը սովորեցրել էր նրան անգիր սերտել եկեղեցական աղոթքներից, երգերից և այլ ուսմունքներից շատերը: Այդ պատճառով, շատ անգամ, քահանան պատրաստ չեղած ժամանակ նա էր օրհնում ժամը «Հայր մեր» և ուրիշ աղոթքներ ասում, այլև սուրբ Ավետարան կարդում, դրա համար ծերունի Մկրտիչը ստացավ «կես տերտեր» մականունը:

Այդ բոլորը թեպետ խիստ ծանր էր եկեղեցականներին, բայց նա ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց տրտունջին, այլ սիրով շարունակում էր կատարել աստուծո տան սպասավորությունը:

Ծերունի Մկրտչի, որպես մի սնահավատ և մոլեռանդ հայի – ո՜չ միայն տարապայման բնավորությունը, առաքինի բարք ու վարքը արժանի էին հարցասիրության, այլև՜ նրա հագուստը առավել գրավում է մեր ուշադրությունը յուր խորհրդական ձևով: Այդ հագուստը կարող էր ճիշտ օրինակ տալ մեր պապերի հին զգեստաձևերի, որոնց վրա մի ասեղի չափ չէ ներգործել «մոդան»: Նրա գրպաններում, ծոցում և գդակի մեջ կարելի էր գտնել ամենայն ինչ, որ այնքան հին տարիներից մեծ զգուշությամբ պահվում էր որպես սրբություն: Նրա ամենասիրելի կինը անգամ չէր կարող ձեռնամերձ լինել նրա հագուստի ուխտյալ պահարաններին, որոնց մեջ գտնվում էին – մոմի կիսավառ կտորներ, մի նշանավոր վանքից նրան ուղարկված նշխարքի պատառներ, օրհնության թղթեր, սուրբերի փոքրիկ պատկերներ, զանազան խաչեր պղնձից և սադաֆից: Այլև նա յուր գդակի մեջ, գլխի վրա պահում էր չորս մատնաչափ լայնությամբ և երեք անգամ յուր հասակի երկայնությամբ մի մագաղաթի վրա գրվածք, որին անուն է տալիս «ճառ»: Նրա վրա զանազան փայլուն ներկերով նկարված են հրեշտակապետների – սերովբեք և քերովբեքի և սուրբերի պատկերներ, ամեն մինի ներքև մի աղոթք նույն սուրբի անունով, որ վերջանում էր հետևյալ խոսքերով. – «Եվ եղիցիս պահապան ծառայիս աստուծոյ Մկրտչին եւ կողակցի նորին Մարթային»: Սնապաշտ մարդիկ պատմում են, որ այդ հաստ մագաղաթի փաթոթը, ծուխի և մուխի մեջ սևացած, քրտինքի մեջ եղոտած, ցեցակեր եղած շատ անգամ, տեսել են, որ նա մութ տեղում լույս էր տալիս, և զարհուրելի ձայներով մեկ տեղից դեպի մյուսը թռչկոտում: Ուրիշ ի՛նչ բաներ չէր կարելի գտնել այդ մարդու հագուստի գաղտնածածուկ ծալվածքի մեջ: Նրա «արխալուխի» աջ թևի ներսի կողմից, «ղադաքի» մեջ, եռանկյունի ձևով միմյանց մոտ կարած են զանազան փոքրիկ և մեծ «փթիկներ». գրված անհասկանալի նշանագրերով:

Միևնույն բնավորությունն ուներ և նրա կինը, պառավ Մարթան, ջերմեռանդ և կրոնամոլ կնամարդը: Կարծես թե աստված դրանց ստեղծել էր միմյանց համար, երկուսը իբր մի մարմին, կապված էին կրոնքով, և երկուսի մեջ բնակվում էր մի հոգի: Պառավ Մարթան ավելի սնապաշտ էր քան յուր ամուսինը. նա հավատալով հայերի մեջ եղած այն ավանդության, թե դևերը և սատանաները վախենալով խույս են տալի պողովատից, որովհետև պողովատը լուծում է նրանց աներևույթ լինելու կարողությունը, այդ ավանդության հիման վրա, նա մի պողովատե օղամանյակ էր անցրել յուր պարանոցին, բազուկներին ապարանջաններ և մատին մի հատ մատանի – նույն մետաղից: Նա յուր հարսանիքի հագուստի կապոցի վրա նույնպես շարել էր ասեղներ, որպեսզի դևերը նրանց չմերձենային և գիշերները հագնելով հարսանիք չանեին: Բացի դրանից, պառավ Մարթան յուր անձը պատսպարել էր զորավոր գրվածքներով, մանր ուլունքներով զարդարված նրա թևերի վրա կապած «բազբանդները» պարունակում էին իրենց մեջ «թիլիսիմներ»: Մի արծաթյա կիսալուսին, խազած անհասկանալի նշանագրերով՝ քարշ էր գցած յուր պարանոցի մանյակի շարքից: Նա յուր վզին կապել էր մեկ մատնաչափ երկայնությամբ արծաթյա խողովակ, որ ավելի նմանություն ուներ թնդանոթի խողովակին: Դրա մեջ ամփոփված էր մի թղթե փաթոթ, ո՞վ գիտե ի՛նչ լեզվով գրված: Այդ թողել էր նրան յուր հանգուցյալ մայրը, որ մեռնելու ժամանակ դողդոջուն ձեռքով մեկնեց դեպի յուր աղջիկը, ասելով. «Ա՜ռ, Մարթա՜, անցրու պարանոցովդ այդ հուռութքը, դա կպահպանի քեզ ամենայն չարից…»: Նրա երեսի երկու կողմից, ականջների վրա, գնդերու հետ միասին կախած էին գույնզգույն մետաքսյա գործվածքների մեջ կարած քառանկյունի ձևով փոքրիկ փթիկներ, որ հայոց լեզվով նշանակում է կախարդական բժժանքներ:

Մենք ավելորդ ենք համարում ձանձրացնել մեր ընթերցողին, մի ըստ միոջե նկարագրելով պառավ Մարթայի բոլոր զարդարանքը, որ շնչում էին կախարդական և կռապաշտական ոգով: Բայց չէ կարելի մի քանի խոսք չասել նրա սնահավատության մասին կրոնական իրողության մեջ:

Մի օր նրանց տան մեջ մի մեծ դժբախտություն պատահեց. առավոտյան Մարթան վեր կացավ, թոնրի խուփը վեր առավ և զարհուրեց տեսնելով թոնրում սատկած իրանց կատուն: Նա սկսեց ցավակցաբար և ողորմելի եղանակով հառաչել, ո՜չ նրա համար միայն, որ նա կորցրեց յուր սիրելի կատուն, այլ ավելի այն պատճառով, որ կատուն թոնրի մեջ սատկելով՝ պզծել էր նրան: Նա շուտով կանչեց յուր ամուսինը, երկուսը միասին դուրս քաշեցին սատկած կատուն ու ձգեցին նրան իրանց տանից հեռու, գյուղից դուրս: Այնուհետև կանչեցին քահանային, որը օրհնեց թոնիրը, մաքրեց` «խաչալվա» ջուր սրսկելով նրա մեջ, և պատվիրեց քառասուն օր վառելուց հետո միայն նրա կողերի վրա լավաշ թխել:

Ահա. մի այդպիսի գերդաստանի մեջ, մի այդպիսի վարժապետի և վարժուհու հոգաբարձության հանձնվեց Հովասաբենց Սալբիի, մեր վիպասանության հերոսուհու կյանքի առաջին դաստիարակությունը և ուսումը:

Բայց ի՞նչ ուսում, ի՞նչ դաստիարակություն: Ի նկատի ունենալով այն չարչարանքները, որ խղճալի աղջիկը կրում էր պառավ Մարթայի ձեռքում, սխալ չէր լինի ասել, որ Սալբին մի ժիր աղախին էր այն տան մեջ: «Սալբի՜, աղբյուրից ջուր բեր… թոնիրը վառե… տունը ավելե՜ … կովը կթե՜ … հավերուն կուտ, ջուր տուր… այ՜ս վեր առ… այ՜ն վեր դիր…»: Այդպիսի հրամաններ նա լսում էր առավոտից մինչև իրիկուն պառավ Մարթայից:

Ծերունի Մկրտիչը ևս, յուր հերթում, չէր թողնում, որ խեղճ աղջիկը հանգիստ մնար: «Սալբի, չիբուխս լցրու՜, զա՜րկ, հասիրների ջիլերը թրջե՜, որ կակղեն, էշուն ջուր տուր»: Շատ անգամ հրամայում էին նրան մաքրել ախոռը, կովի և իշու աղբը քթոցով շալակն առնել և դուրս տանել, կամ թոնիրի մոխիրը կողովի մեջ լցնելով՝ տանել աղբանոցը: Այդ բոլոր ծառայությունը խղճալի աղջիկը կատարում էր առանց դժգոհության, որովհետև նա միշտ աշխատում էր շահել ծերունի Մկրտչի և պառավ Մարթայի սիրտը, որպեսզի նրանք չգանգատվեին յուր անագորույն մորը, թե Սալբին խելոք չէ, ականջ չէ դնում, որպիսի դեպքերին Թարլանը խիստ սաստիկ ծեծ տալով պատժում էր յուր աղջիկը, պատվիրելով, որ նրանք նույնպես ծեծեին նրան, միսն առնեին, ոսկրը թողնեին, աչքը հանեին՝ ափի մեջ դնեին, որ խելոքանա, բան սովորե և օրինավոր կին դառնա…




Ե

ԼԵՅԼԻ ԵՎ ՄԵՋՆՈՒՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՔԸ


Ամառային գիշերներին, երբ սովորաբար քնում են կտուրների վրա արձակ օդի մեջ, արևելքի մայրիկները պատմելով իրանց հարցասեր զավակներին Լեյլիի և Մեջնունի սիրո վեպերը, մատով ցույց էին տալիս այն երկու պայծառ աստղերի վրա, որ ա՛յնպես հիանալի փայլում էին գեղեցիկ երկնակամարի վրա: Լեյլիի սիրով գժված-ցնորված Մեջնունը, այդ անբախտ տարփածուն, այս չար աշխարհի մեջ չկարողանալով հասնել ըղձին, աստված փոխադրում է նրանց համաստեղների կարգում: Այնտեղ, ազատ և արձակ երկնքի մեջ դարձյալ խիստ անողորմ գտնվեց դեպի նրանց սիրահարությունը, որովհետև նրանք անչափելի տարածությամբ միմյանցից հեռու, այրվում վառվում են սիրո կրակով:

Բայց տարին մի անգամ, սուրբ Համբարձման գիշերը տիրոջ հրամանով Լեյլին և Մեջնունը անչափելի ճանապարհ կտրելով՝ մոտենում են միմյանց, գրկախառնվում և առնում են իրենց կարոտը…:

Պառավ Մարթան քանի՛-քանի՛ տարիներ այն կախարդական գիշերին, շատ անգամ իրանց կտուրի վրա անքուն հսկել է, սպասելով այն ուխտյալ րոպեին, երբ այդ երկու աստղերը՝ անբախտ Լեյլին և Մեջնունը – մերձենալով կհամբուրեին միմյանց: Բայց միշտ մի ակամա թմրություն տիրելով նրան, անմասն էր կացուցել խղճալի Մարթային այն դյութական ժամի բոլոր գաղտնիքից: Այնուհետև պառավ Մարթան անձնատուր եղավ տեսակ-տեսակ ճգնությունների և սկսեց աղոթքով, ծոմով և պահեցողությամբ մաշել յուր անձը: Մի գիշեր սուրբ տիրամոր շնորհիվ տեսնում է՝ հանկարծ անհուն երկնքի երեսը շառագունեցավ. լսելի եղան հրեշտակային տաղերգներ քաղցրաձայն նվագների հետ, բնության խորին լռությունը կենդանացավ թռչունների անուշ մեղեդիներով, աստղերը սկսեցին երկնքից վարդեր թափել. օդի մեջ բուրեց անուշ խնկահոտություն, և պառավ Մարթան, զգաստանալով այդ նշաններից, աչքերը դեպ երկինք բարձրացրեց, տեսավ այն երկու հրաշալի աստղերը չափազանց պայծառացած՝ որպես երկու արեգակ՝ միմյանց մոտեցան…:

Նույն րոպեին բոլոր առարկաները, բոլոր ծառերն ու ծաղիկները, հանքերը, սարերը և քարերը – բոլորը լեզու ստացած սկսեցին շնորհավորել նրանց տեսակցությունը, պատմել բոլոր գաղտնիքները, որ բնությունը թաքցրել էր իրանց մեջ, թե իրանք ինչպիսի ցավի դարման կարող են լինել և ինչ էր իրենց գոյության խորհուրդը: Ահա այդպես պառավ Մարթան ճանաչելով մի քանի բժշկական խոտեր, այնուհետև սկսեց հայտնապես, առանց որևիցե վարձատրության՝ օգնություն հասցնել անճար հիվանդներին, և բժշկել թեթև ցավեր: Բայց այն չնչին վարձատրությունը, որ նա պարսկերեն կորչում էր «նիազ», պառավ Մարթան ընդունում էր ոչ թե յուր նյութական օգտի համար, այլ, որպես հավատացնում էր նա, թե առանց նիազի բժշկական դարմանները իրանց զորությունը կկորցնեին: Օրինակ, տեսնում ես մի օր ծերունի Մկրտչի խրճիթը ներս է մտնում մի կին, յուր գրկում փաթաթած երեխա է, հեզիկ բարև տալով, գնում, նստում է պառավ Մարթայի կողքին: Ծերունի Մկրտիչ հյուսում է փսիաթ՝ յուր սովորական երգը երգելով: Եկող կինը, ծերունուց ամաչելով, երեսը յուր թանձր և անթափանցիկ երեսքողով մինչև կուրծքը ծածկելով՝ լուռ և մունջ նստած է: Ծերունին նշմամրելով, որ յուր ներկայությունը արգելք է լինում նորեկ հյուրին, վեր է կենում, և իշու «նուխտից» բռնելով՝ դուրս է տանում գետի եզերքում արածացնելու պատրվակով:

– Բարո՛վ, Խաթուն-Բաջի, – ասում է Մարթան:

– Աստծո բարին քո արևին, – պատասխանում է եկվորը:

– Ի՞նչ կա, բարի լինի, – հարցնում է պառավը:

– Աստուծով բարի է… բայց Մարթա, իմ աչքի լույս, երեխես ահա մի ամիս է ցավից աչք չէ բացում:

– Հա՜, քույրիկ, այս տարի չար տարի է, ցավ ու չոռն շատ է. տերտերն էլ այդպես է վկայում գրքի խոսքով… Հարբուխ, խորուզակ, տաքոտք, համարյա ամեն տան մեջ տանջում են երեխաներին:

– Բայց իմ երեխիս ցավը մյուսների նման չէ. նրանց շատերի վիզը և կոկորդը ուռչում է, կամ հազում են. «խաչիցն» է, ասում են. այդ պատճառով սուրբ Խաչ ուխտ գնալով – փրկվում են: Բայց իմ երեխիս չար աչքով տվին և այդպես, օրըստօրե հալվում և մաշվում է:

«Չար աչքում չար փուշ», ասաց պառավը, երեխայի ձեռքը բռնելով և նրա երեսին նայելով:

– Բայց ես վախենում եմ «չարոց» լինի, – առաջ տարավ Խաթուն-Բաջին:

– Բա, «չարոց» է, երեխի վրա սաստիկ վախ նստելով, չեք տվել շուտով «աղոթեն», դրա համար ուղլուկ (բարակացավ) է բռնել:

– Իրա՜վ, այդպես է, մեր հացթուխը, այն անիծյալ Նուբարը` անցյալ օրը երեխիս վախեցրեց «Մարդագայլի» անունով: Հապա դրան ճար չկա՞ :

– Ինչո՜ւ չէ. ուզո՞ւմ ես դյուրին լինի բանը, սուրբ Սարգսին ուխտ տար:

– Տարա, բայց բժշկություն չեղավ… – պատասխանեց Խաթուն-Բաջին հոգոց հանելով: – ՈՒ՛հ, քույրիկ, ժամանակը փոխվել է, ասես թե սրբերը քարասրտել են. նրանք առաջվա նման քաղցր աչքով չեն նայում մարդոց վրա:

– «Կույրը որպես փակած աչքով նայում է աստծուն, աստված էլ նույնպես է նայում կույրին, ասում է թուրքի առածը, – պատասխանեց պառավ Մարթան ծանրությամբ: – Սուրբերը միևնույն բարի սուրբերն են. բայց ադամորդիների բարքը ապականվել է. նրանք իրանց մեղքերով բարկացրել են երկինքը:

– Հա մեր մեղքիցն է ամենայն պատիժն ու պատուհասը, որ աստված բերում է մեր գլխին… Ա՛խ երեխես, ա՛խ իմ ազնիվ աղավնյակս…: Ինձ էլ յուր հետ կմաշե և խորին գերեզման կտանի…:

Խաթուն-Բաջին սկսում է դառն կերպով լաց լինել, բայց պառավ Մարթան մխիթարեց նրան ասելով – աստված ողորմած է. հույսդ մի կտրիր, Խաթուն-Բաջի. տերը ծաղկեցնում է կիսավառ աթարոցը և մեռած սարին-քարին շունչ է պարգևում.երեխիդ դարման տալու ժամանակը անցել է, բայց այժմ մի թեթև կերպով «կաղոթեմ» և վախն կբռնեմ. աստուծո և սուրբ տիրամոր բարեխոսությամբ կլավանա:

Այնուհետև պառավ Մարթան պառկեցրեց հիվանդը քամակի վրա, բացեց նրա փորը և կուրծքը և սկսեց թզով չափել սրտի բոլորտիքը, որ իմանա արդյոք սիրտը յուր տեղո՞ւմն է թե ո՜չ: Նա ստուգեց, թե սիրտը չորս մատնաչափ ցած էր իջել և երեխան սաստիկ վախեցած է եղել: Դրա համար նա վերցրեց մի կտոր ածուխ, գծեց նրա ճակատի և երկու թշերի վրա փոքրիկ խաչ, երկուսն էլ նրա սրտի և պորտի վրա, մինն էլ ձախ ձեռքի վրա – յուր շրթունքների միջից փթփթացնելով մի քանի անհասկանալի և խառնափընթոր աղոթքներ: Հետո հրամայեց Սալբիին, որը նրա առջև դրեց մի թաս լի ջրով. նա բռնեց հիվանդի գլուխը խորհրդական թասի վրա, երեխայի երեսը պատկերացավ ջրի հայելու մեջ. պառավը անխոս նայում էր ջրի մակերևույթին. նրա խորշոմած և ցամաք շրթունքը դարձյալ շարժվում էին. երևում էր թե նա մի բան էր կարդում: Այգ գործողությունից հետո նրա ձեռքը տալիս է մի կշիռ, պառավը թասը դնում կշռի թաթի մեջ և սկսում է բուրվառի նման, խաչաձև շարժել հիվանդի վրա՝ անլսելի ձայնով կարդալով յուր «ասմունքները»: Խաթուն-Բաջին զարմանում էր, տեսնելով, որ թասի միջի ջուրը չէր թափվում, որքան և կշիռի թաթը պտտվում էր:

Վերջապես, պառավ Մարթան դադարում է. օրհնած ջրից սրս կում են հիվանդի երեսին, մի փոքր խմեցնում են և մնացյալը թափում են դեպի արևելք:

Գուցե սառը ջրի գրգռումից հիվանդը մի փոքր զվարթություն զգաց, սկսեց շարժվել, աչքերը բացել, հազալ, ապա երկու անգամ փռշտաց:

– Փա՛ռք աստծո, «գահտ բերեց»16 (այսինքն երկու անգամ փռշտաց), – ասաց պառավ Մարթան ուրախանալով: Աստուծով խեյր է, երեխադ կփրկվի սուրբ տիրամոր շնորհիվ:

– Սուրբ տիրամոր ձեռքը թող ամեն անճարների վրա լինի, ասաց Խաթուն-Բաջին: – Աստված քեզ էլ հանգիստ, արքայություն թող պարգևե, քո՜ւյր Մարթա… Նուբարի երեսը թող սևանա, որ այդ չարը բերեց երեխիս գլխին…

– Ի՞նչ է արել Նուբարը, – հարցրուց պառավը:

– Չէ՞ որ ասացի, թե վախեցրեց երեխիս մարդագայլի անունով:

– Բա, չե՞ք լսել, ասում են գիշերով մարդագայլը ման է գալիս :

– Տեր ողորմյա, – գլուխը շարժելով կրկնեց պառավը: – Դեռևս շատ այդպիսի բաներ կլսեն մեր մեղավոր ականջները…: Բայց դուք ե՞րբ եք լսել, Խաթուն-Բաջի, – խոսքը փոխեց պառավը:

– Արդեն մեկ շաբաթ է, այդ զարհուրելի լուրը պտտվում է, – շարունակեց Խաթուն-Բաջին. – ասում են մի քանի գյուղերից մարդագայլը հափշտակել է գառներ, ոչխարներ, այլև՜, քա՜ր դառնա նրանց ծնողների սիրտը… – խլել է օրորոցներից տղաներ…

Պառավ Մարթան վերջին խոսքը լսելով զարհուրեց:

– Այդ աստուծո պատիժն է, որով կամենում է խրատել մեղավոր մարդոց, – ասաց նա. – մի անգամ ևս մարդագայլը երևաց, երբ ես իմ հոր տանը աղջիկ էի:

– Բայց այս վերջինը խիստ շատ կատաղի է, – պատասխանեց Խաթուն-Բաջին:

– Անտարակույս, դա մի դև է լինելու, որ մի սուրբի անեծքով ստացել է գայլի կերպարանք: Քրիստոսն էլ հրամայեց, որ դևերը մտնեն խոզերի մեջ:

– Չէ՜, Մարթա, հոգիս, ասում են մարդագայլը եղել է մի վանքի վարդապետ, Կ… գյուղացի Թոմաս անվամբ: Այդ պատճառով նա խոսում և խաբում է մարդկային լեզվով: Մի գիշեր նա մի ջրաղացի դուռն է բախում. «բաց արեք, խեղճ ճանապարհորդ եմ, – ասում է նա, – բուքը և բորանը ինձ խեղդում են, ողորմություն արե՜ք, հոգի ազատեցեք, ես մի հայ մարդ եմ…», ջաղացպանը բացում է դուռը և զարհուրում է, տեսնելով ահագին մարդագայլը ներս մտած: Այս խոսքերը պառավ Մարթայի վրա սարսափ են ազդում. նա սկսում է մունջ խաչակնքել յուր երեսը և աղոթք կարդալ:

– Մարդագայլը վնաս չէ՜ տալիս ջաղացպանին, որովհետև նա վառում է թոնիրը և սոված մարդագայլի համար «շոթեր» է թխում: Նա անհագ կերպով ուտում է: Եվ որովհետև երկար ժամանակ նրա մարմնի վրա բույն էին դրել լվերը, ոջիլները և անիծները, նա մերկանում է յուր գայլի մուշտակից, որ այն փոքրիկ ուտող-մաշող գազանները թոթափե թոնրի կրակի մեջ: Ջաղացպանը զարմանում է տեսնելով թոնրի շրթան մոտ նստած մի սև վարդապետ գայլի մուշտակը ձեռքում: Նա հարձակվում է նրա վրա, որ խլե մուշտակը և կոխե թոնրի մեջ, որ այրվի: Բայց մարդագայլը իսկույն աներևութանում է…:

– Վա՛յ քո հոգուն, վարդապետ, որքան նա սիրում է գայլի մուշտակը, որ մարդկությունից գազանի փոխվելով՝ հափշտակե և ուտե մարդոց և ոչխարների միս… – ասաց պառավ Մարթան անկեղծ պարզամտությամբ17:

Համարյա ամեն օր ծերունի Մկրտչի տանը տեղի էին ունենում այդ օրինակ կախարդական տեսարաններ, և ամեն օր փոքրիկ Սալբին լսում էր այդպիսի առասպելաբանական զրույցներ յուր վարժուհուց և նրա այցելուներից: Եվ այսպես սնոտիապաշտությունը, յուր բոլոր այլանդակ կերպարանքներով, սկսված մանկության մատաղ հասակից նրա հստակ և մաքուր սրտի վրա խոր կերպով տպավորվում էր:

Բոլոր այցելուներից ավել, պառավ Մարթայի գիտության մասին նրա ամուսինը մեծ համարում ուներ: Այս պատճառով, նրա առտնին հասարակ խոսակցությունը յուր կնոջ հետ ավելի հետաքրքիր էր յուր սնահավատության հատկություններով: Օրինակ, շատ անգամ, ծերունի Մկրտիչը, եկեղեցուց կյուրակե օրերը տուն դառնալով, երբ ճանապարհին գլուխը մի փոքր տաքացած է լինում «արաղ» – ով, ներս է մտնում և յուր խռպոտ ձայնով «ողորմի աստված » ասելով` նստում է թոնրի մոտ, յուր կնոջ կողքին: Նա լուռ է.նրա երեսի խորհրդավոր գծագրությունը ցույց է տալիս, թե նա մի բանի մասին խորին կերպով մտածում էր: Լռության մեջ նա տաղտկանում է, և բերանը մինչև ականջները բանալով հորանջում է, արձակելով մի դառն հառաչանք: – «Ա՛խ, է՛յ, վա՛յ… աստված»: Այնուհետև ուշի գալով ծոցի գրպանից դուրս է բերում քթափոշու դեղին պարկը և լի բուռով, մանրած խոտը վեր է քաշում պնչածակերից: Քթախոտը, յուր կծու ներգործությամբ գրգռում է նրա քթի մկնակները, նա հազում է կոկորդն մաքրում և թքում է: Եթե աստուծո հաջողությամբ նա փռշտում է՝ նա բոլորովին զգաստանում է և երեսին խաչ հանում. «նահլաթ քեզ չար սատանա», վրա է բերում և աչքերը ուշադրությամբ լարում է յուր կնոջ վրա, ասելով.

– Մի բան հարցնեմ քեզ, Մարթա:

– Ի՞նչ, ասա՜ :

– Մեղրը պա՞ս է, թե ո՜չ:

Պառավ Մարթան պատասխանում է թե պաս է, որովհետև նա գոյանում է մեղրաճանճերից, որ արյունավոր կենդանիների դասից են: Յուր խոսքը հաստատելու համար առարկում է թե, եթե մեղրը պաս չհամարվի՝ հավկիթն ևս պետք է ուտվեր, որպես բանջար. ավելացնում է, թե շաքարը նույնպես պաս է և ուտելը մեղք, որովհետև պղծված է անասունների ոսկրանյութով:

Այդ միջոցին ծերունին բռնելով փոքրիկ Սալբիի ականջից ձիգ տալով նստեցնում է յուր կնոջ մոտ. – Լսիր, Սալբի, և բան սորվե՜, ասում էր նրան: Շատ անգամ պատահում էր, որ ծերունին, խռոված գիշերվա երազներով՝ առավոտյան զարթնում է սովորականից կանուխ, նստում է յուր քնաշորերի մեջ, և երկար ու ձիգ խոսքերով սկսում է Մարթայից հարցնել յուր երազի մեկնությունը: Ապա սկսում է տեղեկանալ այլ երազների գաղտնիքները, թե ի՞նչ էր նշանակում երազի մեջ սև խաղող ուտելը, հարսանիքի և թմբուկի ձայն լսելը, սառն ջրի մեջ լողանալը, կամ ի՞նչ խորհուրդ ունի ձախ աչքի վերնակոպի, աջ ականջի ծայրի խաղալը և այլն: Որոնց պատասխանը ստանալուց հետո շարունակում է, երբ «ղարան» կոխում էր մի քնած մարդ, «ղարան» հալածելու համար «Հայր մեր» պետք է ասել, Հիսուս-Քրիստոսի անունը արտասանելու է:

Պառավ Մարթան ահ ու դողով խոսում է ծերունի Մկրտչի հետ «մահտարաժամեր» – ի մասին, թե ինչ խորհուրդ ունեին խոլերան, ժանտախտը, կամ ո՞վքեր էին գրողները: Նա հայտնում է, թե այս ինչ գյուղում, այս ինչ պառավը ման է գալիս գրողների հետ, և թե՜ գրողները կամեցել են զարկել Ավազակյանց մելիք-Պիղատոսին, բայց պառավը բարեխոսել է իշխանի կենաց համար: Դրա համար մելիքը նրան երկու բեռ ցորեն էր բաշխել:

Փոքրիկ Սալբին յուր վարժուհու մոտ ոչ միայն կար ու ձև էր սովորում, այլև կարում էր գեղեցիկ ասեղնագործած նկարներ, պատրաստում էր յուր հարսանիքի հագուստը, որ նրա կյանքի հանդիսավոր օրերի փառավոր զգեստը լինելով` լինելու էին – նրան գերեզմանի պատանքը: Նույնպես պառավը սովորեցնում էր նրան բարոյական և իմացական խրատներ, որ անհրաժեշտ էին ամեն մինի առօրյա կյանքի մեջ: – Օրինակ, – ասում էր նա, – մի շուն, որ երկար ժամանակ ծառայում էր մի տան մեջ, երբ սատկում է, նրա գլուխը բակի դռան շեմքի տակ թաղելը օղուրով է (բարեհաջող է): Խուզած մազերը ոտքի տակ ձգես – գլուխդ կցավի, պետք է ջրի մեջ գցել: Կտրած եղունգները մի բանի մեջ փաթաթած պատերի ճեղքում դնելու է, որովհետև մյուս կյանքում կպահանջեն: Կրակի վրա սառն ջուր ածելը մեղք է: Տաք ջուրը գետնի վրա ածելու լինիս – դևերը կբարկանան, պատահմամբ կթափվի նրանց երեխաների վրա, որոնք աներևութապես ման են գալիս տան մեջ: Ագռավի կռնչալը արևամուտից հետո՝ չար բան է գուշակում: Շների տխուր ոռնալը մահաբեր է: Թոնրի կրակի բոցերի կամ թխած լավաշի սուլելով ձայն հանելը – սով կբերե: Բայղուշի (բու) ձայնը – ավերում է գուշակում: Մարին երբ աքաղաղի պես է խոսում, եթե նրա գլուխը չկտրես – տերը կմեռնի: Պառավը շատ անգամ ասում էր յուր աշակերտուհուն զանազան սովորական բաների մասին. թե կաչաղակին ո՜վ է իմաց տալիս, երբ նա խաբարներ (լուրեր) էր բերում. աղունակի (աղավնու) միս ուտելը ինչո՞ւ է մեղք. ճնճղուկին ո՜վ անիծեց. կամ Սողոմոնը ո՞րտեղից էր սովորել թռչունների լեզուն, և ինչ գաղտնիք ուներ նրա մատանին:

Պառավը երկար խոսել գիտեր հրեշտակների, սերովբեների, քերովբեների, դևերի, սատանաների և «մեզնից աղեկների»մասին: Նա պատմում էր խիստ զարմանալի բաներ արքայությունից և դժոխքից, թե արքայության ճանապարհի վրա մի մեծ հրեղեն գետ կա, որ վառվում է ծծմբով և նավթով (քարյուղ), նրա վրա կա մի մազե կամուրջ, արդարները առանց վնասի անց են կենում, բայց մեղավորների ոտները սայթաքում են և նրանք գլորվում են հրեղեն գետի մեջ, որ տանում էր դեպի դժոխքը:

Նա ասում էր, եթե մի երիտասարդ աղջիկ խոսում և ծիծաղում է մի նորահաս երիտասարդի հետ, որ նրա ազգակից չէր և կամ յուր երեսի և մարմնի վրա արվեստական խալեր էր շինում՝ նա երբեք չէր կարող անցնել մազե կամուրջից, այլ ընկնելով հրեղեն գետի մեջ, օձերի և կարիճների բաժին պիտի դառնա:

Պառավը սովորեցնում էր նրան և շատ «դրոց» բաներ, թե ո՜րպես Քրիստոսին տվին մի րաբիին աշակերտելու, և Քրիստոս առանց այբ և բենը սովորելու՝ կարդում էր թովրաթը. րաբիի մոտից արտաքսվելով` աշակերտում է մի ներկարարին և միևնույն կարասի մեջ ներկում է ամեն գույներով կտավներ: Ուրիշ շատ բան է պատմում Հիսուսի և Հովհաննեսի մանկությունից, և նրանց կատարած հրաշագործություններից, որոնցից և ոչ մինը չէ գտնվում մեր ընդունած Ավետարանի մեջ. նա շատ անգամ ծիծաղելի եղանակով պատմում էր, թե ինչպես մի օր Քրիստոս և Մուհամմեդը դաշն կապեցին, որ գետնից կաթի աղբյուր բխեցնեն. Մուհամմեդը գիշերով գետնի մեջ թաղել տվեց կաթով լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթը: Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարողացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին յուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել: Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին: Խրատում էր նրան չուտել թուրքի հացը և թուրքի մորթած միսը. մի աման, որի մեջ թուրքը մի բան էր կերել – պիղծ է մինչև լվացվեր «խաչալվա»18 ջրով:




Զ

ՄԵՐ ՀԵՐՈՍԸ


Տեր-Առաքելենց տունը, յուր պարզ, անխարդախ նահապետական բնավորության հատկությամբ ձևացնում էր մի օրհնյալ գերդաստան, որ արտացոլում է մեր արժանահիշատակ նախնիքների առաքինի կյանքի բոլոր անմեղ և անզարդ պատկերները: Այդ տունը միշտ ունեցել է կարդացող և գիտնական տղամարդիկ: Տեր-Առաքելենց տոհմից, Ծաղկավանի գերեզմանատնում շատ թվով եպիսկոպոսների, վարդապետների և քահանաների գերեզմաններ վկայում էին, թե եկեղեցական ծառայությունը, ժամանակի խորին հնությունից ղեվտական կարգով միշտ շարունակվում էր այդ ցեղի մեջ, մինչև՝ հասնելով մահտեսի Ավետիսին, ծույլ և անգրագետ գյուղացուն – իսպառ վերջանում է:

Այդ գերդաստանի գլխավոր անդամներն էին – Հուրի Խան-Դայան՝ ութսունամյա պառավը, մահտեսի Ավետիսի մայրը, Մահտեսիի կինը՝ տիկին Սկուհին, նրա որդին՝ փոքրիկ Ռուստամը – Սալբիի ուխտյալ նշանածը: Բայց դրանցից, նրանց տանը ապրում է օրիորդ Սալլաթինը՝ տ. Սկուհու կրտսեր քույրը, որ մի որբ աղջիկ լինելով, մահտեսի Ավետիսը պահում էր իրանց մոտ: Ծառայողների կարգին էին պատկանում – Նազլու աղախինը և հավատարիմ հսկայամարմին Խաչոն:

Ծաղկավանը լինելով մի սարին մերձակա գյուղ, հարուստ էր յուր ջրարբի հողերով և արոտամարգերով, հնար էր տալիս գյուղացիներին, ոչ միայն երկրագործությամբ, այլև խաշնարածությամբ պարապել: Ամեն տարի, գարնան սկզբին, երբ մեծ Աղվանը ձյունի սպիտակ ծածկոցը թոթափելով – ամբողջ սարը հիանալի կերպով կանաչազարդվում էր, Ծաղկավանից հարյուրավոր գերդաստաններ – զուգված-զարդարված, սազ ու քյամանչա, դհոլ և զուռնա ածելով, նստած սիգապանծ երիվարների վրա, հարս, աղջիկ, կին և տղամարդ, զինված, ուրախ-ուրախ, երգ երգելով, իրանց հովիվների հետ, վրաններն էշերին ու եզներին բարձած – գնում էին սարը, մի քանի ալևորներ և պառավներ մնում էին իրանց տանը, որպեսզի մշակների հետ հոգս տանեին այգիների և ցանելի հողերի տնտեսությանը:

Ծաղկավանի ամառը և աշունը խիստ տխուր են: Շինական կյանքի ժրաջան և արդար վաստակարարությունները, այստեղ ներկայացնում են իրանց դժոխմբեր և ստրկական պատկերները: Խղճալի գյուղացին այստեղ հանգիստ չունի գործելուց – նրա ընտանիքի ապրուստի պիտույքների վրա ծանրանում են ավելի խանի անտանելի հարկերը. ստիպում են նրանց գործել, և գործել չափից դուրս… իրանց անձերը մաշելու և սպառելու չափ:

Ոչ ոք առանց արտասուքի չէ կարող նայել այդպիսի բազմաթիվ աշխատավոր հասարակության վրա, որ հեծում և հառաչում էին աղքատության լծի տակ: Ինչո՞ւ, միթե աստված անիծե՞լ է նրանց: – Այդ չգիտենք մենք… միայն այդ հիմար մարդերի բազմությունը իրանց տխմար կամքի հոժարությամբ տանտւմ են ստրկության և գերության բոլոր դժնդակ և անարգ ծառայությունները: Նրանք մշակում են ուրիշի հողը, նրանց իրանց արյունախառն քրտինքով՝ վաստակում են ուրիշի հացը, նրանք իրանց աշխատություններով լցնում են ուրիշի քսակը: Տեսնո՞ւմ ես այն երկրագործը, որ այնպես պարծանոք կիտել է յուր կալի մեջ ցորենի ահագին շեղջը, այդ՝ իրեն չէ պատկանում, այղ պիտի լցնե խանի ամբարը… և խղճալի շինականը տխուր և հուսահատ, անվարձ և դատարկ, «քառեշտը» (հեծանոցը) թևին դրած, դառնում է տուն…:

Այդ երկրի մեջ, ա՛յն գերդաստաններն են ավելի հարուստ համարվում, որ թվով շատ աշխատավոր ձեռքեր` այսինքն գործող տղամարդիկ ունին: Մահտեսի Ավետիսը անբախտ էր այդ նկատմամբ, այն պատճառով, որ նա չուներ ո՛չ բազմաթվ եղբայրներ, և ո՛չ էլ հասուն որդիք: Նա ինքն միայնակ, մի քանի վարձկան ծառաների հետ, ստիպված էր յուր անդադար աշխատությամբ լցնել յուր վրա դրած բոլոր ծանր կարիքները:

Ամեն օր Մահտեսին մեկ րոպե անգամ հանգիստ չունի յուր բերանը մի պատառ հաց դնելու, ի՞նչ անե խղճալին. միայնակ և անօգնական մարդ է, բայց դաշտում մի տեղ բանում է գութանը, մի տեղ՝ «ոսկին» (արորը), մի այլ տեղ կալ են կալսում, մի տեղ արտ են հնձում, մի տեղ խոտ են քաղում… բացի դրանցից, այգի կա, ոչխար կա, տավար կա… Ամենի վրա պետք է վերահասու լինել, ամենի համար հոգս տանել, բոլոր աշխատողները օտար մարդիկ են, օտար հայրերի որդիք են, մեկ րոպե գործը թողիր՝ ահա մնաց գործը, որովհետև մշակը հոգս չունի, նա յուր կերակուրի և վարձքի տերն է. նկատելով այդ հանգամանքները, պետք է մտածել, թե ինչ դրության մեջ կլիներ մահտեսի Ավետիսի խղճալի ընտանիքը, երբ ստիպված էին ամեն օր կերակրել այդքան բազմաթիվ վարձկան աշխատողներ: Հուրի Խան-Դայան, չնայելով նրա ութսունամյա ծերությանը, տակավին ժիր ու վաստակարար – մեկ րոպե դադար չուներ աշխատելուց: Տիկին Սկուհին, այն օրհնյալ տնարար կինը, արևածագից մինչև կես գիշեր, բնավ հանգիստ չուներ: Նա ոչ միայն յուր գերդաստանի տանտիկինն էր, այլ յուր տան հացթուխը, խոհարարը, մատակարարը, յուր տղայոց ստնտուն, այլև յուր ընտանիքի դերձակը լինելով` կարում էր բոլորի հագուստը: Բայց ամենայն դառն աշխատությունները քաղցրանում են` երբ վայելում ենք նրանց պտուղները, իսկ երբ մեր աշխատությունը դառնում է ուրիշների վայելչության նյութ՝ մեզ միայն ունայն չարչարանքն է մնում…:

Ձմեռն է գյուղացիների հանգստի միակ ժամանակը. երբ նրանց արտերը և այգիները, նրանց մարգերը, արոտները` անհոգ քնած են սպիտակ ձյունեղեն վերմակի տակ, երբ նրանց տավարները, նրանց ոչխարները տաք գոմերի մեջ հանգստորեն վայելում են իրանց համար պատրաստված պաշարը: Դատարկապորտ գյուղացիք հավաքված փարախներում, իրանց անասունների մոտ, շատախոսում են դատարկ զրույցներ, և պատմում են միմյանց իրանց գլխին եկած հետաքրքրական անցքերը, կամ թե, գտնում են մի աշըղ, որ նրանց համար երգում և սազ է ածում, թագավորների և սիրողների հեքիաթներ է պատմում:

Բայց այդ զվարճություններից, այդ զբոսանքներից զուրկ էր մահտեսի Ավետիսը. – նրա մենակությունը, ընտանիքի հոգսը թույլ չէին տալիս նրան մինչև անգամ ձմեռը անգործ մնալու: Նա յուր անասունների ախոռի մի կողմում շինել էր մի փոքրիկ սաքու, որ տաքացած էր չորքոտանիների շնչով: Այստեղ էր նա հաստատել յուր ջուլհակի (ոստայնանկի) մեքենան և կես գիշերից սկսած այդ մելամաղձական բնակարանի մեջ լսելի էր լինում Մահտեսիի մաքուգի և դֆայի տխուր և դաշնակավոր չկչկոցը; Նրա կինը, տիկին Սկուհին, կամ պատրաստում էր թելի մասուրաներ և կամ հարդարում էր հինածը. երբ նա յուր ամուսնուն օգնելու պետք չէր, հեռու նստում էր յուր դյազգեհի մոտ, Նազլուի հետ միասին հինում էին շալեղեն և ասվեղեն գործվածքներ, որոնց թելերը նա ինքը իլիկով ամառը սարում մանել էր՝ իրանց հովիվների կանանց հետ: Գեղեցիկ է նայել այդ ժրաջան կանանց վրա, երբ սարերում՝ հեռու իրանց վրաններից, կանգնած մի բարձր քարաժայռի գլխին, կամ մի հստակ աղբյուրի մոտ, երգելով, պտտեցնում են իրանց իլիկը: Բանաստեղծական այդ տեսարանը երևան է հանում հովվական կյանքի անմեղ և անզարդ բնավորությունը: Բայց ավա՛ղ հայոց հովվուհիների իլիկը նրանց համար չէ մանում… նրանց ազնիվ և նուրբ գործվածքները իրանց կիսամերկ զավակները չեն հագնում, այլ, վաճառելով` վճարում են անգութ պարտատիրոջ տոկոսիքը, կամ ավելի վատթար, շատ անգամ բարբարոս քուրդը ավազակաբար կողոպտում է նրանց բոլոր գույքը` նրանց ոչխարների հետ: Մահտեսի Ավետիսի միակ հանգստի և օրհնության ժամերը լինում էին ավագ պասին: Այդ ապաշխարհական օրերին միջօրեից առաջ ժողովրդի ծերերը հավաքվում էին եկեղեցու բակում մի խուցի մեջ, քահանան նրանց համար կարդում էր Այսմավուրքը, սրբոց վարքը, և նրանք ախորժանոք լսում էին աստուծո և կրոնքի խոսքերը:

Հուրի Խան-Դայան, որպես բոլոր սնապաշտությունների կենդանի օրինագիրք, որպես տեր-Առաքելենց տոհմի հնամոլ պատրիարքը, յուր ձեռքում ուներ տնտեսական կառավարության ղեկը, ընտանիքի մյուս անդամներից ոչ ոք համարձակություն չուներ գործել նրա կամքին դեմ, այլ պահպանում էին իրանց տան ծերի պատիվը և նրա ծանրակշիռ համարումը: Տիկին Սկուհին, որ արդեն քանի որդոց մայր էր, առանց նրա խորհրդի` չէր կարող մի պատառ հաց յուր բերանը տանել, նա չափազանց պատվում էր յուր պառավ կեսրոջը գիշերները, երբ նա անկողին էր մտնում, տիկին Սկուհին նրա մոտ նստելով` մաժում էր նրա ոտերը, յուր ձեռքերով տրորում էր նրա մեջքը և չէր հեռանում նրա կողքից մինչև նա չքներ:

Ռուստամը, մեր վիպասանության նազելի հերոսը, որպես մի օրհնյալ գերդաստանի զավակ, ուր նահապետական անզարդ կյանքի պարզությունները դեռևս պահպանում էին իրանց ծաղկափթիթ քնքշությունը, Ռուստամը, որպես մի հանդուգն և մեծահոգի մանուկ, յուր կյանքի ազատ շնչի հետ ներս էր շնչել մի ախտաբորբոք և դյուրագրգիռ հոգի, մի՝ երկաթի պնդությամբ կամք և աներկյուղ սիրտ – արժանի է հարցասիրության յուր բնավորության մի քանի անզուգական հատկությունների համար: Նրա երեսի մի փոքր սևակարմիր գույնը, թուխ գանգուրների հետ՝ մի առանձին վայելչությամբ գեղեցկացնում էին նրա զվարթ և սիրուն դեմքը: Լայն և բարձր ճակատը սահմանափակվում է ներքևից սև-թավախիտ հոնքերով, որոնք երկու կողմից կամարաձև գալով քթի վերնակողմում միավորվում էին, մյուս ծայրերը երկարելով մինչև ականջները – ձևացնում են երկու սև աղեղնաձև գծեր, խաղած մեկ կողքից մինչև մյուսը: Նրա աչքերը, այն թուխ վառվռուն աչքերը` նապաստակի երկչոտ աչքերի նման դուրս ընկած չեն, այլ` առյուծի հպարտ նշաձև աչքեր, նետի պես երկայն թերթերունքներով` փայլուն են երկու աստղերի պես: Նրա քիթը, յուր բոլորակ վերջավորությամբ, համեմատելով երեսի լայնության հետ – կարելի է ասել փոքր էր, բայց այդ նրա դեմքին մի գրավիչ քնքշություն էր տալիս: Նրա խելացի երեսը, այն պարզ հոգու հայելին՝ չուներ ոչ մի խոժոռություն. նրա գորշ և մի փոքր նիհար թշերը, որոնց վրա չէին երևում մազի հետքեր, ավելի էին փայլում ողորկությամբ, միայն վերնաշուրթը դեռ նոր էր սկսել ղըշղըշալ դեռաբուսիկ սև մազերով: Նրա ուղիղ և վայելչագեղ հասակը, ուռած կմբավոր կուրծքը, նրա լայն թիկունքը, գրավիչ սեգ հայացքը, մարմնի հպարտ և անհոգ շարվածքը, այդ բոլոր բարեգուշակ նշանները, առիթ էին տալիս ամեն տեսնողներին հուսալ, թե մի օր այդ նորահաս պատանին լինելու էր մի հոյակապ պարթևաձև տղամարդ հսկայատիպ մարմնով և ահավոր կազմվածքով:

Մանուկ Ռուստամը կարդացած չէր. նրա հայրը այդ մասին հոգս չտարավ նրա համար, և ինչ որ կարդում է տերտերը եկեղեցու մեջ, նրանցից մի բան չի հասկացել: Այդ պատճառով, նա չգիտե տիրոջ օրենքը: Բայց նա ունի յուր հատուկ օրենքը, որ բնությունը գրել է նրա սրտի վրա: – Դեռ մանկությունից սկսեց եփ գալ նրա հոգու մեջ քաջազնական ոգին և նա – մի գաղտնի համակրությամբ սկսեց սիրել զենքերը: Յուր տասնևչորս տարեկան հասակում՝ հորիցը թաքուն՝ նա գնեց մի հրացան, մի հատ Խորասանի ընտիր թուր և մի զույգ ատրճանակ, և այնուհետև նա կարող էր միայնակ, որպես մի խաշնարած ցեղի հզոր պարոն – վերակացու լինել իրանց ոչխարներին և հովիվներին – սարում:

Դեռ յուր պատանեկան հասակում նա ցույց տվեց յուր ընդունակությունները այդ տեսակ պարապմունքների մեջ, որոնք ազատ չէին ահարկու վտանգներից: Մի անգամ, երբ քրդերի ասպատակները հարձակվելով ծաղկավանցոց վրանների վրա` կամենում էին նրանց հոտերը ավար տանել, Ռուստամը ավազակների հետ քաջությամբ պատերազմելով, խլեց նրանց ձեռքից իրանց ոչխարները, ստանալով երեսի աջ կողմում, ականջի և աչքի մեջտեղ – գլխից ուղղաձիգ դեպի ներքև այն խոր սպին, որ կտրելով ճակատի աջակողմը, հոնքի մի ծայրը՝ հասնում էր մինչև ականջի վերջը. ամենևին չվնասելով նրա գեղեցկության, այլ տալով նրա դեմքին ահարկու բացատրություններ:

Մի այդպիսի կյանք, պաշարված բարբարոսների հափշտակություններով, ավազակությամբ՝ ընդմիշտ պատերազմի աղմուկների մեջ, պատանի Ռուստամի բնավորությանը տվեց վայրենի և կատաղի հատկություններ: Նա խիստ դյուրագրգիռ էր և բարկացկոտ և ուներ անողոքելի և աներկյուղ սիրտ, պողովատի կարծրությամբ հաստատ կամք: Նա չէր կարող տանել որևէ անարդարություն – յուր ազատության իրավունքը, յուր մարդկային պատիվը անարատ պահելու համար, նա պատրաստ էր նահատակվելու: Առաջին աչքաբացին տեսնելով յուր շրջակայքում յուրայինների գերիացած և ստրկական վիճակը, միշտ լսելով նրանց ախ ու վախը, նրանց դառն հառաչանքները, ամեն օր տեսնելով հազարավոր անբախտների անտանելի չարչարանքները, նա ստացավ մի նախանձոտ ազգասիրական ոգի, որով նա միշտ պատրաստ էր յուր արյունով սրբել նրանց աչքերի արտասուքը: Ո՞րտեղ էր ծնվել Ռուստամը, որ այդպես չլիներ: Նրա խանձարուրը եղան անուշահոտ ծաղիկները, նրա օրորոցը՝ կանաչ խոտերը և թավշյա արոտամարգերը, նրա առաջին լալու արձագանքը – չկրկնեցին շքեղազարդ դահլիճի պատերը – այլ մի պարկեշտ հովվական վրան, ահագին քարաժայռերը, սար, ձոր և անտառը: Վարժատան մեջ չմաշվեց նրա կյանքը: Խելացի բնությունը՝ ինքն էր նրա վարժապետը: Անուշահոտ ծաղիկներից, կանաչ թփերից, խոտավետ մարգերից ստացավ նա յուր հոգու ազնվությունը: Պարզ և կապուտակ երկինքը, վարդագեղ արշալույսը, ոսկե արևը, արծաթյա լուսինը, բյուրավոր փայլուն աստղերը ներշնչեցին նրա հոգուն կրոնի և աստուծո զգացումը: Երգող փետրազարդ թռչունները, հեզիկ շշնջող զեփյուռը, ծառերի և թփերի խշխշոցը, նրանց տերևների կախարդական սոսափյունը, պարզ և հստակ աղբյուրները, նրանց – խոտերի և ծաղիկների միջից կարկաչելով և սուլելով – հոսանքը, արարչագործության այդ բոլոր հրաշալի պատկերները վառեցին նրա երևակայությունը գերբնական կրակով և բաշխեցին նրան մի ազնիվ և գեղեցկասեր ճաշակ, մի աշխուժոտ և զգացմունքով լի սիրտ: Ամպերի սոսկալի որոտումը, սև թուխպերի բոմբյունը, կայծակի ահեղ ճարճատյունը, ահագին լեռնաժայռերի ճաքճքվելով, թնդալով – սարերի գագաթներից դեպի վայր գլորվելը, հեղեղատի պղտոր ալիքների գոռոցը, մրրիկի զարհուրելի մռնչյունը՝ մինչ այդ աստիճան աներկյուղ, մինչ այն աստիճան ամրապինդ էին արել նրա սիրտը, որ նա առանց սոսկալու, առանց ահ ու դողի, ուրախ և զվարթ, յուր օրհնության երգերը խառնում էր սոսկալի մրրիկի սուլելու և ֆշֆշոցի վայրենի ձայների հետ:

Երբ Ռուստամը յուր կրիմյան հրացանը ուսին, խորին կեսգիշերային պահուն, մնջիկ – միայնակ հսկում է իրանց ոչխարների փարախի և վրանների չորս կողմը, իրանց ոչխարները քուրդերի և խորամանկ գայլերի բերանից ազատ պահելու համար – երբ նա հանկարծ լսում է հեռավոր սարից մի սոված արջի, մի ահագին քավթառի կամ մի կատաղի վագրի սոսկալի մռնչյունը, նրա հոգին վառվում է ուրախությամբ. նա արիաբար դիմում է դեպ չարագուշակ ձայնը, իսկ երբ դարանամտած մի քարի ետևը նա հաջողում է զարկել և գետին գլորել վիթխարի գազանը, այլևս նրա հրճվանքին սահման չկա: Նա ցնծությամբ կրում է յուր շալակին ահագին որսը, բերում, դնում է իրանց վրանի առջև: Առավոտյան, նրա հասակակից պատանիները ամաչելով նայում են նրա երեսին, բայց մանուկ աղջիկները – գովաբանում են նրա քաջագործությունը, և նրանց կուսական սրտի մեջ ծնվում են սիրո զգացմունքը:

Աներկյուղ քաջասրտության հետ նրա բնավորությունը ուներ հեզ, մաքուր, ազնիվ և քնքուշ կողմեր ևս: Ո՞րտեղ էր մեծացել նա, որ այդպես չլիներ – նա բնության հարազատ որդին էր, վաճառանոցներում և առևտրական խանութներում չէր դեղնել նրա դեմքը արծաթասիրության նախանձից և հոգեմաշ հուսահատությունից: Նրա հպարտ, կրակով լի սևորակ աչքերը չէի՛ն մեռել, չէի՛ն նվազել – ամեն ժամ նայելով ապրանք գնողի ճանապարհը: Նրա անխարդախ և անկեղծ սիրտը չէր թունավորված շահասիրության ախտով, և նա երբեք որպես վաճառողների որդիքը – յուր լեզվին թույլ չէր տվել անուղիղ բան խոսել, որպեսզի պեսպես կեղծավորությամբ, հազար և մեկ երդումով, բյուրավոր սուտ վկայություններ բերելով՝ աշխատեր մի ծանր գնով վաճառել մի աժանագին ապրանք, և այնպիսով ավելի հմտանալ խաբեբայության կեղտոտ արվեստին:

Ռուստամը ոչ մի վատ համարում չուներ մարդկանց վրա: Նա չէր ճանաչել նրանց չարությունները. նա բոլորին համարում էր յուր հայրը, մայրը, քույրը և եղբայրը: Նա այնպես էր հասկացել, թե ամեն սիրտ այնպես մաքուր և պարզ էր, որպես այն հստակ աղբյուրները: Նա ա՛յնպես էր հասկացել, թե ամեն ոք ա՛յնպես ազնիվ, ա՛յնպես սուրբ է, որպես այն անուշահոտ նախշուն վարդերը: Նա ա ՛յնպես էր հասկացել, թե մարդիկ ա՛յնպես բարի և ա՛յնպես առաքինի էին` որպես այն անմեղ և անարատ գառները:

Սիրո ախտը, որ բոլոր կրքերից առաջ վառվեց նրա մանուկ հոգու մեջ – ավելի զգալի էր նրան: Աշղների «մեջլիսներում», երբ նա լսում էր Քյարամի և Ասլուի, Աշըղ-Ղարիբի ու Շահսանամի, Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը: Բայց երկրի սովորությունները, ազգային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնել յուր սիրուհու երեսը և նրա բերանից մի քանի բառ լսել:

Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով երգում էր յուր սերը, հանկարծ տեսավ նա մի նազելի աղջիկ, կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան՝ «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»:

Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով` եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՛յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով: Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը, հարցրուց թե նա ևս կամենո՞ւմ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով` հնչեց այն սուրբ բառը – «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը…:

Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ` երբեմնապես միմյանց տեսնելու:

Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ:

		Սե՛ր իմ, ո՛վ սեր, սե՛ր,
		Ա՛խ, դու անգո՛ւթ սեր,
		Տարա՛ր խե՜լք-միտքըս՝
		Գլխիս եղար տեր:

		Ո՛վ իմ սիրո կույս,
		Հատոր իմ հոգվույս,
		Առանց քե՛զ, մի ժամ
		Կյանքից չունիմ հույս:

		Մարդիկ անհամար
		Ինձ խենթ, խելագար
		Կոչում են այժմուս՝
		Դո՛ւ եղար պատճառ:

		Մինչ ե՞րբ դու այդպես
		Ինձ պիտի տանջես.
		Մինչ ե՞րբ, դո՛ւ ճրա՛գ-
		Այրվող թիթեռն՝ ես:

		Ե՛կ առ իս, ե՛կ առ իս,
		Գոնյա՛, ա՛ռ հոգիս,
		Սիրով կբաշխեմ՝
		Քեզ իմ հրեշտակիս:

		Գուցե քե՛զ համար`
		Գրիչն արդար՝
		Ինձ նշանակեց —
		Զոհվել չարաչար:

		Ասա՛ դո՛ւ, Լոկմա՛ն,
		Գիտե՞ս դու դարմա՜ն
		Սիրահար սի՛րտը
		Բուժելու միայն:

		– «Ո՛հ, չունի՛, չունի՛,
		Նա դարման չունի:
		Սիրահար սրտին`
		Սե՛րը դեղ կանի»:

		Սուրբ ես դու, ո՛վ սեր՝
		Քեզ ստեղծող տեր-
		Երկնից և երկրի՝
		Արեց հեր և մեր:

		Ես էլ քո պաշտոն`
		Առի անտրտունջ,
		Միշտ սերը պաշտել
		Մինչև վերջի շունչ




Է

ԱՆՀԱՎԱՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈԻՀԻՆ


Կյուրակեմուտ իրիկո՛ւն էր: Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը՝ տիկին Սկուհին, յուր քրոջ – օրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն» առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ:

Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէր – նա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով` չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով`սկսեր նրան նախատինք տալ:

– Աղջի՛, Նազլո՛ւ, – վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին, – գնա՛ փարախի գավիթը – հավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն: Ո՛ւհ, ո՜րքան ցուրտ է այսօր: Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է…:

Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ գիտե ինչ բանի համար:

Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմըռալու ձայներ:

– Ը՛շ-շ-շ… Ը՛շ-շ-շ…ձայն տվեց տիկին Սկուհին արջամարոզը…արջամարոզը… սո՛ւս…սո՛ւս…

Բայց նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ:

– Վա՛յ… ամա՛ն… արջամարո՛զը… եկա՛վ, եկավ: Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի, – կրկնեց մայրը:

Բայց հանկարծ նազլուն ներս մտավ: Վա՛յ, հարսիկ, ես մեռա… սիրտս տրաքեց… լեղիս պատռվեց… ամա՛ն, ես մեռա:

– Ա՛ղջի, նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ, – հարցրուց տիկին Սկուհին` զարմացած ձևանալով:

– Ամա՛ն աստված… – առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով, – ո՛ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ…: Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղան – փոքրիկ Սահակը… ա ՛խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը…

– Է՛հ, հողը քո գլխին, Նա՛զլու, – ասաց տիկին Սկուհին, – իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան ասեիր, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում:

– Հա՛, ես այդպե՛ս էլ ասացի, բայց մարդագայլը ասաց, եթե Պողոսը էլի այնպես լաց կլինի՝ ես կգամ նրան էլ կուտեմ:

Խեղճ Պողոսը զարհուրելով այս խոսքերից մի քանի րոպե լուռ կացավ, մինչև քունը նրան բոլորովին հանգստացրեց: Նրա մայրը ուրախ էր, որ կարողացավ խաբել յուր երեխային19:

Նույն ժամուն Ռուստամը տավարների փարախում, ծառաների մոտ էր. այնտեղ վերահասու էր լինում իրանց անասուններին և նրանց հետ միասին մաքրում էր կովերի, եզների և գոմեշների աղբը, խոտ և դարման էր տալիս և ուրախանում էր, տեսնելով թե նրանցից ո՛րն է շատ գիրացել: Վերջացնելով յուր գործը, աշխուժավոր պատանին եկավ յուր չորս տարեկան մանուկ քուռակի մոտ, և պտույտ գալով նրա շուրջը` հիանում էր նրա գեղեցկության վրա: Նա առեց քորոցը (ղաշովը) և սկսեց քորել յուր քուռակը, հեզիկ շրթունքների միջից եղանակելով մի երգ: Ձմեռվա սկզբից, ինքը, պատանին, յուր ձեռքով հոգս է տանում յուր ձին դարմանելու, որ նա ավելի գիրանա, զորանա և մեծանա:

– Խաչո, – ասաց նա յուր մտերիմ ծառային, – տեսնո՞ւմ ես, քուռակը աշունքից սկսած ո՜րքան մեծացել է. հավատա, գարունքին Ծաղկավանի փարախներից ո՛չ մի ձի դրա նման չի դուրս գալու:

– Անտարակույս, այդպես է, – նրա խոսքին հաստատություն տալով պատասխանեց Խաչոն. – քո ձիու հատը ո՛չ միայն մեր գյուղում, այլ մեր ամբողջ մահալումը չկա: Ճանճակերենց Հարությունի տղան էլ պարծենում է, թե ձի ունի.անցյալ օր նրանց փարախը մտա, տեսա, ի՞նչ ձի, մեր կարմիր կովի հորթը – քեզ օրինակ:

– Դու գիտե՞ս սա՛ ի՞նչ ցեղից է… ա՜խ դրա «սոին» ղուրբան… սա՝ արաբների քյահլանների ամենաազնիվ արյունիցն է. Մահմուդ-բեկը յուր եղբորը չէր բաշխի մի այդպիսի քուռակ, բայց նա իմ բարեկամն է, ինձանից անց չկեցավ:

– Բայց մի բան եմ լսել, Ռուստամ, – նրա խոսքը կտրեց Խաչոն:

– Ի՞նչ խոսք, ի՞նչ բան, – հարցրուց շտապով Ռուստամը:

– Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի:

– Չէ, ասա՜, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ:

– Ասում են, մելիքը` խանի մոտ սատանայություն է արել քո ձիու մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՞նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՜լ է բավական…»:

– Ա՛յ տղա, ո՜րքան միամիտ ես դու, – խոսեց պատանին արհամարհանոք. – ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաչո՜, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի՜թե կարո ՞ղ է մի այդպիսի բան:

– Հա՜, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՜չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը` ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքը – մերը չեն… ինչ որ ուզեն կանեն, ինչ որ կամենան` կկատարեն…: Տեսա՞ր անցյալ օր, ո՜րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը: Նրա ծնողները բացի լալուց` ոչինչ չկարողացան անել: Նրա ա՜յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին: Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն` մնաց գայլերի ճանկերի մեջ…

Այդ խոսքերը վառեցին դյուրագրգիռ պատանու սիրտը. ցավակցության զգացողությունից՝ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա: Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը` ասաց. —

– Այդ իրա՜վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է… բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել:

Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց: Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»:

Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի:

– Աղա՜, – ասացին նրանք, – այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալ. ի սերն աստուծո, պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:

─Մի՞թե դուք գնում եք դռներից հա ՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան, – հարցրուց տհաճությամբ Ռուստամը:

– Ճիշտ է, ա՜ղա, – պատասխանեցին նրանք միաձայն, – բայց մենք շնորհակալ ենք և նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու: Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ:

– Ո ՜չ, ո՜չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար. – հացը մերը չէ՜ , աստուծո տվածն է:

Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո ՜ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին` որ ապավինած էին իրանց ողորմության: Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ո՜չ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բտրի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները՝ պահպանում էին: Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում` այդ անբախտ ընտանիքներից երկուսին:

Դռան մուրճը զարկեց

– Է՜յ, Նա՜զլու, – ձայն տվեց տիկին Սկուհին, – ժամավորքը եկան, գնա՜, դուռը բա՜ց արա:

Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը:

Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տրտքալով առաջ էր գնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՜ քո արյամբդ» ասելով ներս մտավ:

Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո սկսեց կատարել յուր սովորական ծեսերը: Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր:

Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար կանգնած աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՜ ասելու ժամանակ՝ դարձնելով: Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան ոգիներին նույնպես երկրպագություն տալուց հետո, – մի առանձին ջերմեռանդությամբ «ողորմյա աստված» ասելով՝ գնաց նստեց քուրսու մոտ:

Խրճիթը, ուր հավաքվել էր նույն ժամանակ տեր-Առաքելենց փոքրիկ գերդաստանը – խորին մելամաղձական լռության մեջ էր: Տիկին Սկուհին , քուրսուց հեռու, մի անկյունում առանձնացած, օրորում էր յուր փոքրիկ Պողոսը: Նա չէր համարձակվում գնալ թոնրի մոտ, ուր այն ժամանակ նստած էր յուր սկեսուրը: Նազլու աղախինը՝ ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ: Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած՝ կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելով – երբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն: Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուռսու տակ, որ դրված է թոնրի վրա: Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ լուռ և անխոս:

Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը: Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը: Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.

– Տո՜, փուչացած, այս տան սուրբը-սրբությունքը դու իսպառ խափանեցիր, քեզնով մեր քրիստոնեությունը կորա՜վ: Չէ՞որ այսօր կյուրակեմուտ իրիկուն է, քանիցս պատվիրել եմ այսպիսի գիշերներին խնկածխությունը անպակաս լինի այս տան մեջ, և սուրբ պատուհանի առջև, բացի ամենօրյա կանթեղից նա՜և վառվեն յոթն մեղրամոմի պատրույգներ: Դրանցով մեր տան բարի ոգիները կուրախանան, իսկ չարերը կտրտմեն: Խաչապաշտի տուն է, այդպես պետք է կատարել տիրոջ օրենքները: Է՛լ ի՞նչ խորհուրդ ունի հայ-քրիստոնեությունը, ի՞նչ է այն բարի հրեշտակների վարձը, որ միշտ պահպանում են մեզ, – այն մի բուռն սուրբ խունկը, որի անուշահոտությամբ զվարճանում են նրանք: Ինչո՞ւ Չարին ուրախացնենք, որ Բարին տրտմե և մեր ձախ թևի վրա սատանան նստած գրե մեր մեղքերը յուր դավթարի (տետրակ) մեջ: Է՛հ, «սևին սապոն ինչ անե, խևին խրատը»: Այդ առաջին անգամը չէ… ես մինչև այսօր քեզանից մի խելացի բան չեմ տեսել:

Խղճալի Սկուհին, թեպետ մի հասունացած կին էր և երկու երեք զավակների մայր, միտ դնելով լռություն պահելու և ծերերի խոսքը պատվելու կանոններին, ո՜չ միայն օրինավոր կերպով յուր իրավունքը կարող չէր պաշտպանել նրա առջև, այլև թույլատրելի չէր նրան յուր կեսրոջ մոտ համարձակ խոսել: Այսքանը միայն կարողացավ ամոթխածությամբ յուր երեսքողի տակից Նազլուի լեզվով ասել նրան.

– «Թող ներե բարի սկեսուրը, հավատացնում եմ բոլոր սրբերի անունով, որ այդ գործի մեջ մի մազաչափ մեղք չունիմ: Որովհետև մեր տան խունկը վերջացել էր, ուղարկեցի պառավ Մարթայից փոխ առնելու, նրանք էլ հազիվ թե այս գիշերվա համար ունեին, և մոռացա շուկայից բերել տալու»:

– Հոգեշահ և աստվածահաճո գործերը կմոռանաս, գիտե՜մ, – կրկնեց պառավը գլուխը շարժելով, – բայց ուտելու համար չամիչ, կամ խուրմա լիներ, երբեք չէիր մոռանա շուկայից բերել տալու:

Տիկին Սկուհին չկամենալով սկեսուրի աչքի առջև կանգնելով ավելի բորբոքել նրա բարկությունը և առիթ տալ նոր դժգոհությանց, դուրս եկավ խրճիթից, գնաց հոգալու անբախտ ընտանիքների ընթրիքի մասին, որի համար պատվիրել էր իրան Ռուստամը:

Մահտեսի Ավետիսը, գիտնալով յուր մոր տրտնջոտ և քրրթմնջոտ բնավորությունը, ոչինչ չխոսեց, գլուխը քարշ ձգած տնից դուրս եկավ, գնաց անասունների փարախը չորքոտանիներին վերահասություն անելու համար:

Հուրի Խանի-Դայան միայնակ մնաց խրճիթում, նստած քուռսու մոտ: Այնտեղ մնաց Նազլու աղախինը, որ լուռ կանգնած էր մի անկյունում մռայլ աղջամուղջի մեջ: Հուրի Խան-Դայային խիստ զգալի եղավ յուր որդու և հարսի այդպիսի վարվեցողությունը: Նա, առժամանակյա լռությունից և ծանր մտածմունքից հետո, գլուխը խոնարհեցնելով, ձեռքը ծնոտին դրած, սկսեց ինքն իրան խոսել, մտաբերելով յուր հանգուցյալ ամուսինը` քահանա տեր Մինասը, և յուր օրհնյալ տունը, որ նրա օրով մի նոր Երուսաղեմ էր: «Քո հոգին թող միշտ լուսի մեջ լինի, բարի քահանա…», ասաց նա ինքն իրան. «քանի դու կենդանի էիր, այս տունը ուներ հայ-քրիստոնեության համ ու հոտ, բայց երբ որ տերը մեզ զրկեց քեզանից և դու մեզնից հեռացար դեպ երկնքի լուսեղեն պալատները, բոլորը քեզ հետ տարար: Եվ մեր աստղը խավարեցավ, և մեր բախտը կուրացավ, մեր տան սրբությունները պղծվեցան, անօրենությունը համարձակ ոտք կոխեց մեր շեմքի վրա: Ըստ այսմ ամենայնի աստծո ողորմությունը անչափ է… լավ է, որ քարը քարի վրա մնում է դեռ, որ երկինքն փուլ գալով մեզ տակով չէ անում, և անդունդը պատռվելով մեզ կուլ չի տալիս: Փա՛ռք քեզ, տեր, փառք քեզ, քո բարությունը անչափ է… Ա՛խ, լուսահոգի քահանա… – նորից կենդանանում է նրա ուղեղի մեջ հանգուցյալի հիշատակը, – դու միայն էիր իբրև տան պահապան ոգի. ո՞ր գիշերը առանց «եկեսցե» ասելու, առանց Սաղմոսը և Նարեկը ծայրե ի ծայր կարդալու, առանց յոթանասուն ծունր իջնելու, քունը տիրում էր քո աչքերին: Քո սուրբ աղոթքների շնորհիվ, մեր խրճիթի չորս կողմը կանգնում էին ամրոցի նման բարձր աշտարակներ և շրջապարիսպ. քանի՛ցս անգամ գիշերին այդ տեսնելով գողերը չէին համարձակվում մեր տունը մտնելու: Քո ժամանակ մեր տան սրբությունները խավարի մեջ լույս կտային և պահպանող ոգիները խունկերի անուշահոտ բուրմունքից ուրախանում էին: Բայց երբ դու մեռար, բոլորը քեզ հետ վերջացավ, և մենք մնացինք անմխիթար տխրությամբ` իբրև գերի մի մոլորյալ գերդաստանի մեջ:

Մինչ Հուրի Խան-Դայան այդօրինակ խորհրդածությանց մեջ էր, նրա մտածմանց ամբոխմունքը ցրվեց փոքրիկ Պողոսի լացի ձայնը, նա հրամայեց Նազլուին, որ յուր մոտ դնե յուր թոռան օրորոցը և յուր թույլ ձեռքով սկսեց օրորել նրան: Յուր ամուսնի հիշատակը, յուր տան վաղեմի օրերի անմեղ, կրոնական կյանքն, որ նույն րոպեում վառել էին նրա երևակայությունը, առիթ եղան բորբոքելու նրա սառը սրտի մեջ բանաստեղծական շիջած կայծերը և նա ջերմ ոգևորությամբ սկսեց երգել, հանդարտ շարժելով յուր թոռան օրորոցը…

		Քնե՜, քնե՜, սիրուն թոռնյակ,
		Քնե՜, անուշ դու քնով.
		Օրորոցդ հանդարտ կշարժեմ
		Ես մայրական ջերմ սիրով:

		Քնե՜, քնե՜, անմեղ հրեշտակ,
		Քնե՜, անուշ դու քնով.
		Քեզ օ՛ր կասեմ, քաղցր օ՛ր,օ՛ր…
		Քեզ օ՛ր կերգեմ մեղմ ձայնով:

		Աչքդ փակիր, իմ աղավնյա՜կ.
		Ա՜յդ աչքերդ վառվռուն.
		Քաղցր քունը վերադ սփռե՝
		Յուր թևիկները նախշուն:

		Աչքդ փակի՜ր, իմ սիրեկան.
		Քնե՜, որ շուտ մեծանաս.
		Քո վատաբախտ ծնողաց համար
		Խելոք տղա դու դառնաս:

		Երբ մեծացար, իմ նազելի,
		Մանուկ եղար դու քնքուշ,
		Տերտերի մոտ կուղարկեմ քեզ
		Սերտել տաղեր, երգ անուշ:

		Քեզ կսորվեցնե տեր հայրիկը՝
		Սաղմոս, ժամագիրք, Նարեկ,
		Փառաբանել աստծո անուն՝
		Ամբողջ գիշեր ու ցերեկ:

		Երբ որ ծաղկին սև մորուքով`
		Այդ լուսափայլ լիքը թշեր,
		Անապատը կուղարկեմ քեզ,
		Ճգնել անդ օր ու գիշեր:

		Քնե՜, քնե՜, սիրուն որդյակ,
		Քո մոր սրտին մխիթար.
		Քնե՜ և շուտ մեծացիր դու,
		Ինձ քո ձեռքով հողը տար:

		Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
		Աղոթք կարդա ինձ վըրա,
		Տերը շուտ կլսե քեզ,
		Տատիդ հոգվո ճարն արա՜:

		Իմ հոգվույս դու նվիրե
		Քո աոաջին պատարագ,
		Որպես Բիբին20 արյուն ծովեն,
		Ինձ մեղքից փրկե, որդյակ:




Ը

ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ


Մի օր մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուչ հասակով և եվրոպական հագուստով: Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է Նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ:

Յուր ուսումն ավարտելով՝ պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոներական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության՝ ուղարկվում է Հնդկաստան: Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա: Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո դադար է գտնում Պարսկաստան:

Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին»: Ընդունվելով տեր-Առաքելենց տանը՝ պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին ձրիաբար ծառայել նրա զավակների ուսման և կրթության: Մահտեսի Ավետիսը սիրով հոժարվեցավ այդ առաջարկության: Եվ շուտով պարոն Աշխարունին աշակերտներ ունեցավ հանձին պատանի Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի: Բայց տարվա ընթացքում նա ունեցավ և այլ աշակերտներ և աշակերտուհիներ, որոնց ծնողները աղքատ մարդիկ լինելով և օգուտ քաղելով ձրի դասավանդությունից, իրանց երեխաները դուրս բերելով տերտերների և տիրացուների տնից` հանձնում էին պարոն Աշխարունուն:

Պարոն Աշխարունին տեսնելով յուր գործի հաջողակ ընդունելությունը և այն, որ օրեցօր բավական ավելանում էր նրա աշակերտների թիվը, մտածեց ավելի կազմակերպել յուր վարժարանը: Տեր-Առաքելենց վրա ծանրաբեռնություն չլինելու համար նա վարձեց մի այլ տուն, ուր հաստատեց երկու սեռի մանկանց համար երկու առանձին դպրատներ:

Բայց նրա գործին ավելի շատ ուժ և զորություն տվող մեկենասը մահտեսի Ավետիսն էր: Իսկ երբ պարոն Աշխարունու հեռավոր բարեկամները հասկացան նրա հաջողակ գործունեությունը Պարսկաստանում, խոստացան նյութապես օգնել նրան, որով ժրաջան վարժապետը միտք ուներ առավել բարեկարգել յուր վարժարաններին դրությունը: Բայց հանկարծ մի փոթորիկ բարձրացավ խառնիճաղանջ տգետների կողմից և «նրա սերմերը փուշերի մեջ բուսան, և փուշերը խեղդեցին նրանց»:

Խավարասեր տերտերները, որկրամոլ տիրացուները՝ զրկվելով արաղի (օղի) և գինու սրվակներից, քուֆտայի և տոլմայի ամաններից, և այն բոլոր պատիվներից, որ նրանք ստանում էին իրանց աշակերտների ծնողներից, որպես երկրորդական վարձք, սկսեցին չարաչար նախանձիլ, և հրեական աղմուկներ բարձրացնելով ասել, թե «դա մոլորություն է ուսուցանում»: Օգնական գտնելով իրանց վիճակային առաջնորդ տեր Սուրմակյան արքեպիսկոպոսին և Ծաղկավանի աղա Մելիք Պիղատոս Ավազակյանցին և մի քանի վասակներին և մեհրուժաններին, իրանց բոլոր կատաղությամբ մոլեգնած ամբոխը, մի բան կաշառք տալով խանին, փակեցին պարոն Աշխարունու վարժարանի դռները` արգիլելով ժողովրդին իրանց որդիքը նրա մոտ ուսանելու ուղարկելուց:

Պարոն Աշխարունին մնաց դարձյալ առանց աշակերտի, տրտում և հուսահատ, յուր պարապմունքը նվիրելով միայն տեր-Առաքելենց Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի կրթության և մի քանի այլ աշակերտների, որոնք գաղտնապես ուղարկվում էին նրա մոտ:

Պետք է չմոռանալ մահտեսի Ավետիսի ազգասիրական զոհաբերությունները, որ չնայելով թե այն տարին նրա այգին շատ վնաս էր բերել, նա միշտ պաշտպան կանգնեց գիտնական վարժապետին, ամենևին չթուլացնելով յուր մեջ ուսումնասիրության եռանդն ու փափագը:

Բայց օրիորդ Սալլաթինը աննկատելի կերպով աճում և հասունանում էր, նրա մտավոր և բարոյական կրթության հետ` օրեցօր նրա գեղեցկության վարդերը ծաղկում, փթթում և անուշահոտվում էին: Բայց պարոն Աշխարունին չգիտեր և նրա գլխով չէր անցել այն միտքը, որ մահտեսի Ավետիսը և նրա կին տիկին Սկուհին վաղուց իրանց մտքում դրել էին, որ պարոն Արամին իրանց փեսա դարձնեն: Երբ հայտնեցին նրան այդ մասին, նա համարեց մեծ սրբապղծություն՝ ամուսնանալ յուր աշակերտուհու հետ, որի վրա մինչև այն օր նայել էր եղբոր աչքով, որպես յուր հարազատ քրոջը:

Երկար ստիպմունքներից, երկար թախանձանքներից հետո, պարոն Աշխարունին, յուր նպատակները իրագործելու հեռատեսությամբ թե վատ չէր լինի այդ երկրի մեջ հաստատվել, վերջապես, անհնարին տհաճությամբ՝ ընդունեց օրիորդ Սալլաթինի ձեռքը:

Տիկին Սալլաթինը, ուսած լինելով ոչ միայն հայերեն լեզուն, այլև բավական անգղիերեն և ֆրանսերեն և մասնավորապես ուսումնասիրած լինելով մի քանի արհեստներ և առավելապես կրթված լինելով Աստվածաշնչի գիտությամբ, կարճ ժամանակվա մեջ հավաքեց մի քանի աղջիկներ յուր բարեկամներից և նրանց կրթության հոգսը յուր վրա առավ:

Այդ մի քանի աշակերտուհիները, որ տիկին Աշխարունին պահում էր յուր մոտ կար ու ձև սովորեցնելու անվամբ, խավարասերների կողմից հարուցին ոչ սակավ հալածանք դեպ նրանց ծնողները. շատ կարելի էր մյուս անգամ ցրվեին տիկին Սալլաթինի աշակերտուհիների փոքրիկ ժողովը, եթե նրանց չօգներ պարոն Խոսրով Մելիքզադեն, մի հարուստ տղամարդ յուր խելքով, ուսմամբ և արծաթով:

Յուր նոր մեկենասի՝ պարոն Մելիքզադեի շնորհիվ, տիկին Աշխարունին բավական հաստատելով յուր վարժարանի դրությունը, յուր ուշադրությունը դարձրեց դեպ օրիորդ Սալբին` յուր քրոջ` տիկին Սկուհու որդի Ռուստամի նշանածը, մտածելով, թե մեծ անհարմարություն էր մի շատ ու քիչ ուսյալ տղամարդին ունենալ մի անկիրթ կին: Այդ պատճառով նա շատ աշխատություն թափեց, մինչև կարողացավ նրա մոլեռանդ մորը՝ տիկին Թարլանին համոզել, որ նա յուր աղջիկը դո՜ւրս բերեր հնամոլ և սնահավատ Մարթայի տնից և իրան հանձներ ճշմարիտ ուսում ստանալու:

Տիկին Թարլանը, ոչ միայն աղջիկներին կրթություն և ուսում տալը համարում էր մի ավելորդ բան, այլ ավելի վնասակար, որովհետև, նրա կարծիքով, աղջիկները կարդալ ուսանելով մի ավել բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից, նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն:

Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն:

Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց, դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին: Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ միայն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն: Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեզծությունը և հին ու նոր ազգերի պատմությունը, մանավանդ հունաց և հռոմայեցվոց: Նա խիստ ատում էր մաթեմատիկան, և թվաբանությունից` առաջին չորս գործողություններից ավելի բան չգիտեր: Նա ավելի ախորժանոք կարդում էր դյուցազնական բանաստեղծությունը.Հոմերոսի աշխատությունները նրա ամենասիրելի գրքերն էին: Ինքը նույնպես վատ չէր գրում և ոտանավորներ ու երգեր շարադրելու տաղանդ ուներ:

Ճշմարիտ կրոնագիտությունը, որ նա սովորեց Ավետարանի լուսով, չենք կարող ասել, թե բոլորովին մեղմեց և թուլացրեց նրա մեջ ընդաբույս վայրենի բնավորությունը, այլ նրա փոխարեն ներշնչեց նրա մեջ քաջազնական կոչված առաքինոլթյունը: Նա չէր մեղադրում Մովսեսին՝ յուր ազգակիցը չարչարող եգիպտացին սպանելու համար, գովում էր մանուկ Դավթի քաջագործությունը, Գողիաթին սատակելու համար: Նա երբեմն հակառակում էր փրկչի այն խոսքերին, թե մի երեսին զարկելու ժամանակ՝ մյուսը պետք է դեմ տալ. առավել հավանություն էր տալիս մովսիսական փոխարինությանը. «ակն ընդ ական» – «ատամն ընդ ատաման»:

– Ինչո՞ւ, – հարցնում էին նրանից:

– Որովհետև, – պատասխանում էր նա, – քանի մարդիկ պատրաստված չեն Ավետարանի սրբազան գաղափարները ընդունելու, քանի նրանց խղճմտանքը մեռած է, քանի նրանց սրտի մեջ չարություն կա, անկարելի է այդ կերպով վարվել նրանց հետ, որովհետև, երբ նա զարկում է իմ ձախ երեսին, և ես դարձնում եմ և աջ երեսս, նա՝ իմ հնազանդությունը խոնարհության տեղ դնելով՝ չէր դադարելու չարությունից, այլ կասեր. «դե՜, գլուխդ էլ…»: Բայց մենք մարդիկ ենք, աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով:

Նրան ասում են թե Քրիստոս հրամայել է, ով որ շապիկդ ուզե, ապադ (վերարկու) էլ տուր:

– Տո՜, անխելք տնաքանդ, – ասում է նա, – դու կարծո՞ւմ ես, թե վերարկուս տալով գո՞հ էր լինելու նա, ոչ, ամենևին ոչ. դուք չգիտեք թե մարդիկ ո՜րքան անհագ և չկշտացող էակներ են…: Եթե վերարկուս տամ, կասե՝ «փոխանդ էլ տուր»: Այդ ևս տվի…: Դու կարծում ես ձե՞ռք կվեր առնի, մինչև բոլորովին չմերկացնե և կաշիս էլ չառնե: Բայց «ինչո՞ւ ես փրթեմ, ուրիշը քերթե». – «Ջաֆեն ես քաշեմ, ձվաձեղը Գասպարն ուտե»: Այս աշխարհում ամեն ինչ պարտք է, ո՜չ ոք չէ ցանում յուր սերմը՝ ուր հույս չունի հնձելու. ոչ ոք չէ տալիս, երբ հույս չունի առնելու. միով բանիվ, այս աշխարհում ո՜չինչ բան ձրի չէ, ո՜չ միայն մարդկանց ընկերակցության մեջ, այլև աստծո մեջ: «Շնորհ և զորություն չունեցող սրբին մատաղ չեն կտրում»: Ես երբեք աստծուն երկրպագություն չէի տալու, երբ գիտենայի, թե նա արքայություն և դժոխք չունի, կամ իմ ապրուստի խնամքը նրա ձեռքում չէ…:

Այդ խոսքերը ոչ թե բխում էին նրա սրտի ներքին զգացմունքներից, այլ նայելով մարդկանց չարությանը՝ ամենքը կամենում են իրանցից տկարները միանգամայն գերի, ստրուկ և ավանակ շինեն՝ իրանց հանգստության և վայելչության համար. – այդ պատճառով մեր ոգելից հերոսը տեսնելով մարդկանց մեջ եղած եսական անիրավությունը, տխուր հուսահատությամբ կրկնում էր, թե քրիստոնեությունը տակավին աշխարհի վրա չէ եկել. մարդիկ ապրում են բարբարոսության մեջ:

Ռուստամը կրոնքի և աստծո պաշտոնի մասին յուր հասկացողությունների մեջ նույնպես նախանձոտ և հանդուգն եղավ, որպես յուր նախկին վայրենության մեջ: Նա նայում էր յուր դրացիների սնապաշտության և մոլեռանդության վրա ինկվիզիտորի աչքով, նախատական կերպով արհամարհում էր նրանց սնահավատությունը, վիճելով ո՜չ միայն հասարակ ժողովրդականների՝ այլև եկեղեցականների հետ: Ռուստամի մի այդպիսի համարձակությունը վշտացնելով շատերի սիրտը՝ հարույց նրա դեմ հասարակաց ատելությունը, և այսպիսով նա ունեցավ բազմաթիվ թշնամիներ:

Մահտեսի Ավետիսը նույնպես չմնաց յուր նախկին գռեհկության մեջ: Պարոն Աշխարունին բազում ստիպմամբ համոզեց նրան՝ ուսանել յուր մայրենի լեզվի գրագիտությունը և նա մի կարճ ժամանակում ոչ միայն ազատ կարդում էր Աստվածաշունչը, այլև բացատրում էր նրա բազմախորհուրդ մեկնությունները: Բայց տիկին Սկուհին մնաց յուր նախկին հասկացողության մեջ, նա տակավին հետևում էր փտած հնությանը, և միշտ ենթակա լինելով յուր մոլեռանդ սկեսուրի ազդեցությանը, նրա երկյուղից, նրա նախատինքների տակ խեղճ կինը ոչինչ չկարողացավ սովորել և ըստ հայկական առածի «Աղբյուրի մոտ ծարավ մնաց»:

Հուրի Խան-Դայան տեր-Առաքելենց գերդաստանի մեջ մի սև անձն էր, որ չէր կարողանում տանել պարոն Աշխարունիի և նրա ամուսնու ներկայությունը, նրանց, ըստ նրա ասության, մոլար վարդապետությունը, որ ավանդում էին իրենց «Ջհուդի Քնիշտայի» մեջ, այդ պատճառով նա անհնարին տհաճությամբ հալածում էր նրանց: Նա չէր կարողանում սառն աչքով նայել օրիորդ Սալբիի վրա, երբ նա շատ անգամ արձակ համարձակ անցնում էր նրա առջևից առանց ամաչելու, առանց պատիվ դնելու նրա ծերության: Նա չէր կարողանում համբերել յուր թոռան, որպես կոչում էր «լրբություններին», երբ նա յուր աչքի առջև խոսում էր յուր նշանածի հետ, առանց յուր պառավ տատիցը պատկառելու: Հուրի Խան-Դայան մահու չափ վշտացել էր, տեսնելով յուր տան մեջ յուր պապերի հին սովորությունները խախտված և ոտնակոխ եղած, երբ նրա ընտանիքը այլևս ուշադիր չէր պաս ու ծոմ պահելու, երբ նրանք այլևս հարգանք չէին մատուցանում սրբերին և նրանց պատկերներին. այդ պատճառով նա ավելի հոժար էր մեռնել, քան կենդանի աչքով տեսնել յուր տան մեջ այդպիսի սրբապղծություն:

Մի գիշեր, երբ տեր-Առաքելենք բոլորը հավաքվել էին միասին, և Հուրի Խան-Դայայի դեմքը մի գոհունակ հանդարտություն էր ցույց տալիս, մահտեսի Ավետիսը ժամանակը հարմար գտնելով, ուզեց հասկանալ նրա կարծիքը յուր որդու հարսանիքի մասին:

– Մայր իմ, – ասաց նա, – ահա Ջրօրհնյաց (ծննդյան) զատիկն անցավ, սուրբ Սարգիսն էլ նրա հետ. մի քանի օրից հետո կգա բարեկենդանը. և նրա հետևից կգա երկար ու ձիգ մեծ պասը: Այն ժամանակ՝ մեր հայրապետադիր կանոնների համեմատ, այլևս պսակ չէ լինում: Էլ ե՞րբ պետք է կատարենք Ռուստամի հարսանիքը:

– Հարսանի՛ք… – կրկնեց խորհրդական ձայնով պառավը, գլուխը շարժելով. այդ բառը պատկերացնում է իմ գլխի մեջ անցած գնացած ժամանակների քնքուշ հիշատակները… և համեմատելով այդ՝ այս նոր և չար ժամանակի հետ, ես ակամա ստիպված եմ իմ թոռան հարսանիքի մասին բոլորովին լուռ մնալ…: Որդի, ես «իմ ձեռքերը լվացել եմ» այդ գործից և բոլորը հանձնում եմ ձեր կամքին:

Մահտեսի Ավետիսը գիտեր յուր պառավ մոր հնամոլությունը. նրան հայտնի էր, թե նա ինչպիսի աչքով էր նայում յուր տան մեջ կատարված մասնավոր վերանորոգությունների վրա. համենայն դեպս նա պատվելով նրա ծերությունը ո՜չ միայն նրա կամքի դեմ չէր գործում, այլև միշտ պատվիրում էր յուր զավակներին, հնազանդ լինել յուր մորը և շահել նրա սիրտը: Նա ավելի փաղաքշաբար առաջ տարավ.

– Իմ լուսահոգի հորս մահից հետո ես միշտ հետևել եմ ձեր կամքին, այս մեծակշիռ ընտանեկան հարցի մեջ ևս պետք է որոնել ձեր հաճությունը և ձեր ընտրողությունը:

– Ես չեմ կամենում խոսել մի հարցի մասին, որի մեջ մինչև այսօր չէ՜ եղել իմ կամքը, – սառնությամբ պատասխանեց պառավը:

– Բա՜յց, մտածեցե՜ք, որ Ռուստամի և Սալբիի նշանադրության խորհուրդը որևիցե մարդկային կամքով չէ եղել, – նրա խոսքը կտրեց Մահտեսին, – այլ, որպես ձեզ հայտնի է՝ մի հրաշալի տեսիլքով: Սուրբ Կարապետի վանքում և մի սուրբ ուխտադրության դաշնով, որ կնքվել է նույն սրբի գերեզմանի վրա:

– Այդ իրա՜վ է… միայն Ռուստամը և Սալբին պղծեցին սուրբ ուխտը:

– Ինչո՞ւ:

– Նրա համար, որ նրանք դուրս եկան այն ճանապարհից, որով գնացել էին նրանց արժանահիշատակ հարքը. նրա համար, որ նրանք իրենց անպարկեշտ և անվայել բարք ու վարքով, իրենց համարձակ և անամոթ վարվեցողությամբ` ավերեցին, փչացրին այն մաքուր, վսեմ և պատկառելի օրենքը, որ կար մանուկ տղամարդերի և նորահաս աղջիկների մեջ:

Մահտեսի Ավետիսը լուռ լսում էր, յուր մտքի մեջ ծիծաղելով յուր մոր հնոտի նեղսրտության վրա, որի համար սրբազան մի բան, էր յուր պապերի անասնական կյանքը:

– Ես անցրել եմ ավելի շատ օրեր, քան թե դուք, – առաջ տարավ պառավը. – և ես տեսնում եմ արևի լույսը ավելի հին տարիներից… մեր պապերի բարք ու վարքը այսպես չէ՜ր. մեր օրերում կույս աղջիկները և ազապ տղամարդիկը չգիտեին թե ինչ է սերը. երբ նրանք լսում էին հարսանիքի, պսակվելու անունը, ամոթխածությամբ կարմրում էին և նրանց աչքերը լցվում էին արտասուքով: Բայց ա՜յժմ… – վա՛յ մեր մեղավոր հոգիներին – աղջիկը, զուգած-զարդարած յուր մարմինը հազար ու մի պչրանքներով, հալվում, մաշվում է հաճոյամոլությամբ զինքը սիրել տալու համար: Իսկ տղամարդը այրվում և վառվում է յուր սիրուհու կրակով…: Ի՞նչ ասել է այդ – չէ՞ որ դա ազգային կյանքի մեջ մի ժանտախտ է, որ ապականում, փտեցնում է առաքինությունը, որ մահացնում է պարկեշտությունը և ողջախոհությունը…:

– Մայր իմ, – խոսեց մահտեսի Ավետիսը, – ինչո՞ւ եք դուք այդպես ծուռն աչքով նայում ձեր թոռան և նրա հարսնացուի միմյանց հետ համարձակ վարվողության վրա. չէ՞ որ աստված ինքը դրեց այդ սուրբ սերը նրանց սրտերի մեջ` երբ դեռ նրանք իրանց մայրերի արգանդումն էին: Մի՜թե մեղավոր պիտի համարվին նրանք, որ հակառակ մի կեղտոտ և տարապայման ասիական սովորության՝ համարձակվում են հայտնի կացուցանել իրանց սիրահարությունը:

– Ի՞նչ ասել է սիրահարություն, այդ ի՞նչ օտարոտի բառ է, – կոչեց պառավը բարկացած, – ի՞նչ է նշանակում մի սեր այր և կին մարդերի մեջ, որ չեն կապված որևիցե աստուծո օրենքով, եթե ո՜չ – լկտի ցանկություն, լրբություն և հեշտախոսություն:

– Ուրեմն ձեր կարծիքով աշխարհում չկա՞ և չպիտի՞ լինի սուրբ սեր, – հարցրուց մահտեսի Ավետիսը:

– Երբ մի բարի բանի գործադրությունը` մյուս շատ չար բաների առիթ է տալիս, լավ է խափանե՜լ այդ բարին. մի կաթիլ քաղցր ջուրը չէ կարող փոխել մի դառն ծովի տտիպ համը: Երբ իմդուռը բաց թողնելով` շատ բարի մարդերի հետ ներս են մտնումշատ չարեր, գողեր և ավազակներ` լավ է – փակվի այդ ճանապարհը: Ահա՜, որդի՜, դրանք անհերքելի ճշմարտություններ են: Եվ այսպես, մի սուրբ սեր, որպես դուք անվանում եք, երբ թույլատրվի,ճանապարհ կբանա անթիվ խարդախ և պիղծ սերերի… և այդնկատումով իսկ՝ խելացի Ասիան ամենայն զգուշությամբ արգելում է մարդկանց հաղորդակցությունը կանանց հետ, և այդպիսով պահպանում է մարդկության սրբությունը և մաքրությունը:

Մահտեսի Ավետիսը ոչինչ չպատասխանեց, այլ գլուխը քարշ գցած լուռ դուրս գնաց: Բայց Ռուստամը, որ մինչև այն րոպեն դռան ետևից ականջ էր դնում՝ ներս մտավ և ասաց.

– Մայրի՜կ, դուք սխալ նախապաշարման մեջ եք, պետք է հետևել լուսավոր ժամանակի պայմաններին և պահանջներին, պետք է…

– Լո՜ւռ կաց, մի խոսիր, լակո՜տ, – գոռաց պառավը, – այդ խոսքերը ժանտա՜խտ են, մահացո՜ւ են, դրանք թունավորում են իմ օրհնյալ գերդաստանի անմեղ պարզամտությունը: Իսկ քո հոգին ապականված է այդ ազգակործան գաղափարներով` ընկերանալով Արամի և Մելիքզադեի նման վտանգավոր մարդոց հետ. քո թոքերի մեջ նրա՜նց շունչն է փչում, դու հեռո՜ւ ես հայոց օրենքներից, քո մեջ մոլություն կա, դու միա՜կ պատիժն ու պատուհասն ես, որ նյութում ես իմ տան կործանումը…:




Թ

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ


Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով յուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալահվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս: Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով` սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել` չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:

Երեխան ճչում էր, ցավից լաց էր լինում: Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբիին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.

– Մա՜յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՜յդ կոշտ մազով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:

– Երբ հերթը ձեզ հասնի, – պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ, – դուք ա՜յդպես արեք… բայց ես քանի կենդանի եմ, ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը:

Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:

Մի քանի րոպեից հետո տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել:

– Աստված ավելի վատթարիցը ազատե, – ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով. – ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ:

– Հա՜, իմ քո՛ւր, հա՜, ճշմարիտ է ձեր ասածը, – հաստատեց տիկին Թարլանը, – բայց մեղավորը ե՜ս եմ… ե՜ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի – տալով նրան ա՜յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին:

– Իրա՜վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՜րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՞յժմ, ո՛ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու… ո՜ չ մեծ է ճանաչում, և ո՜չ փոքրը, բոլորին անպատվում է:

– Միթե մեր պապերը անխե՞լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՜ , իմացե՜լ են, թե կարդա՜լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին:

– Է՛հ, պապերին ո՞վ է նայում, – առարկեց Մարթան. – այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»:

Այսպես, օրիորդ Սալբիի ո՜չ միայն կծու և համարձակ խոսքերը, ա՜յլև նրա խորթ և օտարոտի վարմունքը միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժգոհությանը` գրգռելով նրա անտանելի տհաճությունը: Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանրում էր յուր ծամերը, մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանրը: Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց: Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին:

Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ՝ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները: Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին – հանկարծ` մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս – «է՛հ, գլուխներս տրաքեց… դարձյալ առասպել…»:

Ծերունին յուր բարկացկոտ հայացքը ձգելով նրա երեսին, ասում է.

– Աղջի՜, քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե՜ անտարակույս նեռի մայրը դո՜ւ ես լինելու… քեզնի՜ց պիտի ծնվի աշխարհ ապականողը…:

– Ինչո՞ւ, – հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:

– Որովհետև դու չե՜ս հավատում սուրբ պատմություններին:

– Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՜ն գրված:

– Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ: «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով:

– Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն, – կրկնում է օրիորդը հաստատ կերպով:

– Լո՜ւռ կաց, ա՜նհավատ, – մյուս կողմից սաստում է նրան մայրը, – քո չար լեզվին թույլ չէ՜ տրված քեզնից հասակավոր մարդերի հետ:

Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին: Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով – «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ. բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթռչի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում: Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին՝ շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, – մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել, «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում էր նրանով զարկել խեղճի գլխին: Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը: Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՜ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին:

Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում: Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ` թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի քանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին: Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ դնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը: Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում:

Տիկին Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին, ասելով՝ թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը21 (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին:

Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով: Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված: Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա` բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանր և այլ կանացի պաճուճանքների գործիքներ: Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով: Նրա մատենադարանը ևս աղքատ չեր – մի քանի գրքեր, հայրենի և այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով՝ դրած էին մի անգույն փայտից շինած ապակեկազմ պահարանի մեջ: Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ: Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՜չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ՝ որովհետև նրա միջի կահ-կարասիքը միանգամայն ատելի էին նրան: Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին:

– Ինչո՞ւ, – հարցնում էր նրան աղջիկը:

– Որովհետև, – պատասխանում էր մայըը, – մեչ դրացիներերտը աղքա՜տ թե հարո՜ւստ, բոլորը միօրինակ` բնակվում են մրոտ ու գծուծ խրճիտների մեջ, իրանց` աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը` նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանղց տները: Բայց մի այսպիսի շռայլություն` գողերի ևավազակների վտանգներից մեր տունը հեռու չե՜ պահելու:

Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չեր կրում. «կամ ապրել լա՜վ և մարդկորեն` կամ ամենեվին ո՜չ…», կրկնում էր նա Ռուստամի սովորական ասածը:

Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության:

Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրորդ Սալբին և աղախին Նազլուն: Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ նտավ նորակառույց սենյակը

– Բարով, շնորհավոր լինի, – ասաց պատանին ուրախությամբ, քնքշությամբ սեղմելով օրիորդի ձեռքը: – Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՜տ եմ հավանում:

– Ի՞նչ արած… մաշվեցանք խլուրդների նմանխրճիթի ծակամուտներում` ծուխ ու մուխ կուլ տալով. գոյնա՜ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել:

– Իսկ ձեր մայ՞րը:

– Իմ մայրը իր հին զուռնան է փչում… նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական ծրճիթից:

– Է՜հ… ահա՜ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք…:

– Հա՜, Ռուստամ – քնքշապար ավելացրուց սիրուն օրիորդը, – դա՜ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը:

Պատանին հեգնականապես ժպտաց:

– Լա՜վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ, – խոսեց Ռուստամը:

– Ո՜չ մի…: Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ-կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՜ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՜ յն՝ որ վսեմ և ազնիվ է:

– Հա՜, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա… նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ…:

Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին չնշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.

– Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկե, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ: Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել:

– Չէ՜, Սալբի, նա ձեզ չէ՜ խաբում, – պատասխանեց պատանին խորին զգացողությամբ: – Այդ ճշմարիտ է… գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա. նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով. երբ մինը ունի և չէ՜ կարողանում վայելել, ա՜յդ աղքատությունից ավելի ցավալի է…:

– Ինչո՞ւ, միթե, աստված անիծե՞լ է մեր ազգը, – հարցրուց օրիորդը տխրելով:

– Չէ՜, աստված չէ՜ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը:

– Մի՜թե կարելի՞ էր այդ:

– Ինչո՞ւ չէ: Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնել և բնակվել նրա վրա – ազգովին:

– Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ, – նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ. – բայց, Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա. մեր հայրենիքի սուրբ հո՜ղը, սուրբ ջո՜ւրը և սուրբ օ՜դը միայն կարող են զորացնել հայոց որդիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում:




Конец ознакомительного фрагмента.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/-9850182/salbi/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


